Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը ասաց, որ նրանք, ովքեր անջատվել են ՀԱԿ-ից, Մարտի 1-ի հարցը մոռացել են, իրենց որդու գերեզմանի տեղն անգամ չգիտեն, չեն այցելում եւ այլն:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ քաղաքական դրդապատճառներից ելնելո՞վ են նման հայտարարություն անում՝ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Դա ողջ հասարակության գործն է, մեր պարտքն է, եւ ոչ թե որեւէ մի կուսակցության, որեւէ մի քաղաքական ուժի: Շատերը կփորձեն դա շահարկել»:
Դավիթ Շահնազարյանը հստակ հայտարարեց, որ Մարտի 1-ի թիվ 1 պատասխանատուն եւ գլխավոր ճարտարապետը Ռոբերտ Քոչարյանն է: Մինչդեռ երեկ՝ Մարտի 1-ի առիթով հրավիրած ՀԱԿ-ի հանրահավաքում որպես Մարտի 1-ի համար պատասխանատու հնչեցվեց միայն Սերժ Սարգսյանի անունը:
Մեր հարցին՝ այս ընթացքում պարբերաբար փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանին այսպես ասած «մաքրելու» կամ իր անունը չտալու Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, ինչպե՞ս եք դա մեկնաբանում՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Դրանք փորձեր չէին: Դա որոշ ուժերի կողմից իրականացվող շատ հստակ քաղաքականություն էր: Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտի այլասերումը նույնպես կազմակերպված էր ըստ էության այն նպատակով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին նորից բերեն իշխանության: Կարծում եմ, հուսով եմ, որ դա հիմա ավարտվել է: Եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնականում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական եւ քարոզչական ակտիվները ոչնչացված են: Ըստ էության, Հայաստանում այդ ուժերի կողմից պատրաստվում էր պետական հեղաշրջման փորձ՝ տալով դրան այսպես կոչված քաղաքական գործունեության աստառ: Իհարկե, հստակ քաղաքականություն էր տարվում համար մեկ մեղավորին՝ Ռոբերտ Քոչարյանին ջրից չոր դուրս բերելու: Բայց դա չստացվեց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ