ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հեգնել ու ծաղրել ընդդիմադիր ուժերին, երբ երեկ Ազատության հրապարակում ներկայացնում էր ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը:
Հիշեցնենք, ըստ Լեւոն Տեր- Պետրոսյանի, այդ պլանը Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է: Կարծում եմ, հասկացողը հասկացավ, չհասկացողներին կողքինները կբացատրեն»:
«Հիմա հնարավորություն է ընձեռվել օգտվել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հնարավորությունից, եւ եթե ժողովրդին ասելիք կա, այդ հնարավորությունը կարող են բաց չթողնել: Լրատվամիջոցներով խոսելն էլ է իրենց իրավունքը, բայց կարծում եմ՝ հրապարակում մարդկանց հետ շփվելը, հրապարակային բողոքի ակցիաները ավելի կբացի իրենց վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, ցույց կտա իրենց անելիքները»,- Aravot.am-ին ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ու ՀԱԿ տարբեր անդամներ բազմիցս տարբեր հարցազրույցների ժամանակ պնդում էին, որ իրենց քննադատության թիրախը միայն իշխանությունն է ու ընդդիմությանը քննադատող ընդդիմությունը «իշխանահաճո» ընդդիմություն է, հիմա խոսքի ու գործի հակասություն չկա՞, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Որտե՞ղ եք տեսել, որ թիրախավորում ենք ընդդիմությանը: Քննադատություն չի եղել, ոչ մի քննադատություն, ո՞վ է ասել քննադատական խոսքեր: Դուք այդ կոդավորված պլանը այդպե՞ս եք բացահայտում, ես՝ ուրիշ կերպ եմ բացահայտում: Գտնում եմ, որ աղավաղում եք նրա խոսքերը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ