Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար, պրն. Բան Կի Մունին,
պատճենը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և
ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ , պրն. Բրեդլի Բուզետոյին
Կարդացեք նաև
Հարգարժան պրն. Բան Կի Մուն, պրն. Բրեդլի Բուսետո,
Ձերդ Գերազանցություն,
2014 թվականի (Սիրիայում և Իրաքում) և 2015 թվականի (Եվրոպայում) տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ստիպում են մեզ` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների Թուրքիա, Ստամբուլ տեղափոխելու խնդրի վերաբերյալ նամակով կրկին դիմելու ձեզ:
Խոր ափսոսանքով կարելի է արձանագրել, որ ժամանակակից աշխարհի առաջ կանգնած է ռադիկալ մուսուլմանական գաղափարախոսության և մնացյալ աշխարհի, մասնավորապես քրիստոնեական քաղաքակրթության միջև հակամարտության իրական առճակատում: Կտրուկ ակտիվացել են ահաբեկչական գործողությունները, տեղի է ունեցել խաղաղ բնակչության (եզդինեի և քրիստոնյաների) ջարդը Իրաքում և Սիրիայում, զգալիորեն ավելացել են նոր տարածքային գրոհների, դրանք Եվրոպայի տարածք տեղափոխելու, ազգամիջյան և միջկրոնադավանական հիմքերի վրա բախումների սպառնալիքները: Ցավոք, Թուրքիայի դերն այս ոլորտում ամենևին կառուցողական չէ: Սա պրոբլեմի նկատմամբ Թուրքիայի կառուցողական մոտեցման շանս էր, սակայն դրա փոխարեն տեղի ունեցավ Սիրիայում գտնվող Քեսապ քաղաքի դեմ թուրքական ռազմական ուժերի հարձակումն ու նրա հայ բնակչության տեղահանումը:
Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակը կտրուկ սրվել է պարոն Էրդողանի կառավարման տարիներին: Human Right Watch միջազգային կազմակերպությունն իր 2014թ. զեկույցում նշում է. “Ռեջեբ Թայիփ Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարության տակ գտնվող Թուրքիան նշանակալի քայլ է արել օրինականության թուլացման ուղղությամբ, վերհսկողություն է սահմանել զանգվածային լրատվամիջոցների և ինտերնետի, քննադատության և բողոքի ցույցերի վրա”: Ավելին, այն հանգամանքը, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915թ. հայերի Ցեղասպանության փաստը, ինչպես նաև հռչակված «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունից ակնհայտ հետընթացը վկայում են, որ համամարդկային արժեքների տեսությունն ու գործարկումն իրականացնող միջազգային հանրության հետ իրական գործընկեր դառնալու համար Թուրքիան դեռ երկար ճանապարհ պիտի անցնի:
2015 թվականը հատուկ, ուղենիշային տարի է Հայաստանի պատմության մեջ` Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարի: Մենք համոզված ենք, որ համաշխարհային քաղաքականության մեջ հենց չպատժված, չդատապարտված Ցեղասպանությունն է ծնել ուժեղի ամենաթողության անվիճելի իրավունքի մասին համոզվածությունը և հետագա տարիներին մարդկության դեմ գործած հանցագործությունները: Հայտնի է, որ հիմնավորելով ու նախապատրաստելով հրեական ժողովրդի Հոլոքոստը, Հիտլերը հայտարարում էր՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածը»:
Ավելացնենք, որ, ինչպես Լոզանի 1923 թվականի կոնֆերանսը, որը հաստատել էր ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայում, հաշվի չէր առել այդ իրավունքների վրա մոնիտորինգի անհրաժեշտությունը Ազգերի Լիգայի կողմից, այնպես էլ ՄԱԿ-ը նմանօրինակ մեխանիզմ չի մշակել: Եվ այդ երկրում շարունակվում են էթնիկ հողի վրա հայերի, հույների, ասորիների, քրդերի, եզդիների, ալևիների սպանությունները: Այսպես, 2004 թվականին տեղի ունեցավ հայկական «Ակոս» լրագրի խմբագիր և Թուրքիայի հայրենասեր Հրանտ Դինքի աղմկահարույց սպանությունը, իսկ տարիներ անց ներկայիս գործող նախագահը բարձրաձայն հայտարարում է, որ վիրավորանքի բարձրագույն չափանիշը «հայ» բառն է:
Մենք հույս ունենք, որ 2015 թվականը համաշխարհային հանրության կողմից բարոյական արժեքները, և գլոբալ քաղաքականության մեջ ուժեղի իրավունքի փոխարեն արդարությունը ճանաչելու իմաստով բեկումնային կլինի:
Այսօրվա ճգնաժամային իրավիճակը հաստատում է ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու հետ կապված մեր նախկին տագնապների իրավացիությունը: Այդ կառույցների տեղափոխումը Թուրքիայի համար մի ազդակ կհանդիսանա, որ միջազգային հանրությունը աջակցում է իրեն կողմից վարած քաղաքականությանը և որ ուժի իրավունքը գերակայում է արժեհամակարգի և նորմերի նկատմամբ: Մենք ուզում ենք հավատալ, որ միջազգային հանրությունը չի ներկայացնի նմանատիպ խրախուսական ազդանշան: Ցավոք, մենք չկարողացանք կանխարգելել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի տեղափոխությունը Բրատիսլավայից Ստամբուլ, ինչը, համոզված ենք, նվազեցնում է տարածաշրջանի երկրների հետ այդ գրասենյակի աշխատանքների արդյունավետությունը: Սակայն մենք հույս ունենք, որ ժամանակակից իրողությունները հաշվի առնելով այդ գործընթացը կկասեցվի և ՄԱԿ-ի մյուս գրասենյակները կմնան իրենց ավանդական վայրերում՝ բուն եվրոպական քաղաքներում:
Հայաստանը գտնվում է քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների սահմանի վրա: Մեր երկրի պատմությունը հարուստ է դրանց հակամարտությունների և բախումների հետևանք հանդիսացող ծանր փորձությունների և կորուստների օրինակներով: Հայաստանին, սակայն, հաջողվել է նաև կամուրջ լինել այդ երկու քաղաքակրթությունների միջև: Մենք համոզված ենք, որ ժամանակակից մարդկության խաղաղ, կայուն զարգացման, ժողովրդավարական և արդարացի համաշխարհային կարգուկանոնի կարևորագույն նախադրյալներից մեկը համաշխարհային կրոնների փոխըմբռնումն ու համագործակցությունն է, և Հայաստանի Հանրապետությունը կարող է բոլոր ժողովուրդների երկխոսության ասպարեզ դառնալ: Մենք կողջունենք և կսատարենք այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների ցանկացած նախաձեռնություն:
Շնորհակալություն համագործակցության համար.
Հարգանքներով`
Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության` ՀՀ հասարակական դաշինք
(ստորագրված է ՄԱԿ-ի հետ աշխատող և ՄԱԿ-ի կառույցներում որոշակի կարգավիճակ ունեցող 22 ՀԿ-ների կողմից)