Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը». «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2015 11:43

Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստանի» շուրջ ծավալվող իրադարձությունները շատերին հատկապես սոցցանցային քննարկումներում հիշեցնում են 2006–08թթ. ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ մեզ հետ զրույցում համեմատել է տեղի ունեցողն ու ունեցածը։

– Տիկին   Բիշարյան,  ԲՀԿ-ի շուրջ ծավալվող այս գործընթացը նմանեցվում է ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցածին, դուք նմանություններ տեսնո՞ւմ եք, թե ոչ, եթե այո, որո՞նք են այդ նմանությունները, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

– 2006-ին, երբ ՕԵԿ-ը կոալիցիայի մաս էր եւ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր, մենք խոսում էինք տարբեր խնդիրներից ու թերություններից, այս ամբիոնից պարոն Բաղդասարյանը հաճախ էր խոսում անարդար մոտեցումներից, պետության ունեցվածքը ջրի գնով վաճառելուց։ Այդ ձեռագիրը դուր չեկավ իշխանություններին, եղավ տարաձայնություն   գործող   երկրորդ նախագահի հետ, եւ մեր քաղաքական թիմը որոշեց հրաժարական տալ ու գնալ մեր ճանապարհով։ Սա է եղել պատճառը, որ մենք  հրաժարական  ենք  տվել։ Մենք ընդդիմադիր դաշտում նույնպես շատ լավ աշխատեցինք, պայքարեցինք, եւ այդ տեսանկյունից եթե համեմատելու լինենք, այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, գուցեեւ որպես քաղաքական, այսպես ասած, ալիք, փոթորիկ եթե համարենք, նման է, բայց մենք ինքներս ենք հրաժարական տվել, մենք ինքներս ենք դուրս եկել կոալիցիայի կազմից եւ չենք դավաճանել մեր սկզբունքներին։ Այս դեպքում ուրիշ է, բացարձակ համեմատելու չէ, որովհետեւ այստեղ ստացվեց, որ եղավ կոնկրետ գնահատական երկրի նախագահի կողմից, եղավ այդ գնահատականներին փոխադարձ գնահատական, արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Սրանք տարբեր բաներ են։ ՕԵԿ-ն էլ, այո, ուներ բիզնես թեւ, որը մեզանից հեռացավ եւ մենք քաղաքական-գաղափարական թեւով շարունակեցինք մեր պայքարը։

Այս տեսանկյունից մեզ քաղաքական փոթորիկները կպչում են, թեթեւակի ալիքների մեջ ենք ընկնում, բայց դուրս ենք գալիս, որովհետեւ ունենք հեռատես քաղաքական գործիչ- ղեկավար։

– Այսինքն՝ դուք կարծում եք, որ այս փոթորիկը ԲՀԿ-ին լիովին կործանե՞ց։

– Ես այդպիսի բան. չասացի, ես ասացի, որ տեղի ունեցավ այդ քաղաքական փոթորիկը, որի արդյունքում դեռեւս պարզ չէ, թե ինչ է լինելու, գործընթացը շարունակվում է, ԲՀԿ-ի որոշումն ու հայտարարությունները  չենք  լսել։   Սպասենք, տեսնենք, թե ԲՀԿ-ն ինչ կորոշի։ Ինչ էլ որոշի, մենք հարգելու ենք այդ որոշումը, եւ պետք է ասեմ, որ քաղաքական դաշտում անընդունելի են արհեստական ծնունդները եւ արհեստական մահերը։

– ՕԵԿ-ի անցած երկրորդ փուլն էլ է որոշակիորեն նմանեցվում ԲՀԿ-ի հետ, 2008-ի շրջանը, երբ ՕԵԿ-ը հիասթափեցրեց   ընտրազանգվածին, Արթուր Բաղդասարյանը որպես ընդդիմություն մասնակցեց ընտրություններին,   հետո Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ձեւավորեց։ Հիմա էլ ԲՀԿ-ն էր ոտքի հանել ժողովրդին, ասում էր՝ գնալու ենք մինչեւ վերջ, մեր խոսքը գործ է, բայց հետ կանգնեցին։ Այս փուլերի մեջ նմանություններ չե՞ք տեսնում։

– Իհարկե՝ ոչ։ Բացարձակ համեմատության եզրեր չկան։ Մենք անցանք ընտրություններ, ավարտեցինք ընտրությունները, հետո որոշում կայացրեցինք։ ԲՀԿ-ն դեռ ճանապարհին էր։ Դեռ ընտրություններին կար 2 տարի, դեռ պետք էր անցնել այդ ճանապարհը։ Այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանն ասում էր, որ արյուն է թափվում եւ եթե մենք փորձենք այդ կրակի վրա յուղ լցնել, զոհերը շատ են լինելու, արյունը շատ է թափվելու, շատերը մեզ չէին հասկանում։ Հիմա, երբ չկա հետընտրական եւ նախընտրական  շրջան, պարզապես քաղաքական  ուժը  խաղաղ միտինգ է հրավիրում եւ բոլորը գոռում են, որ արյուն է թափվելու, հետ կանգնեք, մեզ համար անհասկանալի է։ Այդ պահին ետ կանգնել եւ ընդհանրապես ետ կանգնել՝ սա համեմատել չենք կարող ՕԵԿ-ի արդեն  իսկ     ընտրությունների

ավարտից հետո կայացրած որոշման հետ։ Տարբեր բաներ են, խաղաղ միտինգը նախապես վարկաբեկել, ասել, որ արյուն կթափվի, ժողովրդին վախեցնել, քաղաքական ուժերի նկատմամբ վարվել այնպես, ինչպես վարվում են՝ մեզ համար անընդունելի է։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728