Նոր փոփոխությամբ լուսացույցից դեղին լույսը հանվել է, կարմիրից կանաչ փոխվելու ընթացքում դեղին լույսն այլեւս չի լինի, սակայն այն կմնա կանաչից կարմիր փոխվելու ժամանակ: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով այս հարցին՝ կարծիք հայտնեց, որ այդ փոփոխության շնորհիվ վթարները կրճատվել են:
Չնայած վարորդների բողոքներին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իր կազմակերպությունը մինչ այդ նման առաջարկով դիմել էր Ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում դեղին լույսը փորձնական հանեն` վստահեցնելով, որ վթարները կնվազեն: Այդպես էլ եղել է:
«Այնպես արեցին, որ կարմիրից կանաչ փոխվելուց դեղին լույսը դուրս գա, իսկ կանաչից կարմիրի փոխվելուց դեղինը մնում է: Յոթ ամիս տվյալ խաչմերուկը այդ ռեժիմով էր աշխատում ու այդ ընթացքում ոչ մի վթար չի եղել: Այնուհետեւ նորից հետ բերեցին դեղին լույսը, պատճառաբանելով, որ շուտով թվատախտակները կդնեն եւ դրա անհրաժեշտությունն այլեւս չի լինի»:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, շուտով լուսացույցերի աշխատանքը պետք է կառավարվի ըստ ծանրաբեռնվածության աստիճանի:
Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, երեկվանից Գայի պողոտան աշխատում է այդ ռեժիմով. «Ներկայումս ես Երեւանում չեմ տեսնում վթարների նվազում, նվազել է վթարների պատճառով մահվան թիվը, բայց մենք չունենք մի վիճակագրություն, որով պարզենք, թե մահվան դեպքերն ինչից են եղել: Մենք նամակ ենք ուղարկելու ոստիկանությանը, որպեսզի մենք էլ կարողանանք մեր վերլուծությունն անել: Այս տարի սպասվում է մեքենաների փոքր քանակի մուտք, այդ իսկ պատճառով ավարտին պետք վթարների նվազում արձանագրվի: Մի շարք երկրներում այս փորձը կա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ