Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ Ժառանգությունը մարտի 1-ի զոհերի առջեւ կխոնարհվի հենց սահմանից
«Մի սուրբ մարդ ինձ զանգեց մի օր եւ ասաց, որ հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես՝ դու ունակ ես ցանկացած բռնության եւ այլանդակության»,-փետրվարի 27-ին Ազատության հրապարակում իր ասուլիս-հավաքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա այդ խոսքերն ուղղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Պետք է ամաչել հայ ժողովրդից: Պատրաստվեք այդ ամաչմանը»:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջիկա ծրագրերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ փետրվարի 28-ին եւ 29-ին ինքն եւ իր գործընկերները կայցելեն Վանաձոր եւ Չինարի, կհարգեն Կարեն Պետրոսյանի հիշատակը եւ կասեն՝ այլեւս երբեք զոհ չենք տալու. «Դուք գիտեք, որ մարտի 1-ին մենք Չինարիում պետք է լինենք, երբ եղել ենք Երեւանում, մենք միշտ ներկա ենք եղել եւ կոչ ենք անում բոլոր-բոլորին ներկա լինել մարտի 1-ի սգո եւ պահանջի հավաքին: Մենք եկել ենք ծաղիկով, խոնարհմամբ եւ նաեւ խոսք ասելու պատրաստակամությամբ, թեեւ այդ խոսքը մեզ չի հասել: Իսկ հիմա ասում ենք, որ վաղը եւ մյուս օրը մենք կլինենք Լոռիում եւ Տավուշում, մարտի 1-ի զոհերի առջեւ կխոնարհվենք հենց սահմանից՝ Չինարիից»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը հավելեց, որ երկուշաբթի՝ մարտի 2-ին ինքը կմեկնի Բրյուսել՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ ներկայացնելու համար, որին միացել են Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները. «Մի անգամ երկու պետությամբ, երկու եկեղեցով , երկու բանաձեւով չենք ներկայանալու, այլ ներկայանալու ենք միասնական՝ մեկ բանաձեւով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ