ԱԺ-ում Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցման հարց բարձրացվեց: Բայց դա արհամարհանքի արժանացավ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ Մարտի 1-ի ծնողների կողմից: Ո՞րն էր այդ վերաբերմունքի պատճառը:
Այսօր «Մեդիա կենտրոնում» Մարտի 1-ի թեմայով հրավիրած ասուլիսում այս հարցին զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, պատասխանեց. «Նախ, որպեսզի փոխհատուցեն՝ պիտի բացահայտեն: Հետո՝ մենք արյուն չենք վաճառում: Եթե ՀՀԿ-ին իրենց որդիների արյունները կվաճառեն, մենք չենք վաճառի: Մենք 7 տարի է՝ ծնողներով պայքարում ենք ազնվորեն: Ոչ մի անշնորհք բան չենք արել: Եթե կլինի օրինական ձեւով ամեն ինչը, նոր փոխհատուցումը կընդունենք»:
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ ասաց, որ Մարտի 1-ի գործը գտնվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում. «Եթե դատը շահենք, բնականաբար, կստանանք փոխհատուցում: Եթե չշահենք, չենք ստանա: Բայց փառք Աստծո, ես ՝ 64 տարեկան մարդ, ամո՛թ այս իշխանությանը, որ ես գնում եմ արտագնա աշխատանքի՝ հանուն նրա, որ իմ երկու թոռնիկներին մեծացնեմ: Այն ժամանակ փոքրս 40 օրական էր, մեծը՝ 2 տարի, 6 ամսական: Հիմա մեծս 10 տարեկան է, պուճուրս՝ 7 : Գնում եմ արտագնա աշխատանքի, լավ էլ աշխատում եմ, բերում եմ, իմ բալիկներին մեծացնում եմ: Ես իրանց մի կոպեկն էլ չեմ ուզում տեսնեմ: Չարիք է այդ փողն ինձ համար, ես չեմ ուզում: Փառք Աստծո, ես երիտասարդ պապիկ եմ, կաշխատեմ, իմ բալիկներին կպահեմ»:
Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ում դատը կշահեն, որովհետեւ փաստաբան Վահե Գրիգորյանը լավ մասնագետ է. «2008-ի մարտի 1-ին մենք չենք գրոհել ԱԺ-ի վրա, կառավարության շենքի վրա, նախագահի նստավայրի վրա: Մեր ձեռքին փաստաթուղթ կա, որ ոչ մի զինվոր, ոչ մի ոստիկան հրազենային վնասվածք չի ստացել, դա ասել է նաեւ Սամվել Նիկոյանը: Սա նշանակում է, որ ընդդիմության ձեռքը ոչ մի զենք չի եղել: Դա պլյուս է, ես հավատում եմ, որ Եվրոդատարանում իրոք դատը կշահենք, եթե այս իշխանությունը չգնա Եվրոդատարանում խանգարի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ