Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյանի կոչը քաղաքացիական անհնազանդության քայլերն սկսելու մասին

Փետրվար 27,2015 11:19

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով:

Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին:
Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից:

Որպես առաջին գործողություն՝ կոչ ենք անում չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից:

Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը:

Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների:
Միևնույն ժամանակ հորդորում ենք մեր խոսքը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տուգանքի վճարումը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ դիմումի ձևը կարող եք գտնել այս հղումով, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ( ք․ Երևան, Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, ժամը 10:30-18:00, բացի կիրակի օրերից):

Կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք անհնազանդության ուրիշ քայլերի մասին:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728