«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն այսօր Մյասնիկյանի արձանի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Աղվան Հովսեփյանի հայտարարությանն ի պատասխան, որ Մարտի 1-ն արդեն բացահայտված է՝ ասաց. «Բնականաբար, ովքեր մեղադրյալ են որպես անցնում Մարտի 1-ի գործով, բնականաբար, նրանք էլ դերակատարներ են, բայց գլխավոր դերակատարները չեն: Մարտի 1-ը ես չեմ համարում լիարժեք քննված գործ: Այդ գործընթացը լիարժեքորեն քննելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է բոլոր այն մարդկանց հարցաքննել, որոնց հրամանով կատարվել էր այդ գործողությունները ե՛ւ այդ օրը, ե՛ւ դրան նախորդած օրերը ցանկացած գործողություն: Ակնհայտ է, որ թե՛ իրավական առումով, թե՛ քաղաքական առումով, որ դա չբացահայտված գործ է: Հասարակության մոտ չկա այն համոզմունքը եւ այն վստահությունը, որ իրենք վստահ լինեին, ընդունեին, որ այդ գործի անաչառ քննության եւ բացահայտման համար ընդհանրապես ինչ-որ բան արվել է: Նկատի ունեմ նաեւ վերջնաժամկետով, միայն քննչական պրոցեսը չի, որ ես դիտարկում եմ: Դա զուտ մասնագիտական խնդիր է: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի, մի շատ կարեւոր խնդիր կա այդտեղ, որ մինչեւ այս պահը բացահայտված չի: Չկան այն մարդիկ, որոնց մեղքով ուղղակիորեն կատարվել է այդ ողջ ոճրագործությունը: Պատվիրատուները չկան: Պարզ է, որ Մարտի 1-ի բացահայտումը միայն տեղի կունենա, իմ խորին համոզմամբ, իշխանափոխությունից հետո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ Հակոբյանի: