Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015 թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման ու ներդրումների ներգրավման տեսանկյունից և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցել այս ֆորումի կազմակերպմանը:
Հայաստանում անցկացվելիք ներդրումային համաժողովի նպատակն է՝ վերլուծել վերջին տարիներին միջազգային պատասխանատու ներդրումների ոլորտի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումները և քննարկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումային քաղաքականության հեռանկարները: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել Մշակութային դիվանագիտության ինստիտուտի հետ՝ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ