Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Անմոռուկ» խորհրդանիշը դարձրել են եկամուտ ստանալու աղբյուր

Մարտ 02,2015 15:30

Պատճառը թերի իրավական կարգավորումն է

Ինչպես հայտնի է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում մշակվել է «Անմոռուկ» խորհրդանիշը: Այժմ հիմնականում պետական մարմիններում աշխատող անձանց եւ քաղաքական գործիչների կրծքին կարելի է տեսնել «անմոռուկ» կրծքանշան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու համար ստեղծված կայքում զգուշացվում է.  «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը: Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Անմոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն 010 530062 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկեն հետեւյալ էլեկտրոնային հասեցին՝ [email protected]»:

Թեեւ զգուշացմանը, շարունակվում են ահազանգեր ստացվել այն մասին, որ անմոռուկի լոգոտիպով արդեն տարբեր առարկաների արտադրություն է կազմակերպվում: Սոցիալական ցանցերում հանգիստ չեն տալիս այն հայտարարությունները, որ վաճառվում են այդ լոգոտիպով տարբեր ապրանքներ, նույնիսկ բանալու կախազարդեր, կամ սոցիալական ցանցերում 3500 դրամով վաճառում են անմոռուկի կրծքանշան:

Իրավաբան, պատմաբան, դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, թե ստեղծվել է «անպարկեշտ իրավիճակ», ու մանրամասնեց. «Որոշ մարդիկ եւ մարդկային խմբեր սկսել են փող աշխատել մարդկային այս ողբերգության, տառապանքի հիշողության վրա: Կարելի է ունենալ ոգեկոչման հիշատակի տարբեր նշաններ, անգամ վաճառել, բայց պետք է հստակ, թափանցիկ լինի, պիտի իմանանք` ով է վաճառում եւ ուր է գնում այս գումարը»:

Ըստ Արա Պապյանի` այժմ հայաստանյան իրականության մեջ ականատես ենք լինում «Հոլոքոստի արտադրություն» երեւույթին, երբ ողբերգությունը վերածվում է արտադրության եւ եկամուտ տալիս. «Ո՞նց կվերաբերվեիք ինչ-որ անհատի, որ իր ծնողների մահվան վրա փող աշխատեր: Սա էլ մեր ազգի ողբերգությունն է: Սա կարող է բերել այլանդակ այլ դրսեւորումների: Օրինակ՝ որ մարդիկ փողեր են աշխատել այս ամենի վրա»: Պարոն Պապյանը նշեց, թե Կանադայում կա կարմիր կակաչի նշանը, որը մեկ դոլար արժե: Այդ գումարը ուղղվում է, ասենք, վետերանների օգնությանը: Պարոն Պապյանը մտահոգություն հայտնեց, թե հնարավոր է՝ «անմոռուկ» կրծքանշանի համար էլ գումար տրվի, ու պարզվի, որ վաղը ինչ-որ մեկը այդ գումարներով իր համար ջիփ է գնել: Ըստ պարոն Պապյանի` սա կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Նշենք, որ անմոռուկի խորհրդանիշի հետ կապված եւս վիճահարույց հարցեր կան. օրինակ՝ որ այն մասոնների խորհրդանիշն է եւ այլն: Պարոն Պապյանը սա չժխտեց ու հավելեց. «Ազգը առնվազն 50 տարի ցեղասպանության հետ կապված պատկերներ ունի իր մտապատկերում. Ծիծեռնակաբերդը դրանցից կարեւորագույնն է: Ուստի արդեն կայացած այդ պատկերը թողնում, ստեղծում են մի բան, որը իր ամեն ինչով խիստ վիճահարույց է: Սկսած գունային լուծումից՝ քանի որ այն տարբեր իմաստներ ունի, վերջացրած նմանություններից, քանի որ տասնյակ կոմերցիոն կազմակերպություններ ունեն անմոռուկի նմանատիպ նշաններ»:

«Անմոռուկ» լոգոտիպը մշակել է «Շարմ հոլդինգը»: Տնօրեն Կարեն Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում հնչած դժգոհությունների մասին ասաց. «Ցանկացած լոգո բերեք, ես նմանատիպ 8000-ը ցույց տամ: Անմոռուկ ծաղկով ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան մտածել: Մենք այս ծաղիկը ադապտացրել ենք մեր խնդրին: Ինչ վերաբերում է հայերի մտապատկերում եղած պատկերների օգտագործմանը, ապա մենք 100-ամյա տարելիցը չենք անում հայերի համար, որ հայ ազգի մտապատկերներով մտածեինք, այլ այնպես, որ ընկալելի լինի աշխարհին»:

Վերոնշյալ խնդիրներով զբաղվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գրասենյակը: Տնօրենը Արմեն Ծատուրյանն է, եւ լայնամասշտաբ մշակութային ծրագրեր, օրինակ` Ֆրանսիայի օրերը ՀՀ-ում եւ այլն, հենց նրան են վստահվում: Մեր հարցին` ինչո՞ւ անմոռուկի օգտագործման եւ վաճառքի հետ կապված հարցերը նախօրոք իրավական կարգավորման չեն ենթարկվել, պարոն Ծատուրյանը պատասխանեց. «ԱԱԾ-ի միջոցով կասեցնում ենք buy.am-ում, սոցիալական ցանցերում վաճառքը: Մյուս կողմից՝ կան շատ կազմակերպություններ, որ ուզում են արտադրություն կազմակերպել, եւ նրանց թույլտվություն ենք տալու: Նախ պետք է հասկանանք` ինչ են ուզում արտադրել, ինչ գնով, որտեղ է վաճառվելու եւ այլն: Ամոթ այն հայերին, որ փորձում են եկամուտ ստանալ այս թեմայով»: Պարոն Ծատուրյանը վստահեցրեց, թե իրենք հայտարարել են ձեռնարկատերերին, որ արտադրության հեղինակային իրավունքը պետությանն է, եւ պետք է դիմեն գրասենյակ, ներկայացնեն դիզայնը, այնուհետեւ կորոշվի` թույլ տա՞լ նրանց արտադրություն կազմակերպել, թե՞ ոչ: Արման Ծատուրյանը նկատեց, թե ոլորտը վերահսկել բավականին դժվար է, ու նաեւ ասաց, թե «չէինք մտածի, որ հայերն այդ աստիճանի կհասնեն»:

Հետաքրքրվեցինք` իսկ երբ եւ որտեղից կարող են քաղաքացիները ձեռք բերել անմոռուկներ, պարոն Ծատուրյանը պատասխանեց. «Անմոռուկների մի խմբաքանակ՝ շուրջ 20.000, Չինաստանից բերվեց ՀՀ, մարտին էլ շուրջ 300.000-ը կբերվի: Կրծքանշաններն այնտեղ են արտադրվել: Մարտին անմոռուկ կրծքանշանները կլինեն բոլոր սուպերմարկետների ցանցերում, մետրոպոլիտենում, ցանկացողները կարող են կրծքանշան վերցնել ու կողքի արկղում հանգանակել»: Արման Ծատուրյանի փոխանցմամբ` հուշանվեր արտադրողներին թույլտվություն են տալու, բայց մի շեմ է որոշվելու, որ եթե այդ շեմից անցնեն, պատասխանատվության ենթարկվեն: Տեղեկացնենք` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են անմոռուկ խորհրդանիշով հուշանվերներ արտադրել, պետք է դիմեն գրասենյակին` Մոսկովյան 33Ա հասցեով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031