Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի հանրահավաքը:
«7 տարի առաջ այս օրը գիշերով, խաղաղ, անզեն մարդկանց վրա իշխանությունները հարձակվեցին: Երկու օր ՀՀ-ում տոտալ ջարդ էր գնում, ջարդ՝ խաղաղ ցուցարարների, խաղաղ բնակիչների, կանանց, խաղաղ քնած մարդկանց վրա: Ձերբակալվեցին հարյուր հազարավոր մարդիկ, բանտերում լցվեցին 150 քաղբանտարկյալ հայտարարված մեր ակտիվիստներ: Առնվազն 10 զոհ ունեցանք: Մարտի 1-ը դարձավ Սերժ Սարգսյանի խաղաղ իշխանության սկիզբը: Մեր երկիրը ետ ընկավ այդ գործողության արդյունքում,դարձավ գողերի ու բանդաների իշխանության երկիր, կիսաավտորիտար: 7 տարի է, պահանջում ենք իշխանություններից արդարություն, պահանջում ենք աշխարհից պատժել այն մարդկանց, ովքեր հրաման են տվել եւ այսօր իշխանության գլխին են, շարունակում են նույն տեռորը, ջարդը հայերի նատմամբ»,- իր գնահատականը տվեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Այս խոսքերից հետո հավաքվածները սկսեցին անեծքներ տեղալ իշխանությունների հասցեին:
Արամ Մանուկյանը ընեթերցեց բոլոր զոհերի անունները եւ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանն ասաց, որ զոհերի հարազատների մի մասը արդեն մահացել է, մի մասը արտերկրում է. «Նրանց նկատմամբ իշխանությունների հետապնդումը դեռ չի դադարել»:
Նա ընթերցեց զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի նամակը, որը ուղարկել է Բելգիայից. «Մարտի մեկի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը 7 տարի է, զբաղեցնում է այդ աթոռը: Բացահայտումը կլինի միայն իշխանափոխությունից հետո: Հատուցման պահը գալու է շուտով»: Ալլա Հովհաննիսյանը նաեւ ՀԱԿ-ին շնորհակալություն է հայտնել, որ մշտապես եղել է իրենց կողքին եւ աջակցել իրենց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի: