Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշների պես մրցանակի համար «բոյ» չեմ տալիս «թուր ու թվանքով»

Փետրվար 28,2015 14:30

Արձակագիր Լեւոն Ջավախյանն ասում է, որ իր ստեղծագործություններն
ինքնուրույն են կյանքի իրավունք նվաճում

«Անդին» գրական հանդեսը փետրվարի 28-ին կներկայացնի գրականության ոլորտի 2013-2014 թվականների մրցանակակիրներին, որոնց թվում են Վահան Սաղաթելյանը («Արժանապատվության երեսն ու աստառը»), Լեւոն Ջավախյանը («Անանուն», «Վերնիսաժ»), Հրաչյա Սարուխանը (բանաստեղծություններ), Թադեւոս Խաչատրյանը («Հիշողությունը ջնջում է հետքերը»), Արամ Պաչյանը («Երեք պատմություն ընկերության մասին»), Վահագն Աթաբեկյանը («Արմեն Դավթյանի հետ Տիգրան Պասկեւիչյանի մասին ջահելավարի զրուցելիս»):

«Առավոտի» հետ զրույցում արձակագիր Լեւոն Ջավախյանը նշեց, որ հաճելի էր իմանալ, որ ինքը մրցանակակիրների թվում է, որովհետեւ մինչ այժմ, որեւէ «պաշտոնական» տեղից մրցանակ չի ստացել իր ապրած 65 տարիների ընթացքում:

«Ինչ-որ առումով վիրավորական է, որ անգամ, այսպես կոչված թշնամի երկրի՝ Ադրբեջանի կողմից է իմ գրականությունը գնահատվել (Լեւոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքը Բաքվի «Հանդուրժողականության կենտրոնի» կողմից մրցանակի է արժանացել՝ «Հարավային Կովկասում խաղաղություն եւ հանդուրժողականություն քարոզելու» անվանակարգում: -Գ.Հ.), բայց որքան էլ զարմանալի է՝ իմ հայրենիքում անգամ մի պատվոգրի չեմ արժանացել եւ առաջին անգամ է, որ պաշտոնական, ինչ-որ կերպ իմ գրական վաստակը գնահատվում է: Եվ դա անում է «Անդին» ամսագիրը, որ երկու տարվա կտրվածքով լավագույն արձակի համար մրցանակ է տալիս»,- ասում է գրողը:

Նրա համար սկզբունք է՝ իր գործերը որեւէ մրցանակաբաշխության չներկայացնելը, դա չի նշանակում, թե, ինչպես ինքն է ասում, հակում չունի ինչ-որ տեղ գնահատվելու, դրամական պարգեւի արժանանալու առումով. «Նախ չեմ վստահում այդ մրցանակաբաշխություններին, եւ երկրորդ, դրանք այնքա՜ն արատավորված են՝ էլ ծանոթ, էլ քծնանք, նույնիսկ վախի հարկադրանքով են որոշ գրողների մրցանակ տալիս: Բարեբախտաբար, ես այդ ամենից դուրս եմ, որեւէ գրական կազմակերպության մեջ չկամ, ինչ-որ առումով մարգինալ գրող եմ: Բայց կամենալի եւ ցանկանալի է, որ որեւէ հաստատություն, կազմակերպություն, ամսագիր կամ անհատ՝ առանց հայտ ներկայացնելու, արժեւորի քո գրվածքը: Այ, դա իսկապես մրցանակ է: Նաեւ շատ կուզենայի, որ պետական եւ նախագահի մրցանակները հանձնաժողովներով, լոբբինգով, բանով չտրվեին, այդ հանձնաժողովները ո՛չ միշտ են օբյեկտիվ: Ինչ վերաբերում է «Անդին» հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանին, ինչ ասեն-չասեն, գրականության մեջ նա նվիրյալ է, իրեն թույլ չի տա անշնորհք մարդու մրցանակ շնորհի, որովհետեւ երբ մրցանակ են տալիս, դա ոչ միայն մրցանակակրին պետք է պատիվ բերի, այլեւ մրցանակ տվողին»:

Մեր զրուցակիցը փաստում է. «Օրինակ, Գրողների միության ցանկացած մրցանակի մեջ խոսք ու զրույց կա, հաճախ մարդիկ զարմանում են՝ էս մարդուն ինչի՞ տվին, ո՞ր վաստակի համար: Անձամբ ես «խաղից դուրս» գրող եմ՝ ո՛չ գրողների կազմակերպությունում կամ, ո՛չ ուրիշ շրջանակներում, ինձ համար բերկրանք է, որ էդ ամենից դուրս գտնվելով, Վերնիսաժում օրվա վաստակով, արծաթ ծախելով՝ գրում եմ, ու գրականությունը իմ պորտալարից կտրված լինելով՝ ինքնուրույն արանքը ճղում է, իր տեղը գտնում, կյանքի իրավունք նվաճում: Շատ գրողներ լեգեոների, հռոմեական զինվորի նման կանգնած՝ թուր ու թվանքով, վահանով իրենց գրականության համար «բոյ» են տալիս, իրենք ապահովում են էդ գրականության ծնունդն էլ, մրցանակներն էլ, հաղթանակներն էլ… Իմ տեսակետը ուրիշ է, եթե իմ պատմվածքը, վեպը, վիպակը գրվել է, ինքը պետք է ինքնուրույն ապրի, նրան պահապան պետք չի, իմ ստեղծագործությունները ինքնուրույն են կյանքի իրավունք նվաճում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Լեւոն Ջավախյանը՝ Վերնիսաժում:

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728