Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի կշիռը քաղաքական գործընթացներում շատ ավելի քիչ է, քան ոմանք պատկերացնում էին»

Մարտ 02,2015 14:52

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի համոզմամբ, Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին ուղղված Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ԲՀԿ առաջնորդի ելույթը պետք է լիներ հաջորդ օրը Ազատության հրապարակում եւ ինքնաբուխ հավաքով հենց այդ օրը ընդդիմությունը պետք է պարտադրեր սեփական օրակարգը:

«Եվ ոչ թե հաջորդ օրը տարածել հայտարարություն, մի հինգ օր հետո հանրահավաք: Ակնհայտ էր, որ հինգ օրում իշխանությունները փորձելու էին առավելագույնս ջախջախել ԲՀԿ-ին»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Մանուկ Սուքիասյանը:

Ներքաղաքական վերջին իրադարձությունները Մանուկ Սուքիասյանի համար նաեւ բացահայտումների փուլ էր. «Ֆիքսվեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կշիռը քաղաքական գործընթացներում շատ ավելի քիչ է, քան ոմանք պատկերացնում էին: Ռոբերտ Քոչարյանի՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները դադարեցնելու մասին հայտարարությունը ոչ մի դեր չխաղաց, ու ճնշումները նույն կերպ շարունակվեցին: Նույնը կարելի է ասել Հովիկ Աբրահամյանի մասին, նրան վարչապետ նշանակելու հիմնական գործոններից մեկը ԲՀԿ –ի հետ կապն էր: Հիմա փորձը ցույց տվեց, որ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ կասեցնել Սերժ Սարգսյանի թիրախավորումը ԲՀԿ-ի նկատմամբ»:

Նա նաեւ առանձնացրեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի միջամտությունը Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան հակամարտությանը. «Աննախադեպ երեւույթ էր, բայց այդ միջնորդությունից այս երկրի առջեւ ծառացած ոչ մի խնդիր չլուծվեց»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա «կոդավորված» ելույթին՝ նա չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց՝ իր համար անցանկալի են փոխադարձ թիրախավորումները ու կարեւոր է հիմա սահմանադրական բարեփոխումների անվան տակ քողարկված արհավիրքի դեմ պայքարել. «Վաղը ընդդիմությանը հիշելու են ոչ թե ով ում հետ է կամ ինչ է խոսում, այլ ով է ջանք գործադրում, որ այդ ավանտյուրան չգա մեր գլխին, ովքեր էին փորձում կասեցնել այդ ծրագիրը:

Չգիտեմ՝ ինչ սին խոստումներով է իշխանությունը խաբել ՀՅԴ-ին սահմանադրական փոփոխությունների հարցում: Բայց ընդդիմությունը պետք է համախմբվի այդ ծրագիրը կասեցնելու հարցում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031