Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե եկամտահարկը թողեք Գյումրիին»

Մարտ 02,2015 15:00

Հորդորում է Սամվել Բալասանյանը

Գյումրիի գործարար քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր պաշտոնավարման 2,5 տարում համոզվելով, որ իր ուժերից վեր է ուշքի բերել դեռ ավերակ, բազմաթիվ խնդիրների մեջ թաղված քաղաքը, երեկ իր մոտ էր հրավիրել շիրակցի բոլոր պատգամավորներին՝ նրանց խնդրելով համատեղ ջանքերով իրականացնել Գյումրիի փրկության ծրագիրը: Իհարկե, ծնունդով շիրակցի պատգամավորների մեծ մասը չէին ներկայացել, շատերը միգուցե քաղաքապետի հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով: Օրինակ՝ հրավերը չէին ընդունել ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Նիկոյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը… Սակայն սա չխանգարեց քաղաքապետին իր մոտ եկած 3 պատգամավորների՝ Սամվել Ֆարմանյանի, Մարտուն Գրիգորյանի ու Մուշեղ Պետոյանի միջոցով իր «մեսիջն» ուղարկել օրենսդիր մարմնին: Քաղաքապետը մի քանի խնդրանք ուներ պատգամավորներին, նրա ծրագիրը բաղկացած էր ուղիղ չորս կետից: «Իհարկե, Գյումրիում որոշակի փոփոխություն կա, առաջընթաց կա, փոսանորոգումներ են կատարվում, լուսավորությունն է ավելացել, աղբահանությունը լավ է կազմակերպվում, այսինքն՝ ծառայությունների հետ կապված լավ փոփոխություններ կան…

Բայց եթե էսպիսի տեմպերով շարունակվի, 100 տարի է պետք, որ Գյումրին զարգանա»,- նեղսրտեց Սամվել Բալասանյանը: Այնուհետ ընթերցեց իր ծրագիրը Գյումրիի զարգացման մասին. վերջինս ակնկալում է, որ պետական ներդրումային քաղաքաշինական կապիտալ ծրագրեր իրականացվեն իր կառավարած քաղաքում եւ այս նպատակով պետական բյուջեի միջոցներով հիմնադրամ ստեղծվի: Ավելին՝ Համահայկական հիմնադրամը գոնե մեկ տարի իր հայացքը ուղղի դեպի Գյումրի: «Ոնց որ Արցախի համար է գումար հավաքում, կարողանա հավաքել Գյումրի քաղաքի համար: Ինչքան գումար որ կազմի, կարողանանք որեւէ քաղաքաշինական ծրագիր անել:

Պատկերացրեք՝ մինչեւ հիմա քաղաքում մեծ քանակությամբ շինարարական աղբ է կուտակված, որը հնարավոր չէ ուղղակի քաղաքի բյուջեի միջոցներով հեռացնել»,- ասաց քաղաքապետը: Իսկ 2-րդ՝ թերեւս ամենակարեւոր հարցը հարկային բարենպաստ քաղաքականության իրականացումն է Գյումրիում: Քաղաքապետը բողոքեց, որ Գյումրիին հատկացվող դոտացիան եկամտահարկի տեսքով հետ է տարվում պետական բյուջե: «Էստեղ նույնիսկ օրենքի որեւէ խնդիր կարող է չլինել, եթե բյուջեի ընդունման ժամանակ առաջ քաշենք միայն եկամտահարկի հետ կապված հարցը: Տեսեք ինչ է ստացվում. հիմա մեր բյուջեն այսօրվա դրությամբ կազմում է 3 միլիարդ 255 միլիոն դրամ ընդամենը: Դոտացիան, որը մենք ստանում ենք, 2 միլիարդ 224 միլիոն է, իսկ սեփական եկամուտները ընդամենը կարող ենք հավաքել 1 միլիարդ 155 միլիոն: Սեփական եկամուտները կարողացանք կատարել 105 տոկոսով, նույնիսկ ավելի: Այսպիսի հավաքագրում երբեք չի եղել Գյումրի քաղաքում, աննախադեպ դեպք է, որ ունեցանք:

Տեսեք ինչ ծախսեր ենք կատարում. աշխատավարձը, բնականաբար, պիտի տանք, 1500 աշխատատեղ է, մոտավորապես 2 միլիարդից 521 միլիոն եկամտահարկ նորից հետ ենք տալիս պետությանը: Եթե բյուջեի ընդունման ժամանակ առաջարկություն կատարվի, որ 521 միլիոնը նորից թողնեն Գյումրիին՝ եկամտահարկի տեսքով, սրանով Գյումրի քաղաքում մոտավորապես 5 փողոց կապիտալ կվերանորոգվի, շատ կարեւոր խնդիր կլուծվի քաղաքի համար: Բացի դրանից, ավելացված արժեքի տեսքով նորից 150 միլիոն գումար է գնում հետ: Ես, աշխատելով ԱԺ-ում ու նաեւ հասկանալով բիզնեսից, գիտեմ, որ չենք կարող ասել՝ ավելացված արժեքի հարկը թողեք մեզ, նման տրամաբանություն չկա, էստեղ արդեն օրենք է պետք, օրենքի նախագիծ: Ես կարծում եմ՝ 150 միլիոն դրամը ավելի լավ է սուբսիդիա տան, քան օրենքի փաթեթ փոխեն»,- առաջարկեց քաղաքապետը:

Նա ակնկալում է, որ Գյումրիում պետական մակարդակով իրականացնեն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ծրագրեր, ընդլայնվեն ավագանու իրավասությունները՝ քաղաքաշինական-տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: Գյումրիի քաղաքապետը բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով խնդրում է թույլ տալ Գյումրու ավագանուն թվով 3250 տնակներում ապրող մարդկանց զբաղեցրած տնակների հողատարածքները նվիրաբերել նրանց քաղաքապետարանի կողմից, այնուհետ աշխատանք ունեցողներին երկարաժամկետ՝ 30-35 տարով հիփոթեքային վարկեր հատկացնել, որպեսզի մարդիկ կարողանան կառուցապատել ու տնակը տան վերածել: Ըստ քաղաքապետի՝ այսպիսով կթեթեւանա պետության հոգսը, քանի որ անօթեւանների հերթացուցակում գրանցված 1038 մարդ դուրս է մնում ծրագրից: Կան անօթեւաններ էլ, որոնք եկել ու Գյումրիում տնակ են գնել, բնակություն հաստատել, նրանց հարցերն էլ այս միջոցով կարելի է լուծել: Ըստ Սամվել Բալասանյանի՝ եթե Գյումրին նման արտոնություններով մի քիչ վերականգնվի, ներդրողներն ինքնըստինքյան իրենց ոտքով կհայտնվեն պատմություն ունեցող այս քաղաքում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Բալասանյանն ինքն էլ համոզվեց, որ քաղաքապետ լինելն իր խելքի ու կարողությունների բանը չի: Ռուսները լավ են ասում

  2. Gohar says:

    Մարդը գործ է անում ,եթե չեք հասկանում ՝գոնե մի խանգարեք:Գյումրեցիները իր կողքին են և գնահատում են,իսկ մի քանիսը, որ չեն ուզում հասկանալ թող լռեն ՝մեկա չեն կարող ազդել մի ամբողջ խելացի խավի վրա……….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031