«Աղվան Հովսեփյանն իր համար է ասել, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ոչ մեկի համար բացահայտված չէ»,- այսօր Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Մեր հարցին՝ օրերս հրավիրած ասուլիսում Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, մտահոգություն հայտնեց, որ ովքեր անջատվել են ՀԱԿ-ից, Մարտի 1-ի հարցը չեն բարձրացնում, իրենց որդու գերեզմանի տեղը չգիտեն, ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Տողատակին բան կա: Մենք մեր գործն ենք անում: Ժամանակի ընթացքում, մտնելով այդ շարժման մեջ, չկարողացանք Մարտի 1-ը բացահայտել: Նրանք ուրիշ ճանապարհով են գնում, մեր առաջին խնդիրը կլինի հենց Մարտի 1-ի բացահայտումը: Ո՞նց կարող ենք մենք Մարտի 1-ից հեռու մնալ, երբ ամենամեծ հարվածը մենք ենք կերել: Ես պատերազմ անցած մարդ եմ, ո՞նց կարաս քո զոհին մոռանաս: Երեւանի սրտում գնդակահարվել է 10 տղա՝ ազատության բառը շուրթերին, ո՞նց կարող ենք մոռանալ կամ հետագայում չբացահայտվի, ո՞նց կարող ենք հետեւողական չլինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի: