Մարտի 1-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, իսկ այնուհետ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Ներկաներին ուղղված իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը խոսեց հայ բնակչության հանդեպ Սումգայիթում կատարված անմարդկային ոճրագործության մասին: Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել Ումուդյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Ռաֆայել Ումուդյանը նշեց, որ սումգայիթյան եղեռնագործությունը մանրապատկերն է Հայոց ցեղասպանության և անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և էթնիկական զտումների:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ 27 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած եղեռնագործությունը էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակն էր Խորհրդային միության տարածքում: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Դեսպանը նշեց, որ ներկայումս Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը և հակահայկական քարոզչությունը ռազմատենչ հայտարարությունների, սահմանային սադրիչ ոտնձգությունների, զինադադարի խախտումների և պատմական փաստերի խեղաթյուրման եղանակով: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ միայն միասնական կամքով և հավաքական ուժով կարելի է հզորացնել Հայրենիքը և ապահովել մեր բոլոր հայրենանվեր և ազգանվեր իղձերի և ծրագրերի իրականացումը:
Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև զետեղվեցին ծաղկեպսակներ:
Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սումգայիթի եղեռնագործության անմեղ զոհերի:
ՀՀ ԱԳՆ