«Այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին փոխհատուցելու գործն այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել: ՀՀ ավազակապետական իշխանությունները հատուկ ցինիզմով չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի ժողովրդի պահանջներին, թե՛ ընդդիմության օրինագծերին, թե՛ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած բանաձեւերի վրա: Նրանք բացեիբաց հայտարարում են՝ շատ էլ լավ ենք արել, որ Մարտի 1-ին ժողովրդի գնդակահարել ենք: Պետք լինի՝ էլի կանենք»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ բոլոր բռնապետություններն էլ փորձում են մոռացության մատնել իրենց գործած հանցագործությունները:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Մարտի 1–-ի ոճրագործության պատասխանատուները այս իշխանության օրոք չեն պատժվելու, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է թեւաթափ լինի դրանից. «Մոռանալ նշանակում է ներել, իսկ մոռացված ոճրագործությունը որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն: Պետք է գիտակցել, որ որքան էլ դաժան, բռնապետությունը անհանգստանում, զայրանում եւ նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած հանցագործությունները: Եթե բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ժողովրդի ձեռքին, ընդդիմության ձեռքին մնում է մեկ ազդեցիկ զենք՝ չմոռանալ, չմոռանալ եւ հիշեցնել վարչախմբին: Նրանք գիշերները չեն քնում»:
Նա հայտարարեց, որ Մարտի 1-ը պետք է ընդունել Մարտի 1-ի զոհերի հիշատակի, բողոքի օր եւ պետք է պատվիրել ընդդիմությանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ այդ օրը հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար:
Կարդացեք նաև
Նա քվեարկություն անցկացրեց եւ պարզեց. «Դեմ չկա, ձեռնպահ չկա, ուրեմն արձանագրում եմ՝ որոշումն ընդունված է՝ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների կողմից»:
Նա վստահեցրեց, որ իշխանությունը գուցե տապալի նաեւ այդ նախաձեռնությունը, բայց դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ ժողովուրդն ընդունել է հիշատակի եւ բողոքի այդ օրը. «Ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ ազգային օրերը, հիշատակի տոները եւ սովորությունները ոչ թե եկեղեցին է սահմանում, այլ ժողովուրդն ինքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ Հակոբյանի: