Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն լքելու համար ում ինչպես են սպառնացել. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2015 12:27

Փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին։ Եւ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը։ «Ժողովուրդ»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե որ պատգամավորներն ինչ սպառնալիքների արդյունքում լքեցին կուսակցությունը. հիմնականում գործել է ուժային ահաբեկչության մեթոդը։

Հանուն պարտքերի

Առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր։ Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել էր, թե «անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին՝ հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը»։ Սակայն իրականում շան գլուխը մեկ այլ տեղ է թաղված, եւ պատգամավորը ստիպված է եղել դուրս գալ խմբակցությունից միանգամայն այլ պատճառներով։

Բանն այն է, որ Արագած Ախոյանն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր պատճառներով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Եվ այսպես, արդեն երկար ժամանակ է, ինչ նախկին ԲՀԿ-ականն ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ լուրջ տարաձայնություններ ունի։ Հարաբերություններն այնքան են սրվել, որ Արագած Ախոյանի ընտանիքը դատական հայցեր է ներկայացրել Կապրիելյանի դեմ։ Հիշեցնենք, որ Արագած Ախոյանի ու Հրաչ Կապրիելյանի հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել էր իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։

Ու մինչ պատգամավորն իր բաժնեմասերի հետ կապված դատական նիստերին էր հետեւում, 2013թ. դեկտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը հայց ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արագած Ախոյանի դեմ՝ պահանջելով նրանից, հօգուտ վարչական շրջանի, գանձել 436 հազար 476 դրամ։

Ու, ընդհանրապես, արդեն երկար ժամանակ է, ինչ պատգամավորը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Վերջինս մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար է պարտք, սակայն ընկերությունները դեռևս լռում են եւ սպասում են, որ պատգամավորը կարգավորի իր ֆինանսական վիճակը։ Սա էլ դեռ քիչ էր, ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19– ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու այդպես էլ հայտնի չդարձավ թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները կամ, առհասարակ, ինչ պատմության մեջ էր հայտնվել պատգամավորի որդին, որից փորձել էին այս կերպ վրեժխնդիր լինել։

Այս բոլոր իրողությունները գեղեցիկ փաթեթով ինչ-ինչ շրջանակների կողմից մատուցվել է պատգամավոր Ախոյանին՝ զգուշացնելով, որ ցանկացած անզգույշ քայլ կբերի անցանկալի հետեւանքների։

Հանուն որդու

ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը, որն առավել հայտնի է «Շշի Մելո» մականվամբ, ԲՀԿ խմբակցությունից հրաժարվել է հանուն իր որդու։ «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր պատգամավորի՝ Մելիք Մանուկյանի աղմկալի քրեական գործին եւ դատավարությանը։ Բանն այն, որ պատգամավորի եղբոր որդին վիճաբանել էր ոստիկան Համազասպ Լալայանի հետ՝ կռվազենքով հարվածներ հասցնելով նրա կնոջ դեմքին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս պատմության մեջ էր եղել նաեւ պատգամավորի որդին, սակայն վերջինս ջրից չոր դուրս եկավ եւ դատարանի առաջ կանգնեց եղբոր որդին։ Ու եթե Մելիք Մանուկյանը մնար ԲՀԿ նախագահի կողքին, նրա որդին շատ արագ կհայտնվեր ճաղերի հետեւում։ Բայց քանի որ Մանուկյանը նաեւ մտերիմ հարաբերություններ ունի Ծառուկյանի խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի հետ, ուստի որոշեց ո՛չ որդուն զոհաբերել, ո՛չ էլ ընկերությունը։ Նա պատգամավորի ԱԺ մանդատից հրաժարվելու դիմում գրեց։

Փեսես, որդիս ու ես

Վերնիսաժի հայտնի գործը դեռ շատերը կհիշեն, եւ զարմանալի էլ չէ, թե ինչու, օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, առաջիններից մեկն էր, որ լքեց ԲՀԿ-ն։ 2014 մայիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների հեղինակը պատգամավորի փեսան էր՝ Գոռ Առաքելյանը։ Բացի այդ՝ պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը, 2013 թվականի մարտի 4-ին հայտնվել էր աղմկալի պատմության մեջ։ Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենայի ուղեկցությամբ խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները։ Դրանից բացի՝ մի քրեական գործ էլ կար Կարապետյանի որդու նկատմամբ, որը, կարծես թե, մոռացության է մատնվել հենց այս իրավիճակների համար։ Դրա համար էլ Կարո Կարապետյանն ամեն առիթով հայտարարել է, թե՝ եթե մի բան լինի, դուրս եմ գալու, իմ տերն ով ա։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728