«Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության» դաշինքի պահանջին են միացել նաեւ Հայաստանի իշխանությունները
«Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության» դաշինքը եւս մեկ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Այս մասին փետրվարի 28-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ այս անգամ նամակը ստորագրել են 22 հասարակական կազմակերպություններ: Նամակը հետաքրքրություն է առաջացրել նաեւ արտաքին գործերի նախարարությունում, նրանք եւս ուղարկել են այդ նամակը, որպեսզի համոզված լինեն, որ նամակը տեղ է հասել:
Կարինե Դանիելյանը համարում է, որ Հայաստանի համար շատ վտանգավոր եւ համաշխարհային առումով ոչ արդար գործընթաց է ներկայումս իրականանում: Նա ասաց, որ Թուրքիան ֆինանսական աջակցություն է խոստացել ՄԱԿ-ին, որպեսզի ՄԱԿ-ի եվրոպական կառույցները տեղափոխվեն Ստամբուլ: Նա ընդգծեց, որ իրենք սկսեցին պայքարել նրանից հետո, երբ պարզվեց՝ ՄԱԿ-ի Զարգացման կենտրոնը տեղափոխվում է Ստամբուլ, որից հետո մտահոգ կազմակերպությունները համատեղ նամակ են ուղարկել Բան Կի Մունին:
Կարդացեք նաև
«Մենք ուսումնասիրեցինք ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ տեսանք, որ Թուրքիան բացարձակապես չի համապատասխանում այն երկրի պահանջներին որը կարող է ընդունել ՄԱԿ-ի տարածաշրջանային կառույցները: Այն պահին մեզ ասում էին՝ մի՛ խառնվեք, մենք փոքր, թույլ ազգ ենք, միեւնույնն է, մեզ լսող չկա, բայց այդպես չէ, եւ մեր փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրության հետ պետք է եւ կարելի է աշխատել»,- ասաց տիկին Դանիելյանը:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի բացատրությունն այն էր, որ նշանակություն չունի, թե որտեղ է կառույցը, ՄԱԿ-ն ունի իր մանդատը եւ երկիրը չի կարող ազդել քաղաքականության վրա, որն իրականացվում է տարածաշրջանային կառույցում. «Մեր համոզմունքն այդպիսինը չէ, որ Թուրքիան հենց այնպես այդպիսի գումար չէր ծախսի, այդպիսի դժվարությունների առջեւ չէր կանգնի: Ազդեցությունը շատ մեծ է լինելու, առավել եւս, որ մեր ճանաչած մի շարք մասնագետներ, որոնք աշխատում էին Զարգացման կենտրոնում եւ որոնց հետ մենք համագործակցում էինք, հրաժարվեցին Ստամբուլ տեղափոխվել, Թուրքիան ասաց՝ խնդիր չէ, մեր մասնագետները կփոխարինեն, եւ ինչպես կփոխարինեն, կարելի է հասկանալ»:
Կարինե Դանիելյանը հավալեց, որ այնուհետեւ իրենց պահանջին են միացել նաեւ Հայաստանի իշխանությունները, արդյունքում ՝ Հայաստանին առաջարկվել է աշխատել գլխավոր շտաբի՝ Նյու Յորքի հետ. «Կարելի է ասել, որ մի փոքր առաջընթաց ենք գրանցել, համենայն դեպս խնդիրը ֆիքսվել է ՄԱԿ-ում: Մեր ամեն մի նամակում մենք ուսումասիրել ենք եւ ֆիքսել ենք փաստերը, որոնք ասում են, որ մենք ճիշտ էինք, որ դեմ էինք այդ գործընթացին: Հիմա իրավիճակը խիստ փոխվել է, արմատական իսլամիստները սպառնում են Եվրոպային, այս պարագայում, երբ մենք ամեն օր ֆիքսում ենք նոր երեւույթ, թե այնտեղ ինչպես են վերաբերվում այլ ազգերին, հատկապես՝ քրիստոնյաներին: Այս երեւույթներով ինչպե՞ս են պատկերացնում, որ Թուրքիան դառնա Եվրոպայի կենտրոն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ