Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեանորա Ասատրյան. «Ադրբեջանահայերը հումոր են անում՝ սփյուռքահայ էլ դարձանք»

Փետրվար 28,2015 13:47

Այսօր, փետրվարի 28-ին, «Հենարան» ակումբում պատմաբան Գեւորգ Մելքոնյանը, հայ փախստականների «Ահազանգ» հ/կ-ի նախագահ Գրիշա Օգանեզովը, «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեանորա Ասատրյանը հանդիպեցին լրագրողների հետ:

Նրանք խոսեցին սումգայիթյան ողբերգությունից, որը լավ պատրաստված պետական ոճրագործություն ու ցեղասպանություն  էր:

Գեւորգ Մելքոնյանի խոսքով, ընդունված է համարել, որ 1988 թվականի սումգայիթյան ոճրագործությունը  Արցախի ժողովրդի ինքնորոշման ազատ արտահայտման դեմ ուղղված առաջին ոճրագործությունն էր, սակայն, պատմաբանի խոսքով, իրականում դա Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքն էր ու հետեւանք: Նրա ձեւակերպմամբ,  Սումգայիթյան ոճրագործությունը փաստեց, որ Արցախի չդիմադրելու դեպքում՝ Արցախին  եւս սպասվում է Նախիջևանի հայաթափման ճակատագիրը, նաեւ այն, որ ազգային փոքրամասնությունները Ադրբեջանում որքան էլ ունենան այսպես ասած, բարձր կարգավիճակ,  միեւնույն է ենթարկվում են էթնիկ զտումների:

Պարոն Մելքոնյանը  հիշեցրեց, որ Սումգայիթյան ոճրագործության բոլոր պատասխանատուները հետագայում հայտնվեցին Ադրբեջանի օրենսդիր մարմնում: Նրա համոզմամբ, պետք է անպայման դիմել եվրոպական դատարաններ եւ խնդիրը բարձրացնել միջազգային ասպարեզում, մանավանդ որ. «Սումգայիթը պատմական առումով դաս եղավ…Սումգայիթյան ոճրագործությունից հետո Արցախում սկսվեցին կամավորական ջոկատներ կազմավորվել»:

Էլեանորա Ասատրյանն էլ շեշտեց, որ Ադրբեջանն իր ցեղասպանության գործողությունները սկսեց այն բանից հետո, երբ Արցախի ժողովուրդը հայտնեց իր ազատ ապրելու կամքի մասին: Տիկին Ասատրյանը հանրության ուշադրությունը  հրավիրեց հատկապես ադրբեջանահայ փախստականների խնդրի քաղաքական բաղադրիչի վրա: Նա այժմ մի հարցից էլ  է տարակուսած. « Բոլորովին վերջերս իմացանք, որ փախստականների խնդրով սկսել են զբաղվել Սփյուռքի նախարարությունում: Ի՞նչ է նոր սփյուռք ենք ստեղծելու: Ադրբեջանահայերը սկսել են հումոր անել՝ մենք էլ սփյուռքահայ դարձանք: Նորից խնդիրը դնենք սփյուռքի ուսերին և մի 70 տարի հետո նոր 100 ամյակ ունենաք»: Ըստ տիկին Ասատրյանի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեղանին դրված է Ղարաբաղյան հակամարտության խեղված ժամանակագրությունը, այսինքն, հակամարտությունը քննարկվում է 1992 թվականից, երբ  ըստ էության սկսվել են ռազմական գործողությունները,  մինչդեռ պետք էր ավելի ուշադիր լինել ադրբեջանահայ փախստականության քաղաքական բաղադրիչի հանդեպ: Այսօր ադրբեջանահայերը նաեւ տարածքային փոխհատուցում են պահանջում:

Գրիշա Օգանեզովն էլ նշեց, որ հիմնականում կենտրոնանում ենք սումգայիթյան ողբերգության վրա, մոռանալով, որ նույն օրը  Գանձակում էլ են ջարդեր եղել, սպանություններ, բռնաբարություններ: «Սումգայիթի, Եղեռնի մասին լացուկոծով ենք խոսում, բայց ես ուզում եմ նշել, որ գոնե Կիրովաբադում մարդիկ կարողացել են պաշտպանվել»,-հավելեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728