Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողության բանաձեւը». «Թե՛ ռինգում, թե՛ կյանքում ես փորձում եմ ազնիվ լինել»

Մարտ 02,2015 13:00

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկը
ներկայացնում է հաջողության իր բանաձեւը

Ուղիղ մեկ շաբաթ առաջ այս օրն աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Բեռլինում կայացած մրցամարտում տապալեց Փոլ Սմիթին եւ պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Այսօր «Առավոտը» իր նոր՝ ամենշաբաթյա «Հաջողության բանաձեւը» շարքում խոսել է Արթուր Աբրահամի հետ, բացահայտել աշխարհահռչակ բռնցքամարտիկի անցած ճանապարհի դժվարությունները եւ հաջողության ճանապարհին նրա կազմած բանաձեւերը:

Նախքան բռնցքամարտիկ դառնալը, Արթուր Աբրահամը սովորել է Երեւանի կրկեսի շենքի հարեւանությամբ գործող հեծանվադպրոցում, դարձել հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն: Բռնցքամարտով նա սկսել է զբաղվել, երբ Գերմանիա է տեղափոխվել: «1995 թվականին եղբորս` Ալեքս Աբրահամի հետ Երեւանից տեղափոխվել եմ Գերմանիայի Բամբերգ քաղաք: Նախ այնտեղ, իսկ ավելի ուշ Նյուրնբերգում զբաղվել եմ սիրողական բռնցքամարտով: 1997-ին դարձա Գերմանիայի սիրողական բռնցքամարտի պատանիների չեմպիոն: Այսպես, կամաց-կամաց սկսվեց իմ ուղին դեպի բռնցքամարտ: Մի գեղեցիկ օր իմ մարզիչը` Ուլլի Վեգները, սփարինգ-մենամարտի ժամանակ տեսնելով իմ ունակությունները՝ համագործակցության առաջարկ արեց: 2003 թվականին ստորագրեցի պայմանագիր հայտնի մարզիչ Վիլֆրիդ Զաուերլանդի հետ` սկսելով պրոֆեսիոնալ կարիերաս»,- պատմում է հայազգի բռնցքամարտիկը:

Հաղթանակի առաջին՝ ամենաքաղցր համը զգացել է 2005 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ հաղթեց նիգերացի Կինգսլի Իկեկեին` նվաճելով բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետագայում արդեն անընդհատ իրար հետեւող հաջողությունները չփոխեցին նրա կյանքում ամրագրված սկզբունքները. ազնվությունը, աշխատասիրությունը, կամքը, հավատը հաջողության ճանապարհի նրա ուղեկիցներն էին:

Խոսելով ռինգում ապրած պարտությունների մասին՝ Արթուր Աբրահամն անկեղծանում է՝ դրանք չեն հաղթահարվում. «Մարզիչս ասում է՝ ոչինչ ավելի հին չէ, քան երեկվա հաղթանակը: Այո, հաղթանակը շուտ մոռացվում է, իսկ պարտության թողած տրամադրությունը երկար է ապրում: Ամեն դեպքում, պարտությունն էլ մարդու համար է եւ երբեք պետք չէ հիասթափվել, տխրել, հուսալքվել, այլ հակառակը՝ պայքարել եւ հաղթել»:

Արթուր Աբրահամի համար մեծ ձեռքբերում եւ հաջողություն է յուրաքանչյուր մենամարտը, որի արդյունքում նվաճում կամ կարողանում է պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. «Այդ հաղթանակների ճանապարհները հեշտ չեն, դրանք ամիսներ տեւող ամենօրյա ծանր մարզումներ են, առանց որոնց ոչ մի մարզիկ չի կարող հաջողության հասնել»:

Այս ընթացքում նրա կողքին մշտապես եղել, օգնել եւ հավատացել են նախ ընտանիքը՝ ծնողները, եղբայրը, հետո արդեն նաեւ մարզիչը՝ Ուլլի Վեգները եւ մենեջերը՝ Վիլֆրիդ Զաուերլանդը: «Հենց նրանց ջանքերն ու խորհուրդներն են ինձ հասցրել այնտեղ, որտեղ հիմա եմ»,- ասում է Արթուր Աբրահամը:

Հաղթանակը կյանքում եւ ռինգում. աշխարհահռչակ բռնցքամարտիկը մի փոքր տարակուսում է, ասում է՝ ռինգում սկզբունքները, մոտեցումները, տեմպը տարբեր են. «Բայց կյանքն էլ ինչ-որ տեղ ռինգ է… Թե՛ ռինգում, թե՛ կյանքում ես փորձում եմ ազնիվ լինել, երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս, նրանց հնարավորությունները, բայց նաեւ չեմ գերագնահատում: Կենտրոնանում եմ իմ նպատակի վրա եւ գնում հաղթելու»:
Արթուր Աբրահամի հաջողության բանաձեւը հստակ է՝ անհրաժեշտ են աշխատասիրություն, սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ սեր այն գործի հանդեպ, որն անում է:

 

PrevPhoto
NextPhoto

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Արթուր Աբրահամը՝ ընտանիքի հետ:

Լուսանկարները՝ Արթուր Աբրահամի անձնական արխիվից:

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031