Մարտի 1-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքի կողմից:
Սուրբ պատարագի ավարտից հետո աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն անցկացրեց Սումգայիթի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որին հաջորդեց եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցած պսակի զետեղման արարողությունը:
Իր հովվապետական խոսքում Տեր Հայրը խոսեց հայ ազգի չսպիացող վերքերից մեկի մասին` կոչ անելով ներկաներին երբեք չմոռանալ մեր նորագույն պատմության արյունալի էջերի մասին:
Այնուհետև ելույթի խոսքով հանդես եկավ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ով, անդրադառնալով սումգայիթյան դեպքերին, խոսեց նման եղեռնագործությունների միջազգային դատապարտման և իրական գնահատական տալու հրամայականի մասին, քանզի անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ:
ԱԳՆ