Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեքնուկն» ընդդեմ տնտեսական մրցակցության հանձնաժողովի

Մարտ 02,2015 14:00

2013թ. մարտի 1-ին փոստային առաքմամբ վարչական դատարանում ստացվել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցադիմումն ընդդեմ «Երեքնուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 8.797.997 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի վերաբերյալ։ Մինչեւ վերջերս այդ վեճը շարունակվում էր:

Հայցադիմումով ներկայացվել էր մի միջնորդություն՝ հայցի ապահովման, այն է՝ «Երեքնուկին» պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու մասին։

Վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան) 2013թ. մարտի 7-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ եւ գործը նշանակվել է դատաքննության։ Դատարանի որոշմամբ հայցի ապահովման մասին միջնորդությունը բավարարվել էր հայցագնի՝ 8.797.997 դրամի չափով արգելանք էր դրվել ընկերությանը պատկանող գույքի, իսկ դրա անբավարարության դեպքում՝ նաեւ դրամական միջոցների վրա։
Այս գործը մի անգամ արդեն «ֆռռացել» էր դատական ատյաններում, ապա վերադարձվել, իսկ վերջերս վերաքննիչ վարչական դատարանն իր դատական ակտը կայացրեց հօգուտ հանձնաժողովի:

«Երեքնուկը» վիճարկել է 8.797.997 դրամ տուգանքի գումարի բռնագանձումը։ Վճռով հայցը բավարարվել է՝ նշված գումարը բռնագանձվել է ընկերությունից։ Դատարանը հաստատված է համարել, որ հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 24-ի «Երեքնուկ» ՍՊ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 389-Ա որոշմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ ընկերության 2010թ. հասույթի մեկ տոկոսի` 8.797.997 դրամի չափով։ Ընկերությունը որոշումն ստացել է 01.10.2012 թ., ուստի այն ուժի մեջ է մտել 02.10.2012 թ.։ Ընկերությունը որոշումը բողոքարկել է վարչական կարգով։ Հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 44-Ա որոշմամբ ընկերության վարչական բողոքը մերժվել է։

Վարչական բողոքը մերժվելուց հետո ընկերությունը վեճի մեջ էր մտել հանձնաժողովի հետ՝ պահանջելով, որ նրա 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 44-Ա որոշումն անվավեր ճանաչվի։

Գործը «կարուսելային» պտույտից հետո հանգրվանել էր նաեւ Վճռաբեկ դատարանում (նախագահող դատավոր՝ Ե. Խունդկարյան, դատավորներ՝ Մ. Դրմեյան, Վ. Աբելյան, Վ. Ավանեսյան, Ա. Բարսեղյան, Գ. Հակոբյան, Է. Հայրիյան, Տ. Պետրոսյան, Ե. Սողոմոնյան): 2014թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ մերժվել էր Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել։

Ըստ վերաքննիչ վարչական դատարանի օրեր առաջ տրված գնահատականի, հանձնաժողովի հայցը՝ 8.797.997 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու մասին, ենթակա է եղել բավարարման, ինչը եւ իրականացված է վճռով։ Ուստի, վճռով գործը ճիշտ է լուծվել եւ այն ենթակա չէր բեկանման։

Իսկ «Երեքնուկի» այն փաստարկին, թե դատարանը պարտավոր է եղել կասեցնել գործի վարույթը, քանի որ նույն ժամանակ վարչական գործով վիճարկվել է բռնագանձման հայցի հիմք հանդիսացող վարչական ակտը՝ հանձնաժողովի 24.09.2012 թվականի թիվ 389-Ա որոշումը, ապա դատարանը արձանագրել էր, թե «սույն գործն առաջին ատյանի կարգով գործի քննության ընթացքում, ըստ գործի նյութերի, դատարանին հայտնի չի եղել այդ գործի քննության փաստը։ Մասնավորապես, բողոքաբերն ինքը նման տեղեկություն դատարանին չի հայտնել եւ գործի վարույթը կասեցնելու միջնորդություն էլ չի ներկայացրել, որպիսի պայմաններում դատարանի գործողություններում դատավարական նորմի խախտում չի դիտվում»։

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031