Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգային դահլիճի կառուցման համար ընդամենը կոպեկներ են հավաքվել

Փետրվար 28,2015 17:37

Գյումրիում նախատեսվում է կառուցել համերգային դահլիճ: Գաղափարը «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնինն է, որի տնօրեն Նելլի Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունն արժանացել է Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հավանությանը. «Երբ համերգային դահլիճ կառուցելու խնդրանքով դիմեցինք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, վերջինս ոչ միայն ընդառաջեց, այլև իր առաջին աշխատավարձը փոխանցեց դահլիճի կառուցման համար նախատեսված ֆոնդին»,- նշեց Ն. Մովսիսյանը:

Նրա փոխանցմամբ` դահլիճի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ: Սկզբում առաջարկվել է Մուշ թաղամասը` որպես զարգացող տարածք, սակայն շատ գյումրեցիների դուր չի եկել այս գաղափարը. «Ուզում են, որ դահլիճն անպայման քաղաքի կենտրոնում լինի, մենք էլ մտածեցինք Շառլ Ազնավուրի հրապարակին կից նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքը հատկացնելու մասին: Եվ քանի որ այդ տարածքը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում, դիմեցինք մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, սակայն պատասխան դեռևս չենք ստացել»,- ասաց Ն. Մովսիսյանը:

Նրա խոսքով` նախնական հաշվարկներով` գույքով ու տեխնիկական հագեցվածությամբ դահլիճի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն մինչ օրս հավաքվել է ընդամենը մեկ միլիոն դրամ. «Կոպեկներ` այսպիսի մեծ նախագծի համար»:

«Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն ասում է, որ աջակցության համար իրենք դիմել են պետական և ոչ պետական տարբեր կառույցների, որոնց հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել: «Ավելի գործնական քայլերի կդիմենք հավանաբար մեկ ամսից, երբ արդեն պատրաստ կլինեն էսքիզներն ու նախագծային, նախահաշվային աշխատանքները»,- նշեց բանախոսը:

Շենքի կառուցման համար նաև բարեգործական համերգներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Բարեգործական համերգների աջակիցը Մշակույթի նախարարությունն է:

«Բարեգործական առաջին` «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգը եղավ նախորդ տարի` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հաջորդ համերգը պիտի կայանար այս տարվա հունվարին, սակայն Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգության պատճառով հետաձգվեց: Եվ ահա վաղը` գարնան առաջին օրը, այն կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում»,- տեղեկացրեց Ն. Մովսիսյանը` հավելելով, որ բարեգործական համերգները նպատակ ունեն ավելի շատ մարդկանց ներգրավելու Գյումրիում համերգային դահլիճի կառուցման գործում. «Ով ինչով կարող է, պիտի աջակցի այս մեծ ծրագրին»,- նշեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728