Լրահոս
Օրվա լրահոսը

Հասանելի և բարեփոխվա՞ծ կրթություն. ուր է տանում կրթության գործող համակարգը

Մարտ 02,2015 11:13

Միրո Ավդոյանն իր դպրոցահասակ քույրերի ու եղբայրների հետ ամեն օր, ոտքով 4,5-5 կմ ճանապարհ է կտրում, կես ժամ քայլում են դպրոց հասնելու համար: «Մեծամորի դաչաներ» կոչվող թաղամասում, որտեղ ապրում են, դպրոց չկա: Ավդոյաններն էլ, ստիպված երեխաներին կրթության են տվել իրենց թաղամասին ամենամոտը գտնվող Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի դպրոցում:

«Կես ժամ շուտ ենք ճանապարհ ընկնում, որ դասից չուշանանք: Հատկապես դժվար է ձմռանը, երբ առավոտվա այդ ժամին և՛ մութ է, և՛ ցուրտ: Ճանապարհն անանցանելի է հատկապես քարուքանդ փողոցների պատճառով, որոնք մի կերպ են հաղթահարում փոքրերը»,-ասում է 12-րդ դասարանում սովորող Միրո Ավդոյանը:

Միրոյի և այդ թաղամասից Մայիսյանի դպրոց հասնող ևս 9-ը աշակերտների համար կրթօջախի ղեկավարությունը, ձմռան սեզոնին պարապմունքները սկսում է 30 րոպե ուշացումով, սակայն դա միակ լուծումն է, ինչ կարող է անել դպրոցի ղեկավարությունը միայնակ:

Դպրոցական ավտոբուս ասածը երազանք է Հայաստանի գրեթե բոլոր դպրոցների համար:

«Եթե այդպիսիք գործեն՝ թե՛ ծնողները, թե մենք ավելի հանգիստ ու ապահով կզգանք»,- ասում է Մայիսյան գյուղի դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը:

Միայն 70 երեխա իրենց դպրոց են հաճախում հարևան Ծառաշեն համայնքից: Գալիս են բացառապես հասարակական տրանսպորտով: Արմավիր-Մեծամոր երթուղայինի տարեկան ծախսը, որից օգտվում են Մայիսյանի դպրոցականների զգալի մասն ու ուսուցչակազմը, ըստ օրենքի, իր վրա է վերցրել պետությունը, սակայն առայժմ՝ թղթի վրա:

«Պետությունը, դպրոցականների և ուսուցիչների ճանապարհածախսի համար գումար նախատեսել է, բայց այն հաճախ մնում է թղթի վրա:

Թեև ուսուցիչների ճանապարհածախսի ֆինանսավորումը ստանձնել է կառավարությունը, բայց դրա կատարողականը թողել է մարզպետարաններին: Բյուջե չունեցող մարզպետարաններն էլ հանձնարարականը վերահասցեագրել են գյուղապետարաններին: Ստացվում է՝ կառավարությունը խոստացել, իսկ խոսքը գործ են դարձրել ինքնաֆինանսավորվող և առանց այն էլ սուղ միջոցներ ունեցող տեղական բյուջեները:

«Մեր դպրոց հաճախող հարևան համայնքի երեխաների և ուսուցիչների ճանապարհածախսը գյուղապետարանն է հոգում՝ տեղական բյուջեից հատկացնելով տարեկան շուրջ 800 հազար դրամ»,- իրավիճակը ներկայացրեց Մայիսյան գյուղի դպրոցի տնօրենը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հասարակական կենտրոնի 2012 թվականի «Դպրոցական կրթության հասանելիությունը Հայաստանում» հետազոտությունը պարզել է, որ երեխաների 75 տոկոսը դպրոց է գնում ոտքով: Ընտանիքի անձնական մեքենայից օգտվում է հարցվածների 12, իսկ հասարակական տրանսպորտից՝ 9-ը տոկոսը: Տաքսի ծառայություններից օգտվողներ նույնպես կան՝ 3 տոկոս:

Սերոբ Խ՚աչատրյան

Սերոբ Խաչատրյան

Այն, որ կառավարությունը ուսուցիչների և աշակերտների ճանապարհածախսի համար 120 հազար դոլար է նախատեսել, տեղյակ է նաև ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, բայց շեշտում է, որ իր տեղեկություններով «ուսուցիչներն ու աշակերտներն իրենց անձնական միջոցների կամ, լավագույն դեպքում, գյուղապետարանների հաշվին են երթևեկում»:

Դպրոցների հասանելիության ու համաչափության խնդիրները մարզերում առավել սրվեց ավագ դպրոցներ հիմնելուց հետո, որոնք հիմնականում տեղակայված են մարզկենտրոններում և հավելյալ ծախս է պահանջվում աշակերտին դպրոց ուղարկելու համար:

Հայաստանի 110 ավագ դպրոցները գտնվում են մեծ ու փոքր քաղաքային վայրերում և գյուղի երեխաները զրկված են ավագ դպրոց հաճախելու հնարավորությունից: Գյուղական վայրերում հիմնականում գործում են 12-ամյա միջնակարգ դպրոցներ, Հայաստանում գործող 770 միջնակարգ դպրոցից 703-ը գտնվում են համայնքներում:

Այս հանգամանքն իրավունքների խախտում է համարում Սերոբ Խաչատրյանը՝ հիշեցնելով կրթական ոլորտի ռազմավարական ուղղություններից մեկը՝ հավասարաչափ զարգացումը, որը խախտվում է:

«Եթե գյուղերում ավագ դպրոցներ չկան, ապա համաչափ զարգացման մասին խոսելն ավելորդ է, քանի որ միայն այդ գործոնը բավարար է, որ գյուղի երեխաները ստանան ավելի ցածր որակի կրթություն, չնայած կան նաև բազմաթիվ այլ գործոններ,- ասում է կրթության փորձագետը:

Միրոն, իր դասընկերներ Նարեկի, Անդրանիկի և Հովհաննեսի նման 9-րդ դասարանից դպրոցը կթողներ ու արհեստ սովորելու կգնար, եթե ընտանիքը ֆինանսական ծանր դրության մեջ չլիներ. Արմավիր գնալ-գալու համար օրական, նվազագույնը, 200 դրամ է պետք, ինչի հնարավորությունը Միրոյի ընտանիքը չունի:

Թեև կրթական ծրագիրը երեխաներին հնարավորություն տալիս է 9-րդ դասարանից հետո քոլեջներ գնալ, բայց գյուղաբնակ երեխայի համար քաղաք հասնելն այնքան էլ հեշտ ու մատչելի չէ: Գյուղական դպրոցների տնօրենների զգալի մասը համոզված է, որ, եթե դպրոցներում արհեստագործական դասարաններ հիմնելու ծրագիր լինի, երեխաներից շատերը 9-րդ դասարանից դուրս չեն գա՝ կմնան և դպրոցում արհեստներ կսովորեն:

«Լավ կլիներ, որ ավագ դպրոցների ստեղծման համար ներդրված գումարներն ուղղվեին արհեստագործական դասարաններ բացելուն: Երեխաների մի մասը, որոնք չունեն ակադեմիական հաջողություններ, ստիպված չեն լինի 9-րդ դասարանից դուրս գալ, այլ կմնան դպրոցում՝ ուսմանը զուգահեռ նաև արհեստ կսովորեն»,-կարծում է Խաչատրյանը:

Կրթության և գիտության նախարարության «Հանրակրթությունը Հայաստանում. վիճակագրական տեղեկատուի» տվյալներով 2012-13 թթ. մոտ 40 տոկոսով աճել է հիմնական դպրոցն ավարտած և ուսումը կիսատ թողած աշակերտների թվաքանակը,

Ըստ նախարարության տվյալների «Դպրոցից հեռացած սովորողների թվաքանակի հիմնական մասը (շուրջ 70%) բաժին է ընկնում դպրոցից՝ ցանկության բացակայության հիմնավորմամբ, դուրս եկածներին»:

Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան

Սակայն կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը վստահ է, որ պատճառը ոչ թե հիմնականում ցանկության բացակայությունն է, այլ սոցիալական խնդիրները.

«Եթե միևնույն է աշակերտը դպրոցում մնալով չէր սովորելու, ապա դպրոցական ծախսերը՝ այն էլ ավագ դպրոցներում, անիմաստ են համարում շատերը, բայց եթե դրանց կողքին մենք ունենայինք արհեստագործական դասարաններ կամ նորմալ արհեստագործական քոլեջներ, ապա շատերը չէին թողնի ուսումը»,- ասում է Բախշյանը:

Ըստ Բախշյանի, կառավարության նոր որոշումը՝ տասներկուամյա կրթության պարտադիր դարձնելու մասին, ճիշտ է, սակայն դա պետք է իրագործելի դարձնել:

«Եթե քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները չզարգանան, սա ուղղակի չի աշխատի, պետք է պարզապես գումարները ճիշտ ծախսել, հիշում եմ 2006 թվականին Եվրամիության կողմից բավական գումար էր տրամադրվել տասներկու տարածքային քոլեջներ հիմնանորոգելու համար, սակայն սայլը տեղից չշարժվեց»,- ասում է Բախշյանը:

 
Բարեփոխումների հսկայական վարկերն ու արդյունքները

Հայաստանում կրթական բարեփոխումների հիմնական փուլն սկսվել է 1997 թվականից և բարեփոխված կրթության ողջ շրջափուլն անցած աշակերտներն արդեն ավարտել են, ինչն էլ հնարավորություն է տալիս խոսել արդյունքների մասին:

Համաշխարհային բանկի կրթական վարկային ծրագրերով 17 տարվա ընթացքում ներդրվել է մոտ 95 մլն դոլար, որի առյուծի բաժինը՝ 84 մլն դոլարը հանրակրթության զարգացման, բարեփոխումների վրա է ծախսվել, սակայն արդյունքներն առայժմ տեսանելի չեն:

«Շատ մտահոգիչ են հեղինակավոր, միջազգային ստուգատեսի՝ ԹԻՄՍՍ-ի արդյունքները: Սա միակ միջազգային ստուգատեսն է այս պահին, որին մեր աշակերտները մասնակցում են,- ասում է Խաչատրյանը:

«2012-ին հրապարակվեց ստուգատեսի վերլուծականը, որտեղ, եթե ընդհանրական ասեմ, 2003 թվականի համեմատ 2011-ին Հայաստանը գրեթե բոլոր չափանիշներով անկում էր արձանագրել, մինչդեռ բարեփոխումներից հետո ակնկալվում էր հակառակ արդյունքը»:

Ըստ ԹԻՄՍՍ-ի տվյալների, բավականին ցածր են մեր դպրոցականների ցուցանիշները բնագիտական առարկաներից: Հայաստանի 4-րդ դասարանցիների միջին ցուցանիշը մասնակից 50 երկրների մեջ 44-րդն է, իսկ 9-րդ դասարանցիների ցուցանիշը՝ 38-րդը:

Ի դեպ, ԹԻՄՍՍ ստուգատեսը «Կրթության զարգացման 2011-2015 պետական ծրագիրը» համարում է Հայաստանի հանրակրթության որակի առավել վստահելի առկա ցուցանիշը:

«Մեկ այլ շատ մտահոգիչ փաստ կար ստուգատեսի վերլուծականում, որտեղ առանձնացված ներկայացվում են նաև մեծ քաղաքների ու 100 հազարից փոքր բնակչություն ունեցող համայնքների աշակերտների տվյալները: Իսկ այստեղ մեր երեխաների միջև տարբեր ցուցանիշներում մինչև 30 միավորի տարբերություն կար, այսինքն՝ փոքր համայնքների երեխաները վատ կրթություն են ստանում: Ի դեպ, 4-րդ դասարանում տարբերությունը փոքր է, 9-րդ դասարանից՝ բավական մեծ, սա նշանակում է մենք լուրջ խնդիր ունենք համաչափ զարգացման առումով»,- ասում է Խաչատրյանը:

Հանրակրթության անկման խնդիրներ էին պարբերաբար արձանագրում նաև կրթության պետական տեսչությունն ու գնահատման և թեստավորման կենտրոնը: Ըստ նրանց, ընդհանուր արդյունքները բավական ցածր են:

2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրակրթության ավագ դպրոցների 10-րդ դասարաններում գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից անցկացրած ընթացիկ արդյունքների գնահատումը «քիմիա» և «ֆիզիկա» առարկաներից ևս գոհացուցիչ չէ. երկու առարկաներից էլ դրական միավորների շեմը չի հաղթահարել աշակերտների շուրջ 40 տոկոսը:

Քիմիայից 9-10 գնահատական ստացել է աշակերտների 2 տոկոսը, 6-8 գնահատական՝ 22 տոկոսը, իսկ աշակերտների 34 տոկոսը 4-5 գնահատական է ստացել:

Գրեթե նույն պատկերն է ֆիզիկա առարկայի դեպքում: 9-10 գնահատական ստացել է աշակերտների 1,4 տոկոսը, 6-8 գնահատվել է 18 տոկոսը, իսկ 40 տոկոսը 4-5 գնահատական է ստացել:

Նարինե Հովհաննիսյան

Նարինե Հովհաննիսյան

ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը կրթական բարեփոխումների գործընթացը դրական է գնահատում: Ըստ նրա, դրական տեղաշարժ է նկատվում և հատուկ կրթական և՛ նախակրթական և՛ ավագ դպրոցներում:

Սկզբունքորեն դեմ չլինելով լրացուցիչ պարապմունքներին, որոնք աշակերտները ստանում են կրկնուսույցներից, հանրակրթության վարչության պետը նկատեց.

«Ավագ դպրոցներ ունենք, որտեղ երեխաների 60 տոկոսը կրկնուսույցի մոտ է գնում: Չարենցավանի ավագ դպրոցում, օրինակ, երեխաները 15-16 միավորի գրում են թեստերը, բայց որպեսզի բուհ ընդունվեն պետպատվերով՝ 19-20 միավոր հավաքելով, լրացուցիչ դասեր են առնում»:

Կրթական բարեփոխումներն, ըստ Նարինե Հովհաննիսյանի՝ դրական են նաև այն իմաստով, որ 9-րդ դասարանն ավարտած երեխային հնարավորություն է տալիս իր նախասիրությամբ ճիշտ ճանապարհ ընտրել:

«9-րդ դասարանից հետո երեխան կարող է մասնագիտական կրթություն ստանալ՝ հաճախելով ուսումնարան, քոլեջ, այսինքն՝ երեխան առաջ գնալու ճանապարհ է տեսնում»:

Չնայած, տարիներ շարունակ պաշտոնյաները պնդում էին, որ ավագ դպրոցների ներմուծմամբ և՛ կբարձրանա կրթության որակը, և՛ կվերանա կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը, սակայն շատ խնդիրների լուծում այդպես էլ չտվեց՝ ավելացնելով նորերը:

«Հայաստանում առանձնացված ավագ դպրոցներ ձևավորելը սխալ էր: Փոխարենը, կարելի էր ներդրումներ անել մեր ունեցած դպրոցների՝ 1-12-րդ դասարանների վրա և լավ արդյունք ստանալ: Ճիշտ է՝ ավագ դպրոցները հոսքային խմբեր, ավելի խորացված կրթություն և դրա համար նախատեսված դասագիրք ունենալու հնարավորություն են տալիս, բայց միևնույն է՝ կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը չի վերանում: Մինչդեռ, նպատակը, նախ և առաջ, լրացուցիչ պարապմունքները կանխելն էր»,- ասում է Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ ուղին, որն ընտրել է մեր կրթական համակարգը, խնդիրների առաջ է կանգնեցրել նույնիսկ Միացյալ Նահանգներին:

«Ամերիկացի երեխաների մոտ կրթությունն անհամաչափ է իրականացվել: Գրեթե նույնը կրկնվում է նաև մեր երկրում: Դպրոցականների 10-20 տոկոսն է միայն սովորում: Նույնիսկ ավագ դպրոցներում աշակերտներ կան, որ բազմապատկման աղյուսակը չգիտեն: Գիրք, անգամ դասագիրք չեն թերթում»:

«Ողջ աշխարհում արդեն հստակ խնդիր է, որ կրթության որակն ու համաչափ զարգացումը պետք է համադրել, այսինքն` այն երկրները, որոնց 20-30 տոկոս աշակերտները փայլուն արդյունքներ ունեն, բայց մնացյալ 70 տոկոսը հետ են մնում, այս երկրները սկսում են համարվել թույլ, անհեռանկար երկրներ, սա, ի վերջո, կհանգեցնի հասարակության երկարաժամկետ բևեռացման՝ խորացնելով առկա սոցիալական բևեռացումը»,-ասում է Սերոբ Խաչատրյանը:

Անահիտ Բախշյանը ևս համամիտ է, որ Հայաստանի համար առաջնային խնդիրներից է համաչափ զարգացումը, այլապես «այս ճանապարհը վտանգավոր է»:

«Այն, որ մենք ունենք տարածաշրջանում միջազգային առարկայական օլիմպիադաներից ամենաշատ մեդալները, սա դեռ շատ քիչ արդյունք է և դա միայն մի քանի դպրոցների, մի քանի ուսուցիչների արդյունքն է, մինչդեռ միջին, ընդհանուր որակը բավական մտահոգիչ է»,- ասում է Բախշյանը՝ հավելելով, որ բարեփոխումները շարունակվում են, սակայն «արդյունքները դեռ շատ քիչ են»:

Հայկուշ ԱՍԼԱՆՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

 Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031