«Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների թիվը կավելանա ևս մեկով»,- վստահեցնում է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ «Աստծու կամք» է կոչվում աղանդավորական նոր կազմակերպությունը, որն իր հայաստանյան հոգեորսությունը կսկսի մայիսի 5-ից: «Աղանդի հիմնադիրները ժամանելու են Մոլդովայից, իսկ ղեկավարը Արմեն Առաքելյանն է, որը նոր է դուրս եկել կալանավայրից: Նա իր կրոնական առաքելությունն սկսել է հենց Քիշնևի բանտից»,- ասաց Ս. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մայիսի 5-ին Կապանում և Երևանում նրանց «եկեղեցիների» հիմնումն է տեղի ունենալու: «Ունենք լուսանկարներ նաև Արմեն Առաքելյանից ու նրա կրոնական գործունեությունից, թե ինչպես են մի քանի դատապարտյալներ որոշել կրոնական կազմակերպություն հիմնել»,- ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը:
Նա խոսեց նաև վերջերս բացված «Աստծու բանակ» կրոնական կազմակերպության մասին, որի հոգևոր հովիվ Հովհաննես Ջուլֆայանն իր քարոզներն սկսել է ԱՄՆ-ից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո հաստատվել է Մեծամորում: «Ոչ թե քարոզներ են անում, այլ երգ ու պարով են Հիսուս փառաբանում՝ ոչ այն է ռեպ, ոչ այն է ռաբիս, ինչ որ խառը երաժշտության միջոցով»,- նշեց նա:
Ս. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Կյանքի խոսքին», որը, բանախոսի խոսքով, լուծարման եզրին է հայտնվել իր հիմնադիր ու գլխավոր հովիվ Ուլֆ Էկմանի՝ կառույցից դուրս գալուց հետո. «Կրոնական կազմակերպությունը կախվել է փրփուրներից. միջազգային բարձր ավետարանական քարոզիչներ է հրավիրում «Կյանքի խոսք» եկեղեցի կոչված վայրում քարոզներ անելու, թե՝ տեսեք՝ մենք ոչ թե լուծարվում ենք, այլ ավելի ենք ուժեղանում, բայց «Կյանքի խոսքից» մոտավորապես 100 հոգի արդեն դիմել են մեզ: Նրանք ուզում են դուրս գալ այդ կազմակերպությունից, ուղղակի վախենում»,- հավաստիացրեց Ս. Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով աղանդավորականների շրջանում վախի մթնոլորտը՝ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահն ասում է, որ հաճախ հենց ինքն է դիմում ոստիկանություն և հայտնում կրոնական կազմակերպությունների՝ արդեն նախկին անդամների նկատմամբ սպառնալիքների մասին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ