Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ իր նորածին երեխային խաբեությամբ, ծննդատնից դուրս գրվելու օրն իրենից բաժանել են. կինը վստահեցնում է, որ Էդիսոն Ադյանը չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը, գողացել է փոքրիկին: Հիմա Նարինեն պայքարում է իր երեխային վերադարձնելու համար. ներկայումս դատական գործընթաց է ընթանում այս խնդրով: «Առավոտն» այս խնդրին անդրադարձել է դեռ անցյալ տարի:
Այսօր «Հայացք» ակումբում Էդիսոն Ադյանն ու նրա փաստաբան Կարեն Սարդարյանը պարզաբանումներ տվեցին, եւ պնդեցին, որ երեխայի առեւանգում չի եղել. Նարինե Նիկողոսյանն ինքնակամ է հանձնել երեխայի խնամքն ու դաստիրակությունը Էդիսոն Ադյանին: Ադյանի խոսքերով` հենց ծննդատանը Նարինե Նիկողոսյանը հրաժարվել է երեխային կրծքով կերակրել, եւ Ադյանին ասել է, որ երեխային հանձնելու է մանկատուն. «Սանիտարկեն եկավ ինձ ասեց, որ մայրը կրծքով չի կերակրում, որ արհեստական կաթ առնեմ: Առնում եմ, տանում եմ, Նարինեին ասում եմ` բա խի՞ չես կերակրում երեխուն, ասում է` ես երեխա չեմ ուզում, հրաժարվում եմ էրեխուց, պիտի տամ որբանոց: Էդքանից հետո ես ո՞նց կարամ իմ էրեխուց հրաժարվեմ: Ասեցի ես քեզ կօգնեմ, ախպորս բնակարանը կտամ քեզ, կապրես ընդեղ, կայցելեմ քեզ, կօգնեմ ամեն ինչում, մենակ էրեխուն պահի, մեծացրու, ես էլ իմ հայրական պարտականությունը կանեմ: Ինքը չի համոզվում, ասում է` չէ, էրեխուն պիտի տամ որբանոց: Զանգել եմ գյուղ, ասել եմ, որ բերեմ` իրա համաձայնությամբ, էրեխուն կպահե՞ս (նկատի ունի իր կնոջը), ասել է` հա: Հաջորդ օրը բժիշկը համապատասխան թղթերը տալիս է, ԶԱԳՍ-ում ծննդական եմ հանում, նույն թղթերը հիվանդանոցում Նարինեն իր ձեռքով լրացնում է, ստորագրում, հայրությունս ճանաչում: Ինքը ոչ մի անգամ, արդեն 2 տարի է, էրեխուց չի էլ հետաքրքրվել: Հիմա ամեն առիթով շանտաժի է ենթարկում ինձ»:
Ադյանի պատմելով, նոտարով էլ Նարինե Նիկողոսյանը հաստատել է, որ երեխայի խնամակալությունն ու դաստիարակությունը հանձնում է Ադյանին, որից հետո, Ադյանի պնդմամբ, ինքը երեխային տարել է իր բնակության վայր` Ղարաբաղ: «Ինձանից էրեխուն ա պահանջում, բայց իրան էրեխեն էնքան չի հետաքրքրում, ինչքան փողը: Աբորտի համար ինձանից ա փող պահանջել, չեմ տվել, արգելել եմ, ասել եմ` իմ էրեխեն ա, թող լույս աշխարհ գա»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Ադյանի ներկայացմամբ` բաժանվելուց 6 ամիս հետո է Նարինե Նիկողոսյանի հետ պայմանավորվել է, որ դատարանով Նարինեն հրաժարվի ծնողական պարտականություններից` մայրությունից, երեխային վերջնական հանձնի Ադյանին, եւ ինչպես ասաց Ադյանը` «Որ հետագայում խոսակցություն չլինի, ես հետո մտնում եմ դատարան, որ Անահիտ Սուվարյանը, որպես մայր ճանաչվի որդեգրած երեխային: Նարինեն համաձայնվում է մտնենք դատարան, հանդիպում ենք, հանդիպում ենք, ինքը ինձանից գումար ա պահանջում`25 հազար դոլար, ասել է`կամ չեմ մտնի դատարան, կամ փողը տուր` հրաժարվեմ էրեխուց: Ասեցի ես էդքան փող չունեմ, ունենամ էլ` չեմ տա, իմ էրեխեն ա, տարել եմ, պահել եմ: Հետո էլ փողի կեսն ա ուզել, ասել եմ` հազիվ երեխուն եմ պահում, քեզ փող տալու չունեմ: Էսքան ժամանակ մի անգամ չի հետաքրքրվել, թե ոնց ա էրեխեն»: Հիմա երեխան 2 տարեկան է, եւ բնակվում է Արցախի Պողոսգոմեր գյուղում:
Մանրամասն` տեսանյութում
Ասուլիսին ներկա Ադյանի փաստաբան Կարեն Սարդարյանն էլ պատմեց, որ Նարինե Նիկողոսյանը դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով Էդիսոն Ադյանին երեխային բռնի կերպով հափշտակելու առեւանգելու մեջ. նախաքննությունը բոլոր հանգամանքները ստուգել է եւ քրեական գործը կարճել է` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: 2014-ի սեպտեմբերին Նիկողոսյանը դիմել է դատախազություն, որը եւս ուսումնասիրությունից հետո Նիկողոսյանի բողոքը մերժել է: Նշենք, որ ներկայումս դատարանում վիճարկվում է քննիչի որոշումը:
«Դրանից հետո սկսվել է հարցի տեղափոխումը լրագրողական դաշտ, Նարինե Նիկողոսյանը բազմիցս հանդիպել է լրագրողներին, մամլո ասուլիս է տվել, եւ զրպարտանքներն անցել են այս դաշտ: Երեխան կլինի արդեն 2 տարեկան, այս ընթացքում Նարինեն չի փորձել երեխայի հետ հանդիպել: Կա քաղաքացիական դատավարության կարգ, որով նա կարող է դիմել դատարան, որ երեխայի խնամքը հանձնեն իրեն, կամ եթե չի ուզում, տեսակցություն սահմանեն: Նա այդ ճանապարհով չի գնում, ինչը մեզ համար տարակուսելի է: Նրա դատական ուղղվածությունը ոչ թե դեպի երեխան է, այլ, դեպի Էդիսոն Ադյանին, կոպիտ ասած` պատժելը»,-նշեց փաստաբան Կարեն Սարդարյանը:
Փաստաբանի խոսքերով` իր մոտ ներքին համոզմունք է առաջել, որ Նարինե Նիկողոսյանը գումար է պահանջել Ադյանից: Այս հանգամանքը նախաքննական փուլում չի հաստատվել: «Իրավաբանորեն ձեւակերպված հայրը Էդիսոն Ադյանն է, ինքը չի կարող երեխային առեւանգող սուբյեկտ լինել, Նարինեն ուղղակի ուզում է պրոբլեմներ ստեղծել»,-ասաց փաստաբանը եւ հարց ուղղեց` իրական հայրն ո՞վ է:
Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանը դատական նիստից հետո մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ հաջորդ նիստին կհրապարակի կենսաբանական հոր անունը:
Մանրամասն` տեսանյութում
Ասուլիսի ժամանակ մի քանի լրագրողներ միաժամանակ հարց ուղղեցին` ինչո՞ւ ԴՆԹ թեսթ չեն անում` պարզելու երեխայի հայրն Ադյանն է, թե` ոչ, փաստաբանն ասաց, որ Նարինե Նիկողոսյանը սեռական հարաբերություն է ունեցել Ադյանի հետ, հղիություն ընդհատման համար գումար պահանջելով հենց Ադյանին է դիմել ու ասել, որ Ադյանն է հայրը. «Ցանկացած տղամարդ կհավատա կնոջը, եթե ժամկետները համընկնում են: Էդիսոնն էլ ընդունել է, որ հայրն է ու հայրական պարտականություններն առ այսօր` 2 տարի է կատարում է: 2 տարի հետո ասում է` դու չես, այլ անձ է: Տեսականորեն չի բացառվում, որ նույն ժամանակահատվածում Նարինե Նիկողոսյանը մի քանի տղամարդու հետ է հանդիպել, կարո՞ղ ենք դա բացառել: Այս մարդն ընդունել է, որ հայրն է ու պահում է, չի էլ հետաքրքրում` ի՞նքն է, թե չէ, դա ի՞նչ նշանակություն ունի»:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթը խնդրի շուրջ նախկինում զրուցել է նաեւ Ադյանի հետ:
Այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ եք հրաժարվում գենետիկական փորձաքննությունից, Ադյանը կրկին պնդեց, որ երեխայի հայրն ինքն է. «Եթե ես չեմ, բա ո՞վ է, թող ներկայանա, եթե ես չեմ, ինչո՞ւ է ինձանից անընդհատ փող շորթում, ու շանտաժի ենթարկում, արաբ ա, թաթար ա, ո՞վ ա հայրը, թող նրանից էլ շորթի»:
Կարեն Սարդարյանն էլ ասաց, որ ինքը հարց է ուղղել Ադյանին. «Երբ քննիչը որոշում կայացրեց ԴՆԹ թեսթի մասին, ես Ադյանին հարցրեցի` չի բացառվում որ Նարինեն ուրիշ տղամարդու հետ էլ եղած լինի, ասենք թե` փորձաքննություն անցկացվեց, ու պարզվեց որ կենսաբանական հայրը դու չես, դու հրաժարվելո՞ւ ես երեխայից, ասել է`ոչ: էդ դեպքում իմաստը բացատրեք ինձ` այդ ԴՆԹ փորձաքննությունից ի՞նչ է ապացուցվելու: Ադյանի համար բան չի փոխում, տարուց ավելի է երեխային խնամում է, նա նաեւ հոգեպես է ընդունել, որ երեխայի հայրն է, պահում է, առանց մոր օգնության»:
Մանրամասն` տեսանյութում
Փաստաբանի խոսքերով` հայրը միայն կենսաբանական հասկացություն չէ, ու պետք է շահագրգռված անձ լինես` հայրությունը վիճարկելու մեջ. «Եթե կա շահագրգիռ անձ, որ իրեն հայր է համարում, թող գա վիճարկի, եթե չկա, կինն իրենից փող է ուզում, Ադյանն էլ հրաժարվում է, նա էլ որպես շանտաժ այդ հանգամանքն է օգտագործում»:
Նշենք, որ Նարինե Նիկողոսյանն այսօր լրատվամիջոցներին բաց նամակ է ուղղել, որտեղ ներկայացնում է իր տեսակետը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ուզում եք, որ մեր ազգը հավատա, թե այս տղամարդն ու առավել եւս իր կինը պատրաստ են պահել օտար մարդկանցից ծնված երեխային?
Եթե դու հայրը լինեիր, հենց այսօր ԴՆԹ տեստ կհանձնեիր ու ամեն ինչ իր տեղը կընկներ: Դու գիտես, որ դու չես հայրը, դրա համար էլ արդեն սկսել եք էդ վարկածը շրջանառել, թե քեզ չի հետաքրքրում, թե ով է երեխայի իրական հայրը:
Էդ ձեր հեքիաթներին կարող է քննիչն ու դատախազը հավատան, բայց ոչ խելացի մարդիկ