Եթե ջուրը երկրի արյունն է, ապա լույսը հոգին է երկրի:
Այսպես մտածում էի, մտածում ու տողը չէի գտնում, այնինչ ժամանակն անսանձ նժույգի նման սլանում էր առաջ՝ իր փոշին թողնելով ձեր եւ իմ մազերին:
Տպավորություն ունեի, թե մենք հարյուր տարի, հարյուր տարուց էլ ավելի անհուսահատ համբերությամբ սպասում էինք Ժամանակ տվողին, ով պիտի գար ու ճշտեր իր իսկ սխալը, եւ ով գալու էր դրսից:
Այդպես մեզ թվում էր…
Այնինչ տեղի է ունեցել ցեղասպանություն, մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում: Հայրենիք, որի փոշուց, ինչպես լորդ Բայրոնն էր ասում, Աստված ստեղծեց Ադամին: Այսինքն թե՝ տեղի էր ունեցել համամարդկային աղետ: Քանդվել, ավերվել, հողին էր հավասարվել Մարդու ծննդավայրը:
Իսկ մենք շարունակում էինք սպասել դրսից եկողին, ով իբր թե պիտի ուղղեր խախտված ներդաշնակությունը:
Սպասում էինք, սպասում՝ փոխանակ նայելու մեր ներսը, թե ինչ եղավ փրկվածներիս, վերապրողներիս հետ:
Նայեցինք, քրքրեցինք մեզ ու գտանք զարմանալի նվաստ մի բառ՝ գոյատեւել, գոյատեւել մեր տանը եւ դրսում՝ աշխարհը դարձնելով մեզ հայրենիք:
Եվ բառն այդ մեզ տաք թվաց, ու մենք հարմար տեղավորվելով այդ բառի մեջ՝ սկսեցինք գոյատեւելով հպարտանալ, որ փրկվել ենք ու դեռ կանք՝ ի հեճուկս թուրքի:
Եվ վերջին հարյուր տարում Խորենացուն, Գողթան երգիչներին, Նարեկացուն, Քուչակին ու Մեծարենցին փոխարինած մեր Երգիչները շեղվեցին փառավոր մշակույթի բնականոն հունից, հորինեցին, ստեղծեցին ողբի ու հալածվածի մշակույթ, զրկված ու զարկված հայրենիքի մշակույթ՝ առանց անդրադառնալու, որ մենք մեր իսկ ձեռքով ոչնչացնում ենք մեր մշակութային Ես-ը, ով իր հանճարով ժամանակին կանգնած էր աշխարհի մեծերի կողքին, եւ չնկատեցինք էլ, թե ինչպես հարյուր տարվա ընթացքում փոխվեց մեր հանճարների ձեռագիրը…
Այո՛, գոյատեւել բառը մեզ շատ դուր եկավ:
Թուրքն իր գործն արել էր, եւ մեր մեծ հայրենիքի մի անկյունում մեզ մնացել էր փոքրիկ մի Հայաստան եւ աշխարհով մեկ սփռված պատմական հայրենիք փնտրող հայություն:
Բայց մենք չհասկացանք, որ թուրքը չի հեռացել, թուրքն իր նախճիրով մտել է մեր հոգեւոր աշխարհ եւ շարունակում է ցեղասպանել մեզ մեր ներսից՝ արդեն հարյուր տարի, ցեղասպանել մեր միտքն ու մշակութաստեղծ հոգին, որ լույսն էր երկրի:
Չհասկացանք նաեւ, որ հայ ազգը աշխարհին պարտք չէ, հայ ազգն ինքն իրեն է պարտք:
Գրեցի այս տողերն ու ինձ թվաց, թե գտա այն, ինչ փնտրում էի.
Որ որպես զգեստ հագնելով մեր կորցրած հայրենիքն ու արյունը կորցրած՝ մեր ներսում պիտի ջնջենք թուրքի արյունոտ ձեռքի հետքը:
Որ մենք ոչ թե պետք է մոռանանք համազգային ցավը, այլ մեր հոգին ու հոգեւորը ազատենք ինքնացեղասպանվելուց, եւ քայլենք աշխարհի երեւելի ազգերի կողքին, ինչպես ԷԻՆՔ Թորոս Ռոսլինի եւ Մեծարենցի ժամանակներում:
Որ առաջին հերթին պետք է սպանենք մեր հոգեւոր կյանք խուժած թուրքին, որպեսզի ճանաչենք մեզ ու մեր ուժի սահմանը, եւ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաղթել:
Ու ես համոզվեցի նաեւ, որ մենք ճշմարտություն որոնող ու չգտնող ժողովուրդ ենք, իսկ ճշմարտություն որոնողի ճանապարհը անվերջ է ու հավերժ, որը նաեւ մեր ճանապարհն է, մարդկության գերագույն արժեքները պահպանողի ճանապարհը։
Կարդացեք նաև
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
27.02.2015
Չմոռնանք․ Ցեղասպանութենէ հազիւ սթափող մտաւորականութիւնը բարձրունքներու սկսած էր հասնիլ Չարենցով, Բակունցով ․․․ երբ կատարուեցաւ ինչ կատարուեցաւ․ Քսանհինգ տարուան ընթացքին երկու անգամ մտաւորականներու բնաջնջնում։ Այո մեր հոգեբանութիւնը շղթայուեցաւ զոհի հոգեբանութեամբ։
Դուք ինչպես և ողջ արտ-հայությունը/բացառությամբ վերջին շրջանի եկածներից/ չհասկացաք մեզ,ինչպես չեք հասկացել թե ինչ է գրել հարգարժան Մ.Տ-Գ-նը: Սա վերջին կտորն է,և մեզ ապրել շատանալ է պետք: Ցավոք ներկա Հայաստանը չդարձավ ..էրգիր..այլ հակառակն ստացվեց,Հայաստանը գաղութներին հայացրեց:Դուք մեզ ռուսահայ եք համարում ու չեք սիրում,նույնիսկ աղավաղում եք մեր և ձեր Բակունցի,Չարենցի գրական լեզուն:
Հարիւրամեակի սեմին․ կարող է՞ մեզ սպառնացող արտաքին վտանգները մոռցած անգամ մը ևս մենք մեզ բաժնենք այս անգամ արտ-հայութիւն ․․․ ներկայ Հայաստանի հայութիւն։
15 տարիէ կ՛ապրիմ Հայաստան, եկած եմ ազատ կամքով իմ ճակատագիրը կապելու երկրի ճակատագրին։ Կարող եմ ազատ տեսակէտներ ունենալ և արտայայտուիլ։ Լեզուս, Վահէ Պէրպէրեանի բառերով, դարձած է արևելաւմտաւհայերէն։
Իհարկե իրավիճակն այսկերպ կարող էր ներկայացնել միայն Մեծ մտավորականը, որին շատ-շատերը, այդ թվում նաև ես, խորին հարգանքով ենք վերաբերվում: Թերևս այդ մտածելակերպից ազատվելու առաջին նշույլ կարելի է համարել 90-ականների մեր ազատամարտը, որը ապացուցեց, որ մենք ոչ թե զոհ ենք, այլ պահանջատեր, որ միայն ազգային ոգին, զենքի ուժն ու միասնականությունն է, որ կարող են մեր բնօրրանում ապրելու, այլ ոչ թե գոյատևելու իրավունքը ապահովել, իսկ անհրաժեշտության դեպքում, պարտավորեցնել չարամիտներին, հաշվի նստել այդ իրողության հետ:
Ողբի և հալածանքի մշակույթից ձերբազատվելու համար պետք է որ մեր պետությունը նույնպես իր քաղաքականությունը փոխի, առավել ևս, որ դրա համար բավարար հիմքեր: կան