Այս աղցանը շատ սննդարար, համեղ եւ օգտակար է, հարմար է որպես պահքի ճաշատեսակ: Իսկ նրանք, ովքեր պահքի մեջ չեն, կարող են աղցանի կողքը ձկան կամ մսի կտոր դնել, կամ մեջը ծովախեցգետնի ձողիկներ եւ մայոնեզ ավելացնել:
Անհրաժեշտ մթերքները
Բրինձ- 1 բաժակ
Կանաչի (ցանկացած՝ մաղադանոս, համեմ, ռեհան, ռուկոլա, թարխուն՝ ըստ ձեր ճաշակի)
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Լոլիկ-2 հատ
Վարունգ-2 հատ
Ավոկադո (պարտադիր չէ)- կես հատ
Պահածոյացված եգիպտացորեն- 0,5 տուփ
Համեմունքներ
Դդմի կորիզներ- 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Հենց սկզբից ասեմ, որ բաղադրամասերը կարող եք փոփոխել ինչպես բովանդակային, այնպես էլ քանակական առումներով, կարող եք գունավոր պղպեղներ (ինչպես թարմ, այնպես էլ՝ խորոված վիճակում), խաշած բրոկոլի կամ ծաղկակաղամբ ավելացնել եւ այլն: Ստեղծագործեք՝ ինչպես կամենում եք: Աղցանի հիմքը խաշած բրինձն է, ձիթապտղի յուղը եւ կանաչիները: Այս աղցանը նաեւ որեւէ թթվաշ բաղադրիչ է ցանկանում, այն կարող է լինել կա՛մ լոլիկը, կա՛մ կիտրոնը, կամ անգամ՝ թթու վարունգը:
Պատրաստման եղանակն առավել քան պարզ է՝ բրինձը խաշել (աղն ավելացրեք անջատելուց մեկ-երկու րոպե առաջ եւ մի թողեք շատ եփվի, ցանկալի է մնա «ալ դենտե» վիճակով, որ ատամի տակ զգաք, շիլա չդառնա), քամեք եւ պահեք սառը ջրի տակ 1-2 րոպեով: Անմիջապես, քանի դեռ շատ չի սառչել, ավելացրեք ձեթն ու համեմունքները, ապա՝ մնացած բաղադրիչները՝ կտրատած վիճակում:
Լավ խառնեք, համը տեսեք, եթե կարիք ունի հավելյալ թթվաշության կամ աղի՝ ավելացրեք ըստ ճաշակի:
Աղցանը պատրաստ է: Սակայն եթե բուսակեր չեք եւ պահք չեք պահում, այն կարելի է հարստացնել ոչ պասային բաղադրամասերով, օրինակ, սաղմոնի (семга, лосось) կտորներով, պահածոյացված թյունոսով (тунец), տավարի խաշած լեզվով, հավի խորոված կրծքամսով եւ այլն:
Ստեղծագործեք եւ վայելեք ձեր ստեղծագործությունը:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
28.02.2015