Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն սպասում է Հայաստանի առաջարկներին

Փետրվար 28,2015 17:30

Մինչդեռ ըստ Երեւանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի՝ Հայաստանն էլ իր հերթին է սպասողական կեցվածք որդեգրել:

– Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի համար տեսնում է եվրասիական տարածքում եվրոպական պետություն կառուցելու հեռանկար: Նման հեռանկարին կարելի՞ է լուրջ վերաբերվել:

– Որպեսզի պարզենք, թե հնարավո՞ր է արդյոք եվրասիական տարածքում կառուցել եվրոպական պետություն, պետք է հասկանանք, թե ի՞նչ ասել է եվրասիական տարածք, եւ ո՞ր պետությունն է համարվում եվրոպական: Սկսենք առաջինից: Ենթադրում եմ, որ Եվրասիական տարածքը, բանախոսի ընկալմամբ, Եվրասիական տնտեսական միության տարածքն է, որի լիիրավ անդամ դարձավ նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Այս տարածքը, մասնավորապես՝ ԵՏՄ հիմնադիր պետությունները, աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հարթությունում հիմնված է որոշակի ձեւափոխումների ենթարկված խորհրդային վարչակարգի սկզբունքների վրա, ինչն իր ազդեցությունն է թողնում հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ իրավական համակարգերի ամենօրյա կենսագործունեության վրա: Այդ վարչակարգը հիմնված է ամբողջատիրության եւ մեկ անձի կողմից հաստատված բացարձակ իշխանության վրա, որտեղ պետության, հասարակության եւ անհատի (քաղաքացու) շահերը ստորադասվում են այդ անձի եւ նրա շուրջը գտնվող մի քանի ընտանիքների կամքին, ցանկություններին եւ նկրտումներին, իսկ տնտեսական գործընթացները ադապտացվում են նրանց նեղ մերկանտիլ շահերին: Որպեսզի պետությունը համարվի եվրոպական, այն, բացի աշխարհագրական դիրքից, պետք է նաեւ բավարարի մի շարք այլ պահանջների:

EM

Մասնավորապես՝ ապահովի եւ երաշխավորի ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ եւ անարգել գործունեությունը` երաշխավորի ազատ, թափանցիկ եւ մրցակցային համապետական եւ տեղական ընտրություններ, հարգի եւ պաշտպանի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, խրախուսի խոսքի ազատությունն ու ազատ մեդիան, իրականացնի արդար եւ արդյունավետ կառավարում, որպես իր հիմնական գործընկեր ընկալի եւ օժանդակի քաղաքացիական հասարակությանը, ապահովի բազմակուսակցական քաղաքական համակարգ, որը հիմնված կլինի տարբեր քաղաքական գաղափարախոսությունների եւ պետության զարգացման տարբեր մոդելների ու տեսլականների վրա: Նշված բոլոր ինստիտուտներն ու երեւույթները վերեւում սահմանված նեո-սովետական վարչակարգի կողմից դիտարկվում են որպես հակառակորդի` Արեւմուտքի կողմից ստեղծված գործիքներ: Իսկ «հակառակորդի», տվյալ պարագայում՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության կողմից ստեղծված ցանկացած ինստիտուտ ենթակա է հետապնդման, մեկուսացման եւ կոնսերվացման, ինչը նշանակում է, որ եվրոպական պետությանը բնորոշ առանձնահատկությունները կիրառելի չեն Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Հիմա փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք կառուցել եվրոպական պետություն ԵՏՄ տարածքում: Տեսականորեն՝ այո, եվրոպական պետություն կարելի է կառուցել ցանկացած իրավիճակում եւ տարածքում, եթե տվյալ պետության իշխանությանը հաջողվի ազատվել այդ վարչակարգից, որդեգրել նոր որակի վարչարարություն եւ ստեղծել անհրաժեշտ հիմքեր ու նախադրյալներ վերը նշված ինստիտուտների եւ երեւույթների արդյունավետ կենսագործունեության համար: Խնդրում եմ չշփոթել վարչակարգն ու վարչակազմը, քանի որ նույնիսկ ներկա վարչակազմի առկայության պարագայում հնարավոր է հասնել վարչակարգի փոփոխության` հետեւողական ներքին բարեփոխումների եւ կոնկրետ ծրագրի առկայության պարագայում:

– Վերջին շրջանում ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն պատրաստվում «նահանջել» տարածաշրջանից, մասնավորաբար՝ Հայաստանից: Դրա վկայությունն էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Էրիկ Ռուբինի հայտարարությունը, Վիկտորյա Նուլանդի այցը, եվրոպացի մի շարք այլ պաշտոնյաների հայտարարություններ: Նկատի ունենալով այն, որ Հայաստանն այլեւս ԵՏՄ անդամ է, կա՞ մտավախություն, որ մեր երկիրը կարող է աշխարհաքաղաքական շահերի բախման կետ դառնալ:

– ԱՄՆ-ը եւ Եվրոպան երբեք չեն դադարել մեր տարածաշրջանում իրենց շահերին հետամուտ լինելուց, ուղղակի կախված աշխարհաքաղաքական իրավիճակից՝ այդ գործընթացները կա՛մ դանդաղել են, կա՛մ արագացել: Ներկայումս մենք նկատում ենք որոշակի ակտիվություն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպական միության ուղղություններով: ԵՄ-Հայաստան օրակարգային եւ փոխվստահության ճգնաժամը ցուցադրում է կարգավորման թույլ ազդակներ, որոնք առավել տեսանելի կլինեն Ռիգայի գագաթնաժողովից հետո: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ակտիվացման համար որպես խթան են հանդիսացել ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կիրառած պատժամիջոցների արդեն իսկ տեսանելի արդյունքները: Մասնավորապես, մենք բոլորս ականատեսն ենք Ռուսաստանի տնտեսության մեջ օր օրի ավելի խորացող ճաքերին, ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումներին, օտարերկրյա ներդրումների եւ խոշոր կապիտալի արտահոսքին, ինչը էապես սահմանափակում է Ռուսաստանի ներկայիս վարչակազմի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ մանեւրելու եւ ռազմավարական շահերին հետամուտ լինելու հնարավորությունները:

Որքանով որ ես տեղյակ եմ, ԱՄՆ-ը հատուկ ռազմավարություն եւ գործողությունների կոնկրետ ծրագիր Հայաստանի պարագայում դեռեւս չունի, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ անդամակցության փաստով: Ստացվում է այնպես, որ ԱՄՆ-ն իր հարաբերությունները ՀՀ-ի հետ պայմանավորում է Ռուսաստանի հետ ունեցած իր հարաբերություններով: Իսկ այն, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ներկայումս գտնվում են սառը պատերազմից հետո ամենախորը ճգնաժամում, ոչ ոք վիճարկել չի կարող:

Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի բախման կետ դառնալու վտանգ ես առայժմ չեմ դիտարկում եւ դա իրատեսական չեմ համարում, քանի դեռ չի ավարտվել ռուս-ուկրաինական ճգնաժամը: Խնդիրը գտնվում է այլ հարթությունում: Մասնավորապես, 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը ստիպված վարում է միավեկտոր արտաքին քաղաքականություն եւ գրեթե զրկված է այն դիվերսիֆիկացնելու հնարավորությունից: Սա իր մեջ պարունակում է լրջագույն վտանգներ, որոնք թաքնված են քաղաքականության, տնտեսության եւ ռազմական անվտանգության ոլորտներում եւ կարող են ի հայտ գալ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա սրացման պարագայում: Ռուսաստանը իր մենաշնորհն է հաստատել վերը նշված բոլոր երեք ոլորտներում, ինչը նշանակում է, որ Հայաստանը ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման քաղաքական ճկունության ռեսուրսը հասցրել է նվազագույնի: Իմ խորին համոզմամբ՝ իրավիճակը ավելի կվատանա, եթե ՀՀ իշխանությունները շուտափույթ քայլեր չձեռնարկեն ՀՀ քաղաքական եւ տնտեսական ոլորտում նշված մենաշնորհը վերացնելու եւ առողջ մրցակցային միջավայր ձեւավորելու ուղղությամբ:

– Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերություններից՝ եվրոպացի պաշտոնյաները շատ են կարեւորում մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Դուք էլ այն կարեւորեցիք: Պաշտոնական Երեւանն էլ է խոսում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին, բայց հստակ ձեւավորված օրակարգ չի ներկայացնում: Ինչո՞վ պետք է Հայաստանը գնա Ռիգա: ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման:

– Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին որոշման հրապարակումից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունները մտան օրակարգային փակուղի, կողմերի միջեւ առաջացավ անվստահության որոշակի պատնեշ, ինչը մինչ օրս հաղթահարված չէ: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն սպասում է Հայաստանի առաջարկներին առ այն, թե ո՞ր ոլորտներում եւ ի՞նչ խորությամբ է Հայաստանը պատրաստ եւ իրավասու համագործակցել ԵՄ-ի հետ: Իսկ Հայաստանն իր հերթին է սպասողական կեցվածք որդեգրել: Ռիգայի գագաթնաժողովը յուրօրինակ հանգրվանային կետ կարող է դառնալ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, եթե մինչ այդ Հայաստանը կողմնորոշվի իր առաջարկներում եւ կարողանա կոնկրետ ու հասկանալի ծրագիր, համագործակցության ձեւաչափ առաջարկել ԵՄ-ին: Հասկանալի է, որ մենք չենք կարող հավակնել ունենալ այն արդյունավետ եւ խորը համագործակցությունը, որ ունեցել ենք 2009 թվականի մայիսից հետո, մինչդեռ պետք է ընդունել, որ Հայաստանի համար ծայրաստիճան կարեւոր է վերականգնել իր վստահությունը արեւմտյան գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ-ի մոտ: Ոլորտները խիստ սահմանափակ են, հետեւաբար ներկայացվելիք առաջարկությունները կլինեն ավելի մակերեսային, քան մենք ունեինք մինչ ՀՀ անկախությունը՝ ընդհուպ ԵՏՄ անդամակցությունը:

– Հավանականություն կա՞, որ Ռիգայի գագաթնաժողովից հետո Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Չե՞ք կարծում, որ նման առաջարկը ԵՄ-ի կողմից էլ խելամիտ կլինի` նկատի առնելով ուկրաինական փորձը:

– Ասոցացման համաձայնագիրը, ինչպես բազմիցս նշել են ԵՄ պաշտոնյաները, մեկ ամբողջություն է եւ չի կարող անջատվել քաղաքական եւ տնտեսական առանձին համաձայնագրերի, քանի որ քաղաքական ասոցացումը ինքնանպատակ գործընթաց չէ եւ պետք է զուգորդված լինի նաեւ տնտեսական բաղադրիչի հետ: Ուկրաինայի պարագայում քաղաքական որոշում կայացվեց գործածության մեջ դնել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` պայմանով, որ տնտեսական բաղադրիչը սկսի գործել 2015 թվականի հունվարից: Ինչպես տեսնում եք, նույնիսկ Ուկրաինայի պարագայում ԵՄ-ն վերապահում չկիրառեց: Այսինքն՝ ստորագրվեց եւ վավերացվեց ամբողջ համաձայնագիրը, սակայն դրա տնտեսական բաղադրիչի գործողության մեջ մտնելը ժամանակավորապես հետաձգվեց:
Եթե Հայաստանը գտնվում է անվտանգության մի համակարգում, ապա ինչպե՞ս կարելի է գտնվել տնտեսական այլ համակարգում, իսկ ներկայիս իրավիճակում նաեւ այլ քաղաքական հակադիր համակարգում: Համոզմունք ունեմ, որ նույնիսկ եթե ԵՄ-ն համաձայնություն տա ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա Հայաստանը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարողանալու ստորագրել եւ վավերացնել այն, քանի որ 2013 թվականի սեպտեմբերի 4-ից հետո ամբողջությամբ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Էդ եվրոպացիները չհակացան, որ Հայաստանը ոչ մի առաջարկ չի ուզում անել: Հայերը անասելի հաճույք են ստանում ռուսաստանի կողմից բռնաբարվելուց:

  2. Թրավիս says:

    «ԵՄ-ն սպասում է Հայաստանի առաջարկներին»…

    https://www.youtube.com/watch?v=ODLEKSdWjSE

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728