Լրահոս
Օրվա լրահոսը

Անզգույշ վարորդը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

Մարտ 02,2015 14:30

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, երկու օր առաջ բեկանեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 21-ի դատավճիռը եւ մեկ տարվա ազատազրկման դատապարտված Գեորգի Խոջոյանին դատապարտեց երեք տարվա ազատազրկման:

Օրեր առաջ՝ «Մեկ մահ, մեկ վիրավոր եւ մեկ տարվա ազատազրկում» հրապարակմամբ «Առավոտն» անդրադարձել էր սույն քրեական գործին, դատավարությանը:

Անցյալ տարվա հունիսի 14-ին ամբաստանյալն ալկոհոլ օգտագործած վիճակում, մայրաքաղաքի Բեկնազարյան փողոցի կողմից Ֆուչիկի փողոցով դեպի Մարգարյան փողոցի ուղղությամբ գծանշանի վրայով, մոտ 50-55 կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը վառած վիճակում, լուսացույցի արգելող ազդանշանի առկայության պայմաններում հատել է «կանգ առ» գծանշումը, մուտք գործել խաչմերուկ, դրանով իսկ իրեն զրկել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ընդհարվել է փողոցն այդ պահին հատող Սարգիս Մուրադյանի «Լեքսուս» մակնիշի 34 MA 394 ավտոմեքենային: Ըստ գործի նյութերի, մեքենան մի քանի անգամ ֆռռացել է՝ կողաշրջվել, նրան պատճառվել է միջին ծանրության վնասվածք, իսկ ուղեւորին՝ մահ:

Բացի մահվան ելքից, այս ավտովթարի ժամանակ անզգուշությամբ միջին ծանրության վնասվածք էր ստացել նաեւ Տիգրան Զաքարյանը: Սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդում չէր իրականացրել այս փաստի առթիվ, պատճառաբանել էր, թե տուժողը բողոք չի բերել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ Ռուբեն Բալաբանյանը, բողոքաբեր կողմն էր:
«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Բալաբանյանն ասաց, որ ամբաստանյալը չէր կարող շփոթել հարեւան դեղատան կանաչ խաչը՝ կանաչ լույսի հետ, եթե չլիներ ալկոհոլ օգտագործած վիճակում:

Ըստ գործի նյութերի, ամբաստանյալը, խաչմերուկը հատելու ժամանակ մթության մեջ նկատել է դեղատան ուժգին վառվող կանաչ լույսը, այն ընկալել է որպես լուսացույցի կանաչ լույս, ինչի հետեւանքով մեքենան չի կայանել:

Դատաքննության ժամանակ ամբաստանյալը հրաժարվել էր ցուցմունք տալուց, իր պաշտպանի հարցերին պատասխանելիս էլ հայտնել է, թե ալկոհոլ չի օգտագործել:
Նա ասել էր, թե վայրկյանների ընթացքում ուշացումով հատել է հոծ գիծը, նկատել է կանաչ գույն, սակայն այն շփոթել է դեղատան ճակատային մասի գովազդային վահանակի կանաչ լույսի հետ, իսկ «Լեքսուսն» էլ չի տեսել:

Իր բողոքում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանը նշել էր. «Դատարանը դատաքննության փուլում հետազոտեց գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում՝ ամբաստանյալ Գեորգի Խոջոյանի հարբածության, խմածության մասին, դեպքի օրը՝ գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնում կազմված թիվ 398 արձանագրությունը: Այդ արձանագրության՝ որպես ապացույցի մասին որեւէ առարկություն կամ միջնորդություն, ինչպես ամբաստանյալի, այնպես էլ վերջինի պաշտպան Ֆերոյանի կողմից չարվեց»:
Տուժողի ներկայացուցիչը խմածության հետ կապված դատարանում իր բողոքի ժամանակ նաեւ հայտնել էր, որ «խմած վիճակում ավտոմեքենա վարելը ներկայացնում է մեծ հասարակական վտանգավորություն, հաշվի առնելով դրա մեծ տարածվածությունը, պետք է նշանակել պատիժ նշված հոդվածի մաքսիմումի չափով»: Ի դեպ, մեղադրողն առաջին ատյանի դատարանում պահանջել էր չորս տարվա ազատազրկում, բայց դատարանը երեք տարի իջեցրել էր:

Վերաքննիչը երեք տարվա ազատազրկման դատապարտեց:
Դատարանում ներկայացվեց խմածության վերաբերյալ արձանագրությունը: Մասնավորապես, ըստ մեղադրանքի կողմի. «Ամբաստանյալ Գեորգի Խոջոյանի 0,40մգ/լ ալկոհոլ օգտագործած լինելու փաստը զետեղված է նաեւ այդ օրվա նրա հիվանդության պատմության մեջ: Դատական վիճաբանության ժամանակ ամբաստանյալի այն հայտարարությունը, թե իրեն հիվանդանոց են տարել ուշագնաց վիճակում, զավեշտ է, քանի որ այդպիսին չի արձանագրված արձանագրության մեջ, ավելին, նա իր ցուցմունքում նշել էր, թե վթարից հետո իր ոտքով իջել է ավտոմեքենայից»:

Բողոքաբեր կողմը պահանջել էր վերականգնել սոցիալական արդարությունը, մասնակի կարգով բեկանել դատավճիռը, ինչը, կարծում ենք, վերաքննիչ դատարանի կողմից արվեց:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031