«Կասեցում» շարժման անդամները փոփոխություններ են առաջարկում
«Նոր նախագծով կառավարությունն առաջարկում է շեմը բարձրացնել, դա շատ լավ է մանր բիզնեսի համար»,- փետրվարի 28-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:
Նա նշեց, որ կառավարությունը նաեւ առաջարկում է շրջանառության հարկը դարձնել 5 տոկոս՝ չփաստաթղթավորված լինելու դեպքում, որը հնարավոր է նվազեցնել, եթե որոշակի փաստաթուղթ առկա լինի. «Մենք առաջարկում էինք լիներ ընտրովի տարբերակը՝ 1 տոկոս կամ 3.5 տոկոս, որովհետեւ երկու տարի է արդեն աշխատել ենք այդ տոկոսադրույքով, արդեն պարզ է՝ դա հարմար է բիզնեսի համար: Հիմա մենք նորից կխնդրենք կառավարությանը, որ այդ հինգ տոկոսը վերանայվի եւ լինի 3.5 տոկոս»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ փաստաթղթավորված մասը կարող է նվազել եռամսյակը մեկ անգամ՝ Սամսոն Գրիգորյանն ասաց, որ իրենք եռամսյակը շատ կարճ ժամկետ են համարում. «Հնարավոր է մենք եռամսյակի վերջում ունենանք փաստաթուղթ եւ չկարողանանք մյուս եռամսյակի համար կատարել նվազեցումը, այսինքն՝ մյուս եռամսյակն ընկնենք 5 տոկոսի տակ: Մենք խնդրում ենք՝ դա էլ վերանայել եւ գոնե դարձնել վեցամսյակ»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ վերլուծելով վերջին վեց ամիսները շարժումը խնդրանք ունի կառավարությունից. «Մենք ուզում ենք խնդրենք կառավարությանը, որպեսզի այսպես այլեւս չլինի, որպեսզի բիզնեսմենը չթողնի իր բիզնեսը եւ դուրս գա փողոց, ստեղծվի ինչ-որ խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն հենց բիզնեսի ներկայացուցիչները: Այսօր տասնյակ հասարակական կազմակերպություններ կան, որոնք ներկայացնում են բիզնեսը, որոնց հետ խորհրդակցելով կառավարությունն ընդունում է օրենքներ, եւ այդ օրենքները աբսուրդ են բիզնեսի համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ