Երեւի աշխարհում ոչ մի ժողովուրդ հայերի չափ չի երազել անկախություն, ընդ որում՝ լիարժեք ու բացարձակ անկախություն: Ուրիշները երեւի էն գլխից հասկացել ու գիտակցել են, որ բացարձակ անկախություն գոյություն չունի, եւ ընդամենը երազել են պետություն ու պետականություն ունենալ, ընդ որում՝ ուժեղ եւ ամուր պետություն ու պետականություն: Եվ ունեն: Հավատացել ու ձգտել են, դրա համար էլ ունեն:
Հայերս հաճախ ենք տրտնջում, թե՝ փոքր երկիր ու փոքր ժողովուրդ ենք, եւ մեր բոլոր անհաջողություններն էդ հանգամանքի հետ ենք կապում:
Մինչդեռ աշխարհում շատ ժողովուրդներ կան, որ փոքր, բայց ուժեղ, ամուր ու իսկապես բարգավաճ պետություն ունեն: Եվ ընդհակառակը՝ շատ մեծ ժողովուրդների չի հաջողվել ուժեղ պետություն կառուցել եւ քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովել:
Մարդը նախեւառաջ մարդ է, հետո նոր միայն՝ որոշակի ազգի ներկայացուցիչ եւ որոշակի պետության քաղաքացի: Յուրաքանչյուր մարդ, ինչ ազգի ներկայացուցիչ եւ ինչ պետության քաղաքացի էլ լինի, արժանի է բարեկեցիկ կյանքի:
Վերստին հետեւյալ հարցն է առաջանում՝ մա՞րդն է պետության համար, թե՞ պետությունը՝ մարդու: Հայրենի՞քն է մարդու համար, թե՞ մարդը՝ հայրենիքի: Եթե այս հարցին միանշանակ պատասխան տանք, երկու դեպքում էլ սխալված կլինենք:
Որովհետեւ տվյալ պետությունն ու տվյալ պետության քաղաքացին միմյանց հանդեպ պիտի հավասարապես պարտավորված լինեն, եւ իրենց փոխադարձ պարտավորությունները պիտի ստանձնեն ու ամրագրեն Սահմանադրությամբ եւ օրենքներով:
Կարդացեք նաև
Այսինքն՝ հայրենիքը մարդու համար է, եւ մարդը՝ հայրենիքի: Այսինքն՝ պետությունը քաղաքացու համար է, եւ քաղաքացին՝ պետության: Հավասարապես: Այստեղ առաջնահերթության հարց չի կարող լինել, եւ եթե առաջնահերթության հարց է ծագում, դրանից պետությունն ու քաղաքացին ոչ միայն թուլանում, այլեւ իրարից օտարանում են: Հավասարապես:
Սրանք հանրահայտ ճշմարտություններ են, եւ այս հանրահայտ ճշմարտություններն ասելու ու կրկնելու անհրաժեշտությունն առաջացել ու առաջանում է, որովհետեւ մենք շատ հաճախ հենց հանրահայտ ճշմարտություններն ենք մոռանում ու աչքաթող անում:
Այսինքն՝ եթե տվյալ պետության եւ տվյալ պետության քաղաքացու շահերը նույնացած չեն, տվյալ պետությունը չի կարող բարգավաճ լինել, եւ տվյալ պետության քաղաքացու կյանքը՝ բարեկեցիկ:
Ահա եւս մի հանրահայտ ճշմարտություն, որից նույնպես անսահմանորեն հեռացել ենք:
Մեր պետական այրերն ու իշխանության ներկայացուցիչները մշտապես հիշում ու հիշեցնում են հարկատուներիս պարտավորությունները, բայց երբեւէ չեն հիշում ու ընդհանրապես մոռանում են Հայաստանի շարքային քաղաքացու հանդեպ պետության ու պետության ներկայացուցիչների պարտավորությունների մասին: Ընդ որում՝ օրենքով ամրագրված պարտավորությունների ու պարտականությունների մասին:
Շարքային քաղաքացին էլ իր հերթին է օրենքները շրջանցում, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ եթե պետության ու օրենքի ներկայացուցիչներն իրենց իսկ գրած ու ընդունած օրենքները չեն հարգում, շարքային քաղաքացին իրավունք ունի ընդհանրապես մոռանալ օրենքների գոյության մասին:
Եվ այս դեպքում արդեն սկսվում է համատարած օրինազանցությունը: Եվ համատարած օրինազանցության պայմաններում շարունակում ենք ազատության, անկախության եւ այլ մեծամեծ ու վերացական բաներից խոսել, ինչպես նաեւ մարդու իրավունքներից՝ մոռանալով ու չհիշելով, որ մարդու կարեւորագույն իրավունքն ապրելու իրավունքն է: Ընդ որում՝ նաեւ ընդդիմությունը չի հիշում, որ ընդամենը երեսուն հազար դրամ թոշակ ստացող թոշակառուի իրավունքներն էս գլխից են ոտնահարված: Մինչդեռ պատգամավորների աշխատավարձերի ու թոշակների կտրուկ բարձրացման համար իշխանական ու ոչ իշխանական պատգամավորները լավ էլ միասնաբար են պայքարում:
Եվ այս հարցում ցանկալի արդյունքի են հասնում, որովհետեւ այս հարցում համակարծիք են: Եվ եթե մի գեղեցիկ օր մեր ընդդիմադիրներն ու մեր իշխանամետները համակարծիք լինեն նաեւ շարքային քաղաքացիների թոշակների առումով եւ շարքային քաղաքացիների թոշակների բարձրացման համար եւս միասնաբար պայքարեն, հաստատ շոշափելի արդյունքի կհասնեն:
Էս ասածս էնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չի, որովհետեւ դրա նախադեպը կա: Դրա նախադեպն աշխարհի առաջադեմ, զարգացած ու զարգացող երկրների փորձն է:
Գուցե մենք էլ փորձենք: Եթե նույնիսկ չստացվի, էդ փորձը փորձանք չի դառնա: Մի անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, երրորդ ու չորրորդ անգամ միգուցե ինչ-որ բան ստացվի: Կարեւորը փորձելն է: Եթե ուրիշ ժողովուրդների մոտ ստացվել է, ինչո՞ւ մեզ մոտ չպիտի ստացվի:
Մենք մշտապես անկախությունից ենք խոսում՝ մոռանալով, որ այս դաժան ու անհավասար աշխարհում միայն լիարժեք ու կայուն պետությունն է ի վիճակի գոնե փոքր-ինչ անկախ լինել: Մենք եւս պիտի ձգտենք այդպիսի պետություն ունենալ: Եվ որպեսզի ունենանք, նաեւ պիտի ցանկանանք ու ձգտենք ունենալ: Ընդ որում, ոչ միայն միասնաբար պիտի ձգտենք, այլեւ վճռականորեն: Ընդ որում՝ նաեւ նոր կարգախոսներով, որովհետեւ հին կարգախոսները, ինչքան էլ դրանք խրոխտ ու հավերժական լինեն, բավարար չեն:
Մահ կամ պետություն: Մահ կամ պետականություն: Մեր նոր կարգախոսներից առաջինները սրանք պիտի լինեն, որովհետեւ պետության ու պետականության բացակայությունն իսկապես մահ է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2015