Թեեւ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի բյուջեն մյուսների պես խիստ սահմանափակ է, սակայն ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը համոզված է, որ այսօր պետության հնարավորություններն են սահմանափակ, իսկ ուշադրության առումով պետական կառույցից վերաբերմունքի պակաս չկա:
«Առավոտի» հետ զրույցում Տիգրան Չոբանյանն անդրադարձավ ֆեդերացիայի աշխատանքներին` խնդիրներին եւ ձեռքբերումներին:
– Պարոն Չոբանյան: Դուք տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ եք կազմակերպում, ընդհուպ մինչեւ միջազգային մրցաշարերի անցկացում Հայաստանում:
– Այո: Մեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ մեծ է: Ամեն ամիս երկուսից-երեք միջոցառում ունենք, որոնց մեջ ներառվում են եւ Հայաստանի, եւ ակումբային առաջնությունները, միջազգային մրցաշարերը: Այս տարի շատ հետաքրքիր ծրագիր ունենք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Դա մեր ավանդական միջազգային մրցաշարն է, որն այս տարի ընդլայնել ենք՝ համագործակցելով մենապայքարային այլ ֆեդերացիաների հետ: Հաջորդաբար անցկացվելու են «Կիոկուշին» կարատեի, «Քիկբոքսինգի» միջազգային մրցաշարեր, ապրիլի 24-ին «Դինամո» մարզադահլիճում` ընդհանուր մարտարվեստների փառատոն, իսկ հաջորդ երկու օրերին` ուշուի միջազգային մրցաշար:
Կարդացեք նաև
Մեր ծրագրերի կարեւորագույն դրույթներից մեկն էլ մեր ուշուիստներին աշնանը Ինդոնեզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստելն է: Եթե անցած տարի երիտասարդների աշխարհի առաջնությունում մեկ հաղթող ունեցանք, մեծահասակների մեջ մեր վերջին արդյունքը եղել է 2011 թվականին` արծաթե մեդալ: Ունենք լավ մարզիկներ, կարողացել ենք հաջող սերնդափոխություն ապահովել: Հայաստանյան միջազգայիններից բացի, Իտալիայում, Լեհաստանում եւ Իրանում կայանալիք միջազգային մրցաշարերին մասնակցելով, որոնցում թեժ մրցակցություն է լինելու, ուզում ենք աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի բացը լրացնել:
– Մեր ուշուիստներն արդեն երկար տարիներ չեն մասնակցում Եվրոպայի առաջնություններին: Որքա՞ն է այդպես շարունակվելու:
– Մենք բոյկոտում ենք Եվրոպայի առաջնությունները եւ այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումները, քանի դեռ մեր պահանջը չի բավարարվել: Այն է` փոխել մրցումներում մշտապես գլխավոր մրցավար նշանակվող` Ալեքսանդր Ռադունցեւին, որը մեզ համար անհասկանալի պատճառներով ամեն անգամ նպատակաուղղված աշխատում է Հայաստանի մարզիկների դեմ: Այդ պայքարում մյուս ազգային ֆեդերացիաները, որոնք նույնպես այդ մարդու «զոհերից» են, ժամանակին մեզ չսատարեցին: Սակայն վերջերս Եվրոպայի ֆեդերացիայում մեծ տրոհումներ են սկսվել: 15 ֆեդերացիաներ եւս ըմբոստացել են: Նրանք դիմել են մեզ, բայց նրանց մերժել ենք: Ցանկանում են եվրոպական նոր ֆեդերացիա ստեղծել: Մեր դիրքորոշումը մնում է հստակ. մնալ գործող ֆեդերացիայի կազմում եւ հասնել այն բանին, որպեսզի դրա ղեկավար կազմի փոփոխություններ իրականացվեն եւ հավասարությունը, ազնվությունն ու արդար մրցակցության սկզբունքները պահպանվեն ու հարգվեն:
– Կա մարզական եւ առողջարարական ուշու: Դրանցում վիճակն ինչպիսի՞ն է:
– Մարզականի առումով, անկեղծ պետք է խոստովանեմ, քանակի նվազում կա: Բայց դա ոչ թե նրանից է, որ ֆեդերացիան չենք կարողանում լավ ղեկավարել, մայրաքաղաքում եւ մարզերում մեր ակումբներն ու խմբերն են փակվում, այլ` երիտասարդների մեջ հետաքրքրությունների շրջանակն է փոխվել: Հիմա երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում են համակարգիչները, իրենց տարիքին անհարիր զոմբիացնող ինչ-որ այլ զբաղմունքներ: Արդյունքում, հենց երիտասարդների մեջ առողջության վատթարացման շատ մեծ ցուցանիշներ են արձանագրվում: Սա խորը ցավով եմ ասում: Բայց մենք հանրապետությունում մեր սփռվածությունը պահպանում ենք: Ուղղակի նույն ակումբների ու խմբերի առկայությամբ մշտապես մարզվողների քանակն է պակասել: Հիմա մարզական ուշուով Հայաստանում մշտապես զբաղվում է 2-3 հազար երիտասարդ: Ինչ վերաբերում է առողջարարական ուշուին, որտեղ պետք է որ մասսայականությունն ավելի մեծ լիներ, հակառակն է: Կան զբաղվողներ, բայց դրանք գերազանցապես երեւանաբնակներն են: Այստեղ էլ ազգային մտածելակերպն է աշխատում` հայը չի սիրում իր առողջությամբ զբաղվել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2015