Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին սրբապատկերը՝ Հայոց ցեղասպանության թեմայով

Մարտ 02,2015 13:30

Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը՝  Գեւորգ Եղիազարյանի «Եփրատ. գետերի տիրակալ» կտավի մասին

Ավելի քան 8 դար Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նոր սրբերի անուն չի հայտարարել, հետեւաբար չեն ստեղծվել նոր սրբապատկերներ: Ցեղասպանության զոհերի խնդիրը, սակայն, այնքան է սուր հայ ժողովրդի համար, որ եկեղեցին այդ առիթով անդրադառնում է սրբադասման կարգին:

«Մայր աթոռի Եղեռնի նահատակների սրբադասման հանձնաժողովը համապատասխան քայլեր իրականացրել է այդ ուղղությամբ: Շուտով այն հասանելի կլինի հանրությանը: Ես կուզեի խոսել կամ ծանոթացնել ինձ հայտնի Գեվալի (Գեւորգ Եղիազարյան) «Եփրատ. գետերի տիրակալ» կտավին՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին, որն, իմ համոզմամբ՝ նոր խոսք է սրբապատկերային մտածողության մեջ»,- «Առավոտին» հայտնեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է հեղինակն իր ստեղծագործությունը կնքել «Եփրատ. գետերի տիրակալ» վերտառությամբ եւ ի՞նչ առնչություն ունի Եփրատը Հայոց ցեղասպանության հետ, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը պատասխանեց. «Եփրատը, որ սկիզբ է առնում Հայկական բարձրավանդակից, հայոց բազմադարյան պատմության կենդանի վկան է։

Ցավոք, եդեմական գետը 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ շատերի նահատակության վայր հանդիսացավ՝ դառնալով հայ ժողովրդի արյան մկրտության ավազան։ Թերեւս այս մտքերն են ելակետային եղել հեղինակի համար»։ Մանրամասնելով կտավում պատկերվածը, մեր զրուցակիցն ասաց. «Գետի կոհակները մեղմիկ ճեղքելով, հանդարտ ընթանում է մակույկը՝ լեցուն իրար խռնված տարբեր սեռերի եւ տարիքի մարդկանցով։ Առաջինն աչքի է ընկնում հատկապես կանացի կերպարը, ինչպես նաեւ՝ փոքր երեխաները։ Կերպարներն արտասովոր տեսք ունեն. նրանք ավելի շուտ հիշեցնում են հոգիներ, քան իրական մարդիկ։ Նավարկողներն իրենց հայացքները տարբեր կողմեր են հառել, մեկը նայում է ուղիղ, մյուսը՝ վեր, հաջորդը՝ հակառակ ուղղությամբ… Ամենակարեւորը՝ դրանք քարացած հայացքներ չեն, այլ խոսող: Այդ հայացքներից յուրաքանչյուրը պատմում է նահատակության իր պատմությունը, թեպետեւ նրանց դեմքերին չկա ցավի եւ տառապանքի արտահայտություն»։

Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի համոզմամբ՝ կտավում գերիշխող երեք հիմնական գույներից յուրաքանչյուրը՝ դեղին, կապույտ, կարմիր, որոշակի գաղափար է փոխանցում ու խորհրդանշական իմաստ ունի։ «Հեռվում՝ դեղինի մեջ, ուրվագծվում է քաղաքը, որ աշխարհի պատկերումն է։ Սակայն միայն եկեղեցու գմբեթից կարելի է եզրակացնել, որ այնտեղ ժամանակին եղել է քաղաք… Դեղինը մահ եւ ավեր է խորհրդանշում այստեղ, իսկ եկեղեցու հազիվ նշմարվող գմբեթը երկրավոր, Զինվորյալ եկեղեցու խորհրդանիշն է, որը կանգուն պիտի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարտվել աշխարհի չարը։ Նավակի առաջամասը կապույտի մեջ է. կապույտը կյանքի խորհրդանիշ է, մինչդեռ նավախելը՝ կարմիրի, կարմրին է տալիս նաեւ գետի ջուրը։

Նավարկողները հավատի համար նահատակվածներն են, կարմիրը խորհրդանշում է նրանց արյունը։ Կարմիրից կապույտին անցումը նշանակում է, որ նավը լողում է մահվանից դեպի կյանք։ Իսկ նավը եկեղեցու խորհրդանիշ է, սակայն այստեղ արդեն՝ Քրիստոսի Հաղթական եկեղեցու, եկեղեցու, որ վեր են խոյացնում երկնաբնակ հրեշտակներն ու հրեշտակացյալ մարդիկ, այսինքն՝ սրբերը»,- հայտնեց սրբազան հայրը:

Ապա հավելեց. «Եթե սովորական մարդիկ մեռնելուց հետո սպասում են Վերջին դատաստանին, ապա, եկեղեցու վարդապետության համաձայն, սրբերն անմիջապես արժանանում են Տիրոջ տեսությանը։ Հավատի համար արյամբ վկայած հայոց նահատակները Եփրատն ի վեր լողում են դեպի աստվածային դրախտ՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Ի վայրի դալարւոջ անդ բնակեցոյց զիս, եւ առ ջուրս հանգստեան սնոյց զիս» (Սաղմ. ԻԲ 2-3)։ Հավատի համար հեղված նրանց արյունը, միախառնվելով Եփրատի ջրերին, գնում է ցողելու աստվածային դրախտը։ Չարի հալածանքը, հանուն հավատի նահատակությունը եւ սրբացումը թեպետեւ միեւնույն պատմության երեք տարբեր հանգրվաններ են, սակայն նկարում մի ընդհանուր շարժման մեջ են պատկերված, չի զգացվում որեւէ արհեստական ընդմիջարկում: Հեղինակին հաջողվել է պատկերին հաղորդել այնպիսի մի դինամիկա, որը վեր է ժամանակի եւ տարածության մեր ընկալումներից. այստեղ մենք գործ ունենք անվերջ զարգացող պատմության, շարունակվող իրադարձության հետ։ Այդ շարունակությունն արտահայտված է նաեւ գետի խորհրդաբանական իմաստի միջոցով, այն՝ իբրեւ բնության մի մաս, շարժման մեջ է, սակայն սա պարզ շարժում չէ, քանզի սովորական գետի մասին չէ խոսքը, այլ եդեմաբուխ գետի։ Ըստ աստվածաշնչյան պատումի՝ Եփրատն է, որ սկիզբ է առնում Եդեմից եւ վերադառնում նույն վայրը՝ ի տարբերություն մյուս գետերի, որոնք թափվում են լճերը կամ ծովերը»։

Ինչո՞ւ է Եփրատը գետերի տիրակալը հարցին՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը պատասխանեց. «Եփրատը տիրակալն է գետերի։ Դրախտաբուխ այս գետն է համակցում Մարտնչող ու Հաղթական եկեղեցիները եւ իրար կապում աշխարհն ու Աստծո արքայությունը, ժամանակն ու հավիտենությունը։ Նշեմ նաեւ, որ հեղինակի մտածողության մեջ Եդեմի ընկալումն աստվածաշնչյան իմաստին հարազատ կերպով է արտահայտված. Եդեմը՝ իբրեւ հոգեւոր իրողություն, նույնական է հավիտենության հետ։ Սակայն մարդկային երեւակայությանն անհասանելի դրախտը պատկերված չէ. այն պետք է ուրվագծվի նկարի առջեւ գտնվողների գաղափարներում, սրտերում, հոգիներում»։
Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի ձեւակերպմամբ՝ «Կտավի գեղարվեստական արժեքն իր պարզության մեջ է. այն Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծված առաջին սրբապատկերը կարելի է համարել, որը կերպարների եւ գույների համադրությամբ՝ նոր ավանդույթների ձեւավորման սկիզբն է ազդարարում համաշխարհային սրբապատկերային մտածողության մեջ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031