«Ընդդիմությունն առաջին հերթին մեր ժողովուրդն է: Եվ եթե ասում ենք, որ ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, նախեւառաջ սա նշանակում է, որ ժողովուրդն է ճգնաժամի մեջ: Ժողովուրդը դեմ է այս ապօրինի կարգերին: Քանի դեռ մենք չենք կազմակերպվում, ուրեմն մենք ճգնաժամի մեջ ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք ՀՀԿ-ականների այն քննադատությունը, որ ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ է՝ այսպես պատասխանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ ընդդիմությունը միայն քաղաքական ուժերը չեն: Խնդիրը ամբողջ ժողովրդի կազմակերպման մեջ է. «Մի կողմից մի խումբ է ավազակների, հանցագործների, մյուս կողմում ժողովուրդն է: Այդ խումբը հարձակվել է ժողովրդի վրա, ժողովուրդը չի կարողանում պաշտպանվել, չի կարողանում պաշտպանել իր իրավունքները եւ նրանցից նաեւ ազատվել: Հետեւաբար ամբողջ ժողովուրդն է այսօր ճգնաժամի մեջ»:
Մեր հարցին՝ ժողովուրդն ի՞նչ անի, երբ ինչ-որ կոչերով հույս են արթնացնում, որ հիմա երկրում վիճակ է փոխվելու, իշխանափոխություն է լինում, որ աննախադեպ իրավիճակ է, այլ պատկեր է լինելու, բայց լինում է ինչպես միշտ՝ հիասթափություն՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք բոլորս պետք է ինքնակազմակերպվենք: Երբ պատերազմ է լինում, մարդիկ ո՞նց են կազմակերպված դիմադրություն ցույց տալիս: Սրա մասին է խոսքը: Այո, քաղաքական ուժերը մեծ դերակատարություն ունեն, բայց, այնուամենայնիվ, ամենամեծ դերակատարն այստեղ ժողովուրդն է, որը ինքը պետք է կազմակերպվի»:
Մեր հարցին՝ այսինքն, համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ լիդերներ մեզ պետք չեն, պետք են թիմեր՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Քաղաքական կազմակերպությունները, անհատները շատ կարեւոր են, բայց դրա հետ մեկտեղ օրակարգ ձեւավորողը ժողովուրդը պետք է լինի: Քաղաքական էլիտան չի կարող միայնակ որեւէ բան անել: Պետք է ազդակներ ստանա ժողովրդից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ