Լրահոս
Օրվա լրահոսը

Պահքը հոգևոր ինքնամաքրման նպատակ ունի

Փետրվար 27,2015 13:45

Այս տարի Մեծ պահքը սկսվեց փետրվարի 16-ից և կավարտվի ապրիլի 5-ին` Սուրբ Հարության տոնին: Քրիստոնյայի կյանքում պահքի կարևորության և նշանակության մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը:

 

-Վարդան սարկավագ, ո՞րն է ճշմարիտ պահեցողությունը:  

-Պահքը ոչ թե որոշ կերակրատեսակներից հրաժարման, այլ` սննդի չափավորման, հոգևոր ինքնամաքրման, կրքերի, ցանկությունների զսպման, արատավոր սովորությունները հաղթահարելու նպատակ ունի, որպեզի մարդը կարողանա մերձենալ Աստծուն, նորոգվի տարեց տարի: Եթե պահք ենք պահում` դժգոհելով, տրտնջալով, անհամբեր սպասելով, թե երբ պետք է ավարտվի այն, որպեսզի կրկին վերադառնանք մեր վատ սովորություններին, միանշանակ, պահքը մեզ համար օգտակար չի կարող լինել: Եթե ուզում ենք ճշմարտապես պահք պահել, պետք է քննենք մեր անձերը, տեսնենք`ինչն է մեզ խոչընդոտում Աստծո հետ հաղորդության մեջ մտնելու համար և փորձենք արմատախիլ անել այն:

Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթի մեջ ասում է. «ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստված նրան ընդունեց» (Հռոմ. 14.3): Այսինքն` Աստված ընդունում է և´ պահք պահողին, և´ չպահողին, եթե հարմոնիա կա այդ մարդու հոգում, եթե նա իր կյանքն անցկացնում է` հնազանդ աստվածային պատվիրաններին: Անգամ եթե մենք Աստվածաշունչ ենք կարդում, ամենապարտաճանաչ եկեղեցի այցելողն ենք, ամենախստաբարո պահք պահողներն ենք, բայց մեր մեջ սեր չկա, չկան քրիստոնեական գլխավոր առաքինությունները, զուր  է այդ ամենը:

-Սուրբ հայրերն ասում են` կերակուրը հաճելի է մարմնին, իսկ պահքը օգտաշահ է հոգուն. մեզ ի՞նչ կարող է տալ պահքը:

-Եթե մարդը ճշմարտապես է պահում պահքը, մոտենում է դրան անկեղծորեն և նվիրվածությամբ, պահքի վերջում` Հարության տոնի նախօրեին նա կզգա այն անասելի թեթևությունը, որ պարգևում է պահքը, կզգա իրեն մաքրված ու նոր, խանդավառ հոգով կդիմավորի հարուցյալ Տիրոջը:

Պահքի ամենակարևոր դասերից մեկը մարդուն իր ցանկություններից հրաժարվել սովորեցնելն է, կամքը կոփելը: Հենց Ծննդոցի առաջին գլուխներից տեսնում ենք, որ մարդու հիմնական խնդիրն իր ցանկություններին գերի դառնալն է: Քրիստոս անապատում 40 օր պահք պահեց, ոչինչ չկերավ և չխմեց. այսինքն` մարդկային մարմին առնելով, իբրև մարդ  ծնվելով` Աստված ինքն անցավ  դրա միջով և ցույց տվեց, որ յուրաքանչյուր ոք կարող է հաղթահարել իր ցանկությունները:

Եթե պահքի ժամանակ մեր կենցաղի` թեկուզ փոքր դրվագներում կարողանանք հրաժարվել ինչ-որ բանից կամ վատ սովորություններից, կարծում եմ, դա կդրսևորվի նաև ողջ կյանքում և մենք կկարողանանք առանձնացնել մեր առաջնահերթությունները, թե որն է իբրև քրիստոնյա կարևոր մեզ համար` երկնքի արքայությունը, թե՞ այս աշխարհն իր բոլոր հաճույքներով ու առաջարկներով: Ի վերջո, պահքի ժամանակ մեզանից ոչ մի գերմարդկային ճիգ չի պահանջվում, պարզապես հեռացնում ենք մեզանից այն, ինչը մերը չէ, հարիր չէ մարդ արարածի բնությանը:

-Պահքին ուղեկից են խոկումը, աղոթքը, ապաշխարությունը: Ի՞նչ կասեք սրանց մասին:

-Կյանքում միշտ չէ, որ քննում ենք ինքներս մեզ, ամեն պահի գիտակցում, թե ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ արժեքներով ենք ապրում: Խոկումը հենց ինքնակենտրոնացումն է, երբ մարդ քննում է իր անձը, բացահայտում իր ներքին խնդիրները, հոգեբանական բառով` իրեն հոգեվերլուծում է: Եվ աղոթքը ևս անգիր արված տեքստ չէ, այլ` զրույց Աստծո հետ քո ներսում, Աստծո, որ հեռավոր Աստված չէ, այլ` մերձավոր: Ինչպես նշում է գերմանացի աստվածաբան Մարտին Բուբերն իր «Ես և դու» երկում, մարդը շատ հաճախ կարծում է, որ Աստված ինչ-որ բարձրյալ, հեռավոր, իրեն չճանաչող, իրենով չհետաքրքրվող ինչ-որ մեկն է, որին պարզապես նա պետք է սիրաշահի մոմավառությամբ, ինչ-որ զոհաբերություններով կամ բարեգործություններ անելով: Բայց խնդիրը և´ պահքի ընթացքում, և´ առօրյայում Աստծո հետ անմիջական` «ես և դու» հարաբերության մեջ մտնելն է, երբ դու Աստծուն իրոք անվանում ես քո Հայրը, դիմում Նրան այնպես, ինչպես դիմում ենք մեր ծնողներին:

-Ձեր խորհուրդը, մաղթանքը պահեցողության մեջ գտնվողներին:

– Իմ խորհուրդն է, որ մարդիկ ամեն պարագային գեթ փորձեն պահք պահել, ունենան այդ փորձառությունը, թեկուզ կարճատև` շաբաթական կամ օրեկան, և ճաշակեն դրա իրական պտուղը` ուրախությունն ու հոգեկան խաղաղությունը: Ի վերջո, պահքը կարևոր է մեր հոգու առողջության համար: Միաժամանակ, ցանկալի է, որ մարդ պահեցողության մեջ մտնի հոգևորականի առաջնորդությամբ, նրա օգնությամբ որոշի իր «չափաբաժինը», թե ինչ խաչ կարող է տանել պահքի ընթացքում: Նաև չմոռանանք Քրիստոսի խոսքերը. «Երբ դու  ծոմ պահես, օծի´ր քո գլուխը և լվա´ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6.17-18): Պետք է քաշվենք մեր հոգու ներքին սենյակը, այնտեղ խորան կառուցենք Աստծո համար և աղոթենք Նրան:

Մաղթանքս նորոգված զգալու ապրումն ունենալն է: Պողոս Առաքյալի խոսքերով` հեռու վանենք հին մարդուն ու հագնենք նորին (Եփես. 22-24): Ի վերջո, մարդու մարմինը, արարքները, վարքն ու ցանկությունները պետք է հնազանդվեն  բանականությանը և հոգուն. միայն այսպես է հնարավոր հասնել կատարյալ խաղաղության ու ներդաշնակության:

 

Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728