Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոնիայի գործընթացի շարժառիթները միայն կրթական չեն

Փետրվար 28,2015 12:30

Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակը Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի ձեւավորումն է, որի անհրաժեշտությունը զգացվեց դեռեւս երկու տասնամյակ առաջ, իսկ ներկայումս դարձավ հրատապ: Սակայն միայն կրթական շարժառիթները չէին, որ առիթ հանդիսացան Բոլոնիայի գործընթացի մեկնարկին: Պատճառներն ավելի խորքային էին եւ մտահոգիչ՝ Եվրոպայի համար: Նախ, Եվրոպայում բուռն թափով զարգանում է աշխատուժի միասնական շուկան: Բարձրագույն կրթությամբ մասնագետները, ազատորեն տեղաշարժվելով Եվրամիության տարածքում, տարաբնույթ գնահատականների են արժանանում տարբեր երկրների գործատուների կողմից: Ուստի ներկայումս արդիական են համարվում Եվրոպայի տարածքում բուհերի շրջանավարտներին տրամադրվող դիպլոմների փոխճանաչումը եւ տարբեր երկրների կողմից կրթության որակի նկատմամբ փոխվստահության ձեւավորումը, որը հնարավոր է իրականացնել միասնական կրթական տարածաշրջանի ձեւավորմամբ:

Եվրամիության տարածքում շարժունակ են դարձել ոչ միայն բարձրագույն մասնագիտությամբ շրջանավարտները, այլեւ բուհերի ուսանողությունը եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Հետեւաբար, անհրաժեշտություն է դարձել նաեւ միասնական կրթական չափորոշիչներով տարբեր համալսարաններում եւ երկրներում միեւնույն մասնագետների պատրաստումը, որին էապես կարող է նպաստել Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի ձեւավորումը: Եվ վերջապես՝ օրակարգի հարց են դարձել նաեւ կրթական ծառայությունների ոլորտում Եվրոպայի գրավչությունն ու մրցունակությունը: Ներկայումս, կրթությունը համարվում է ոչ միայն մարդկային կապիտալի ձեւավորման հիմնական գործոն, այլեւ` գործարարություն: Այսպես, արտասահմանյան ուսանողների ներգրավմամբ ԱՄՆ-ը համարվում է առաջատար եւ կրթավճարների խոշոր ներհոսքեր է ապահովում հենց Եվրոպայից: Հետեւաբար, Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի ձեւավորումը ի զորու է լինելու մրցունակության առումով արդյունավետորեն արձագանքելու համաշխարհային մարտահրավերներին: Այսպիսով, Բոլոնիայի գործընթացի հիմնական շարժառիթները միայն Եվրոպական կրթական միասնական տարածքի ստեղծումը չէր, այն ենթադրում էր նաեւ քաղաքական եւ տնտեսական շահեր, որից հնարավորինս օգուտներ պետք է քաղի Հայաստանի Հանրապետությունը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728