Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական տրյուկներում փորձված մարդ է» (Տեսանյութ) 

Մարտ 02,2015 13:22

«Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար»,- մարտի 1-ի հանրահավաքում, իր ելույթում նման առաջարկ հնչեցրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին հարցրեցին` ի՞նչ կարծիքի է այս նախաձեռնության վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ հանրապետության առաջին նախագահը քաղաքական տրյուկների կարող մարդ է, փորձված մարդ է եւ չեմ կարծում, որ ամեն ինչ պիտի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն եւ վերջնագիր: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տեսակետն ունի, վերաբերմունքն ունի: Ուղղակի`ձայն բարբառո անապատի»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին`վերջին շրջանի իրադարձություններն ամփոփելով, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը տապալվեց եւ ի՞նչ իրավիճակ է այժմ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իր համոզմամբ Հայաստանում չէր էլ կարող բուրժուադեմոկրատական հեղափոխություն ունենալ. «Հիմա Հայաստանում քաղաքական դաշտը վերանայվում է: Նորմալ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում եւ ես որեւէ ողբերգություն չեմ տեսնում նրանում, որ եթե մի կուսակցություն որոշակի խնդիրներ ունի իր մեջ, փորձում է լուծել դրանք»:

Aravot.am-ի ճշտող հարցին`նորմա՞լ է այն իրավիճակը, երբ եւ ընդդիմությունը դիմազրկվեց, եւ իշխանությունը`Մկրտիչ Մինասյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ ասել է դիմազրկվեցին, իսկ իշխանությունն ինչո՞վ է դիմազրկվել»:

Նկատեցինք, որ նախագահ Սարգսյանի ամսի 12-ի ելույթը շատերի կողմից որակվեց ոչ քաղաքական, երկրի առաջին դեմքին ոչ հարիր եւ հակասահմանադրական, որտեղ հանցագործության մասին հայտարարություններ էլ կային ու դրանք կոծկվել էին նախագահի ձեռամբ: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ համամիտ չէ այդ կարծիքի հետ եւ երկրի նախագահն ասել է խնդիրների ու երեւույթների մասին, որոնք չպետք է անձնավորել, դրանց դեմ բոլորը պիտի պայքարեն:

Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ինքն իր կեցվածքով փորձելու է ավելի զուսպ լինել եւ ուրախ կլինի, եթե իր ապրելակերպով ու կենսափիլիսոփայությամբ ազդի թե ՀՀԿ-ականների, թե այլոց վրա` ի պատասխան հարցի, թե նախագահի որակումներին համապատասխանող ՀՀԿ-ականներից ե՞րբ են ակնկալում ազատվել:

Լրագրողներից մեկը թվարկեց այն մեղադրանքները, որոնք իր ելույթում բարձրաձայնել էր առաջին նախագահն`ասելով, թե այս ընթացքում իրեն ինչում ասես մեղադրել են ու հետաքրքրվեց`ՀՀԿ-ական պատգամավորն ինչո՞ւմ է մեղադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Գողի գլխարկն է վառվում»,- ռուսական ասացվածքը հիշեց Մկրտիչ Մինասյանը` հավելելով. «Եթե ինքն իր մասին ասում է, ես ի՞նչ հավելեմ: Ոչ ոք իրենից լավ իր մասին չգիտե: Եթե ինքն այդպես է մտածում, ես ի՞նչ իրավունք ունեմ կասկածելու»:

Aravot.am-ի հարցին`առաջին նախագահը քաղաքական դաշտում իր անելիքները սպառե՞լ է, կարո՞ղ է հանգիստ թոշակի գնալ, հարցին էլ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին եւ նրանց, ովքեր սպասելիքներ ունեն իրենից»:

Այլ մանրամասները` տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031