Փետրվարի 27-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է հյուրերին «Իրաքյան ավիաուղիների»` Հայաստան կատարած առաջին թռիչքի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ավիացիայի ոլորտում համագործակցության հաջող փորձը հիմք կհանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական արդյունավետ փոխգործակցության համար:
Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումը` առևտրաշրջանառությունը զարգացնելու նպատակով:
Այդ համատեքստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իրաքցի գործարարներին հրավիրել է Հայաստան` ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) ցուցահանդեսին մասնակցելու, տեղում գործարար կապեր հաստատելու և հետագայում միասին աշխատելու նպատակով: Նա նաև մանրամասն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը և արտահանման տեսանկյունից նպաստավոր ուղղությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի միջոցով Իրաքի գործարար համայնքին փոխանցել Հայաստանի ներդրումային փաթեթը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն` ներդումային և գործարար միջավայրերի վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն