Ստամբուլում փետրվարի 26-ին հայկական պատվիրակության հանդիպումները կարելի է փոխանցել ռուսական հայտնի ասացվածքի թարգմանությամբ՝ եւ ուրիշներին տեսանք, եւ մեզ ցուցադրեցինք: Հայաստանը ներկայացնող 12 հոգանոց պատվիրակությունը նախ ճանաչողական այցերով եղավ Ստամբուլի հեղինակավոր ինկուբատոր ITU տեխնոպարկում (Monitise եւ Solvoyo ընկերություններ), Fit Startup Factory-ում, ինչպես նաեւ Թուրքիայի հաջողակ սկսնակ կազմակերպություններից մեկում՝ Yemeksepeti.com-ում: Մեր ընկերությունների ներկայացուցիչները նաեւ ցուցադրեցին սեփական ծրագրերը:
Համառոտ՝ նախ թուրքական կողմի մասին: 2003-ին հիմնադրված Monitise ընկերությունը համաշխարհային առաջատար Mobile Money-ի բջջային տեխնոլոգիաներն իրականացնողն է եւ անվտանգ բջջային դրամական ծառայություններ է մատուցում չինական, ասիական շուկաներում, նաեւ Ճապոնիայում, Ավստրալիայում եւ այլն: Monitise-ը ստեղծել է աշխարհում առաջին բջջային բանկային, վճարումների եւ առեւտրային էկոհամակարգը: 2005-ին հիմնադրված Solvoyo-ն միջազգային ծրագրային ապահովման ընկերություն է, որը գործում է ինչպես Բոստոնում, այնպես էլ Ստամբուլում:
Իսկ այժմ այն ծրագրերի մասին, որոնք հայ պատվիրակները ներկայացրեցին Fit Startup Factory-ում, որն օգնում է հաջողության հասնել նորաստեղծ ձեռնարկատերերին, որոնք գործարկում են տեխնոլոգիաների վրա հիմնված նորարարական բիզնես-գաղափարներ:
Հայկական պատվիրակության անդամ՝ Lion Sharp-ի տնօրեն Նայջել Շարփը ներկայացրեց Voiceboard հավելվածը, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ինտերակտիվ կերպով ցուցադրելու սեփական աշխատանքը: Դիզայներական Home Planning սթարթափը ներկայացրեց դրա համահիմնադիր Միհրան Բաբայանը:
Կարդացեք նաև
Ներդրողների հետաքրքրությունն առաջացրեց հատկապես Sourcio IT Consulting Company-ի փոխնախագահ Պավել Սնխչյանի ներկայացրած տեսողության ստուգման եւ աչքի առողջության պահպանման ծրագիրը:
Դե, իսկ երբ PanARMENIAN ցանցի կապի եւ կորպորատիվ հարցերի գծով պատասխանատու Արփինե Գրիգորյանը ներկայացրեց Triada Studio Games-ի Shadowmatic գլուխկոտրուկ հավելումը, որը թեեւ միայն այս տարվա հունվարին է գործարկվել, բայց արդեն երկու հարյուր հազարից ավելի անգամ բեռնվել է Apple Store-ում ու ճանաչվել է լավագույններից մեկը՝ ներդրողները նկատեցին, թե նրանք արդեն հասել են հաջողության եւ չունեն ներդրումների կարիք:
«Առավոտի» հարցին, թե հաշվի առնելով այն, որ Shadowmatic-ն իրոք արդեն կայացած նախագիծ է՝ ի՞նչ ակնկալիքներ ուներ այս հանդիպումից՝ Արփինե Գրիգորյանը պատասխանեց. «Առաջին հերթին ուզում էի ներկայացնել մեր փորձը ու հաջողությունը, որ տեսնեն՝ Հայաստանում ինչ որակի խաղեր են ստեղծվում: Նաեւ հետաքրքիր էր, թե ինչ հարցեր կտան, ավելի շատ ինչին ուշադրություն կդարձնեն։ Ու իսկապես հետաքրքիր մեկնաբանություն արեցին, ասացին, որ խաղը կարող է ի վերջո հայտնվել Xbox ու Playstation պլատֆորմների վրա»:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը մեր հարցին, թե արդյոք այս հանդիպումները փորձի փոխանակման առումով օգտակա՞ր էին, պատասխանեց. «Նախ՝ մեր ոլորտը ունիվերսալ է, այսինքն` շատ կարեւոր չէ՝ հայկական, թուրքական, թե գերմանական է: Իհարկե, կան նաեւ առանձնահատկություններ: Երկրորդը՝ մենք մի տարածաշրջանում ենք գտնվում, եւ մեր հետաքրքրություններն ու առաջնահերթությունները կարող են համընկնել: Մի տարածաշրջանում լինելով՝ մենք ավելի շատ մրցակից ենք եւ պետք է մտածենք մեր մրցունակության մասին»:
Հավելյալ հարցին, թե արդյոք համադրելի՞ են այս առումով Հայաստանի եւ Թուրքիայի ռեսուրսները, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Իրականում մեր երկրները բավական տարբերվում են՝ առաջին հերթին շուկայի մեծությամբ: Իրենց ընկերություններն ավելի շատ կողմնորոշված են դեպի ներքին շուկա, եւ դա բնական է: Իրենց հնարավորություններն այս առումով շատ ավելի մեծ են: Բայց, իհարկե, հատկապես ենթակառուցվածքային առումով մենք բավականին ուսուցողական հանդիպումներ ունեցանք: Եվ ինձ թվում է, որ այն գործընթացները, որոնք այսօր սկսվում են Հայաստանում՝ ձեռներեցության զարգացման, սթարթափի խթանման առումով, դրանց իրականացման համար նմանատիպ փորձի հետ շփվելը մեզ համար շատ կարեւոր է: Եվ այն, ինչ տեսանք, կարող է օգտակար լինել»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ստամբուլ
Լուսանկարում` Արփինե Գրիգորյանը ներկայացնում է Shadowmatic գլուխկոտրուկը:
«Առավոտ» օրաթերթ
27.02.2015