Մեր իրականության մեջ շատ ծնողներ դեռ առաջնորդվում են տերթոդիկյան մեթոդներով եւ երեխային դաստիարակում ծեծի եւ արհամարհանքի միջոցով: Ոմանք բղավում են եւ խնդիրը բացատրելու փոխարեն՝ սկսում են վիրավորել փոքրիկին՝ չգիտակցելով, որ դրանով նա ավելի վատ վարքագիծ է ունենալու: Հոգեբան Սոնա Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ծնողները ոչ մի դեպքում չպետք է փոքրիկին ասեն՝ տխմար, հիմար, ծույլ, ասածդ իմաստ չունի, կամ դու ինչ գիտես, դու դեռ երեխա ես: Նման դեպքում վիրավորում ու նվաստանում է երեխայի անձը: Պետք է վերլուծել փոքրիկի գործողությունները, քանի որ հակառակ դեպքում ձեր բալիկը կսովորի այդ արտահայտություններին եւ անընդհատ չլսելով գովասանք կամ խրախուսանք՝ դառնում է այնպիսին, ինչպես որ անվանում եք նրան:
Այսօր շատերն են երեխաների վարքը ուղղելու համար ասում՝ ես ամաչում եմ քեզնից, որովհետեւ դու վատ տղա ես ու սենյակդ կեղտոտ ես պահում, կամ՝ դու պետք է կատարես տնային հանձնարարություններդ, որովհետեւ ուսուցիչն է ասել, եւ որովհետեւ ես քո հայրն եմ, եւ դու ինձ պետք է ենթարկվես: Նմանատիպ արտահայտությունները հոգեբանական պատժի տեսակ են, որը, ըստ մասնագետի, նույնպես վիրավորում է երեխայի անձը: Պետք է ասել՝ ամաչում եմ այն բանից, թե որքան կեղտոտ է քո սենյակը ու վստահ եմ, որ դու կարող ես այն մաքրել, կամ՝ դու պատրաստվում ես անել քո տնային հանձնարարությունները. դու կսովորես, իսկ ես ավելի կհպարտանամ քեզնով:
Խոսքի ուժը մեծ ներգործություն ունի, եւ ծնողների ցանկացած խոսք երեխան լուրջ է ընդունում: Շատ ծնողներ բողոքում են, որ երեխան դարձել է ինքնամփոփ եւ իր խնդիրներով չի հաղորդակցվում նրանց հետ: «Ոչ մի դեպքում ծնողները չպետք է երեխային ցույց տան իրենց առավելությունը, այլ պետք է հավասարվեն նրանց` հասակով, վերեւից բղավելով խոսելը հրամայական ու պարտադրող ուժ ունի: Փոքրիկը պետք է զգա, որ իր մայրը եւ հայրը նրան հավասար են, ընկերն են ու սովորեցնող են, անկախ նրա արարքից»,- ասաց հոգեբանը: Ծնողական այս արարքը երեխան լավ է ընկալում եւ իրեն մենակ չի զգում՝ փոխարենը գիտի, որ աջակցող ունի: Հաճախ մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս, որ ուշադիր եւ բարեկիրթ ձեւով լսեն իրենց բալիկներին եւ չընդհատեն նրանց խոսքը, երբ նրանք փորձում են վերարտադրել իրենց պատմությունը: Եթե փոքրիկը դեռ խոսում է, իսկ ծնողը ասում է` լավ, հասկացա, կամ` իմացա ինչ ես ասում, ապա երեխան հասկանում է, որ իր ասածն այնքան էլ կարեւոր չէ: Չլսելով կամ չհասկանալով՝ անվստահության մթնոլորտ է ստեղծվում եւ սա տանում է նրան, որ երեխան այլեւս չի ցանկանում ծնողին հայտնել իր կարծիքը:
Փորձեք հաճախ խրախուսել եւ քիչ նախատել երեխաներին եւ սովորեցնել հավատալ իրենց ուժերին: Եվ, վերջապես, աշխարհում ոչ մի երեխա չի բողոքել այն հանգամանքից, որ իր նկատմամբ ծնողների սերը չափազանց է: Յուրաքանչյուր երեխայի համար ամենակարեւորը ծնողական սերն ու ջերմությունն է:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2015