«Իրար պիտի սիրենք և միշտ առաջին նախագահ ասելուց պետք է ասենք առաջին ապօրինի նախագահ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթին, որտեղ նա, ըստ էության, ՀՀ-ում մի շարք ընդդիմադիր ուժերի ծաղրում է, այդ թվում նաև անդրադարձ է կատարում ԱԻՄ-ին, այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարել էր, որ ՀՀ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մնացել է միայնակ և գաղտնազերծել մյուս ընդդիմադիր ուժերի կոդավորված պլանը. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը»:
Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե ժամանակին Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ, երբ ինքը թեկնածու էր և արտաքսված՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը, «քանի որ համագործակցում էր ԿԳԲ-ի հետ, այդ ընտրությունը համարվեց բնականոն: Ուստի նման նախագահը կարո՞ղ է կոչվել նախագահ: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինն էր, բայց ապօրինի նախագահ: Ես նրան սիրելով մաղթում եմ գրագիտություն»:
Պարոն Հայրիկյանը նշեց, թե քաղաքագիտական առումով ընդդիմություն նշանակում է նախևառաջ ռազմավարական հարցերում օրվա իշխանություններին հակակշիռ:
Կարդացեք նաև
Այնուհետև օրինակ բերեց այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մաքսային միությանն անդամակցության հարցում կողմ էր իշխանությունների որոշմանը ու մանրամասնեց. «Մաքսային միություն կոչված, ռուսական կայսրության վերականգնման մեջ մտնելու հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը` առաջին ապօրինի նախագահը, ոչ մի հակասություն չունի օրվա իշխանությունների հետ: Փաստորեն, իրենք նույն մոսկովյան բռնապետական իշխանությունների կամակատարն են: Այդ մարդն ի՞նչ իրավունք ունի խոսելու ընդհանրապես ընդդիմության մասին»:
Հիշեցնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մոտ անցյալում համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ, ասաց. «Լինելով Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ` ինքը կոչվում էր ոչ իշխանական: Հիմա ինքն ո՞վ է, որ կոչվի ընդդիմադիր` իր գաղափարախոսությամբ, նպատակներով ու ծրագրերով ինքը ընդդիմություն չէ: Մյուս հարցերը մանրապճեղ հացեր են»:
Պարույր Հայրիկյանի կարծիքով` քաղաքագիտական լեզվով ընդդիմադիր ուժերը նրանք են, որոնք կողմ են քաղաքակիրթ աշխարհի հետ սերտաճելուն: Պարոն Հայրիկյանը պնդում է, թե ինքը չի վերլուծի «այն ապօրինի նախագահի ելույթը, որը չի կատարել իր ժողովրդի հանդեպ իր պարտքը. նա հայտարարեց, թե որոշակի ուժերի ճնշման տակ թողնում է գլխավոր հրամանատարի պաշտոնը, մինչդեռ մինչև վերջ պիտի պայքարեր»:
Հայրիկյանը հիշեցրեց նաև, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին չմասնակցեց անգամ նախագահական ընտրություններին` վախենալով մրցակցությունից. «Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե նախագահին փոխել է պետք, բայց հետո նախագահական ընտրություններին չմասնակցեց: Ասում է` ես պիտի դուրս գամ քաղաքականությունից, ես արդեն ծեր եմ: Որ ծեր ես, դուրս արի, բայց դա ի՞նչ է նշանակում: Հիմա մարտի 1-ը չլիներ, դու կհամարձակվեի՞ր փողոց դուրս գալ, հանրահավաք հրավիրել»:
Պարույր Հայրիկյանը նաև նշեց, թե «եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ սթափվի, մտավորապես առողջ ընտրություն կատարելու հասնի, երբ կհայտարարի, որ սա խաղ էր դեպի Մաքսային միություն շարժվելը, պատրաստ է նրա հետ աշխատել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ