Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակի արտահանման ծավալները մոտ 30 տոկոսով նվազել են  

Փետրվար 27,2015 14:17

Եթե արտահանման ծավալների անկումը շարունակվի մինչեւ հունիս ամիս, ապա  գյուղացուց բերք գնելու ռեսուրսներ չեն լինի:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով գինեգործության ոլորտում տիրող իրավիճակին, նշեց, որ ներկայումս գինեգործությունը գտնվում է հերթական ճգնաժամի մեջ, եւ նման ճգնաժամեր եղել են 1998, 2008 թվականներին . «Այդ ժամանակների ռուբլու արժեզրկումը մեզ համար դաս չեղավ»:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2014 թվականը աստեղային ժամ էր օղու համար. «Ցավոք սրտի , հայերը արդեն երկրորդ տարին է՝ վերականգնում են իրենց կորցրած ավանդույթը, եւ սկսել են ավելի շատ օղի օգտագործել: Ընդ որում՝ ավելի շատ ներկրված օղի, քան տեղական»:

Ավագ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2014 թվականին Հայաստան է ներմուծվել ռեկորդային քանակի օղի՝ 9 միլիոն 250 հազար լիտր, նաեւ 700 հազար լիտր էլ սպիրտ է ներմուծվել:

2014 թվականը՝ 2013-ի համեմատ, գինու մասով շատ լավ էր, տեղեկացնում է բանախոսը. «Գինու արտահանման 49 տոկոս աճ է գրանցվել, ինչպես նաեւ եղել է արտադրության աճ: Բայց կոնյակի առումով արտահանումը 5 տոոսով նվազել է, հետեւաբար արտադրությունն էլ է նվազել»:

Կոնյակի արտադրության ծավալների անկումը միության նախագահը պայմանավորում է 2014 թվականի նոյեմբեր ամսից սկսած ռուսական ռուբլու արժեզրկմամբ. «2015 թվականի հունվարին լույս չենք տեսնում: Ըստ մեր ներքին աղբյուրների՝ հունվար ամսին մենք գործ ունենք կոնյակի արտահանման ծավալների մոտ 30 անկման հետ: Ռուսական շուկան ներմուծման համար վճարելու ռեսուրս չունի եւ դրանով պայմանավորված՝ ռուսական շուկան սկսել է հեղեղվել շատ ցածր արժեք ունեցող խմիչքներով»:

Հայաստանը արդեն հասել է այն շեմին, որ նորից սկսել է անհավասար մրցակցության մեջ լինել ռուսական եւ ադրբեջանական արտադրողի հետ, եւ նույնը սպառնում է վրացական շուկային, վստահեցնում է բանախոսը:

Գինեգործների միության նախագահի խոսքով՝ եթե արտահանման ծավալների անկումը շարունակվի մինչեւ հունիս ամիս, ապա շատ մեծ խնդրի առջեւ կկանգնեն. «Մենք գյուղացուց բերք գնելու ռեսուրսներ չենք ունենա»: Այս տարի, ըստ նախնական հաշվարկների, սպասվում է շատ լավ բերք. «Բայց այդ բերքի ֆոնին սպասվում է տխուր եւ մռայլ իրականություն՝ այն գնելու առումով»: Կառավարությունը պետք է մինչեւ մյուս տարվա դեկտեմբեր 100 միլիոն դոլար գումար ճարի, ըստ բանախոսի՝ սա այն կրիտիկական թիվն է, որը չի հերիքի բերք գնելու համար:

Ավագ Հարությունյանը վստահեցնում է, որ այս ամբողջը Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ որեւէ կապ չունի. «Մինչեւ ԵՏՄ անդամակցությունն էլ ռուսական շուկան եղել է դոմինանտ: Մոտ 7 տարի առաջ ռուսական շուկա արտահանում էինք մեր կոնյակի 90 տոկոսը, իսկ գինին՝ 80 տոկոս:Բացարձակ ծավալներով ռուսական շուկան առաջին տեղում է: Միայն 3 տոկոսն է բաժին ընկնում Եվրոպային, 1 տոկոսը ԱՄՆ-ին եւ երկու տոկոսը՝ Վրաստանին»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728