Սիրելի հայ երիտասարդներ,
Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում եք աշխարհի տարբեր երկրներում, մշակութային և լեզվական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խոսում են հայերեն, և դա հրաշալի է: Ցավոք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփյուռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խոսում կամ ամենևին չգիտի հայերեն. և դա տխուր իրողություն է, որովհետև լեզուն մեր ինքնության ամենակարևոր կռվանն է, ազգային գոյության հիմքը:
Սփյուռքահայ նշանավոր բանաստեղծ և ուսուցիչ Մուշեղ Իշխանը գրել է՝ «Հայոց լեզուն տունն է հայուն»: Իսկապես, մայրենին մեր տունն է, մեր հայրենիքը, մեր ինքնության հիմքը…
2015 թվականը կարևոր հանգրվան է հայ ժողովրդի համար: Նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ մեզանից յուրաքանչյուրն ուզում է իր ներդրումն ունենալ Հայ դատի համար մղվող պայքարում: Այս պայքարում երիտասարդների հիմնական գործը պետք է լինի մայրենին իմանալը, հայերեն սովորելը՝ ի խոնարհում 1,5 միլիոն նահատակների հիշատակի, հազարավոր անթաղ հայերի ոսկորների առջև:
Կարդացեք նաև
Ուրեմն՝ սիրելի պատանիներ և պարմանուհիներ,
Կոչ ենք անում ձեզ, որ ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնա բեկումնային՝ ձեր մայրենի լեզուն սովորելու առումով, նոր ավյունով և նոր եռանդով տրվեք հայերեն սովորելուն, է՛լ ավելին՝ հայերենը ձեզ համար դարձրեք միմյանց հետ շփվելու, միմյանց հետ հաղորդակցվելու հիմնական լեզուն: Թող դա՛ լինի ձեր հիմնական, իրական ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման, համայն հայության համախմբման և հզորացման սուրբ գործում:
Մեծ անգլիացի Բայրոնը բանաձևել է. «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Ուրեմն՝ իմացե՛ք, խոսե՛ք և հաջորդ սերունդներին փոխանցեք մեր աստվածային հայոց լեզուն:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ