Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանական» միֆեր

Փետրվար 27,2015 12:00

ԲՀԿ-ականները կմասնակցե՞ն մարտի 1-ի հանրահավաքին

Բոլորի համար էր հասկանալի, որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինելու ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո սթափվելու համար: Փետրվարի 20-ին ծրագրված հանրահավաքը չկայացավ, այժմ նույնիսկ հայտնի չէ, թե ԲՀԿ-ականներն, օրինակ, կմասնակցե՞ն մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին:

ԲՀԿ-ի գործընկեր ՀԱԿ-ից մի քանի օր է՝ բացատրում են հանրությանը, որ Սերժ Սարգսյանը գտավ իրավիճակը հանգուցալուծելու ձեւը՝ «առաջատար ուժերից մեկին գլխատեց», «ահաբեկչական գրոհի» ենթարկեց: «Եռյակը որոշել էր փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու օրակարգով, եւ, բնականաբար, սա մեծ տոնախմբություն էր առաջացրել մեր ժողովրդի մեջ, որովհետեւ, իսկապես, արթնացրել էր հույս, որ ի վերջո կարող ենք այս իշխանություններից ազատվել։ Եվ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այս ստեղծված վիճակում ինքը ոչինչ չունի անելու, այսինքն՝ եթե հավաքվի ժողովուրդը, իսկ ժողովուրդը լցնելու էր Ազատության հրապարակը, հարակից բոլոր փողոցները, եւ պարզ էր դառնալու, որ Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է հեռանար, կա՛մ ինչ-որ քաղաքական մի լուծում առաջարկեր։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ գետինը փախչում է իր ոտքերի տակից, եւ գտավ իրավիճակը հանգուցալուծելու այս տարբերակը»,- նշել է օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը ՀԱԿ-ը «ստուգատես հանրահավաք» է համարում:

2011-ին «քաղաքագիտական վերլուծության» ի հայտ գալուց հետո գտնվեցին քաղաքական գործիչներ, ովքեր դեմ արտահայտվեցին ԲՀԿ-ի հետ համագործակցությանը եւ լքեցին Կոնգրեսը: Նրանք բերում էին հիմնավորումներ, թե ինչու Ծառուկյանը չի կարող հակադրվել գործող իշխանությանը, ոչ թե ինքնանպատակ էին համարում Գագիկ Ծառուկյանին պարզապես քննադատելը կամ նրա ազնիվ մղումները կասկածի տակ դնելը:
Իսկ հիմա Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ում մնացած «ռեժիմին» հակադրվողները կարող են մարտի 1-ին ապացուցել, որ ժողովրդի թիկունքին կանգնած են, եւ «նրանց խոսքը գործ» է` գնալով Ազատության հրապարակ: Գագիկ Ծառուկյանը կգնա՞ այդ քայլին մարտի 1-ին, կհայտարարի՞, որ իրեն ոչինչ պետք չէ, եւ նա պատրաստ է կրել զրկանքներ, բայց ժողովրդի վստահությունը չի կորցնելու ոչ մի դեպքում… Նման քայլն, իհարկե, այսօր ֆանտաստիկայի ժանրից է թվում:

Ինչո՞ւ: Հենց այն պարզ պատճառով, որ «ռեժիմի» հետ եւ թույլտվությամբ Հայաստանում կարողություններ ստեղծած գործիչը քաղաքական խնդիրներ լուծելու եւ առավել եւս իշխանության գլխին «սուր ճոճելու» հնարավորություն չի կարող ունենալ, որովհետեւ նա խոցելի է, վերահսկելի: Դրանով էին իրենց դիրքորոշումը, կարծես, հիմնավորում «քաղաքագիտության վերլուծության» հաջողությանը չհավատացողները, եւ այսօր արդեն ակնհայտ է, որ հենց այդ գործիչներն էին ճիշտ իրենց դիրքորոշմամբ:

Կամ ԲՀԿ-ամետ կայքերի հարցն է այսօր լայնորեն քննարկվում համացանցում, ներկայացվում է որպես «ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների», «այլակարծության» դեմ գործած ոտնձգություն եւ այլն: Բայց նշյալ կայքերը 2011-ից միակողմանիորեն «թույն են թափել» «քաղաքագիտական վերլուծության» հետ չհամաձայնվող քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նույնիսկ խմբագիրների նկատմամբ, նրանց «Բաղրամյան 26-ի կամակատարներ», «դհոլներ» կոչելով, եւ որեւէ մեկը չի ասել՝ իսկ ի՞նչ կապ ունեն նրանք ժողովրդավարության ու այլակարծության հետ… Դա այլակարծություն էր միայն այն պատճառով, որ հայհոյախառն հոդվածնե՞ր էին համարձակվում հրապարակել: Եթե դա իսկապես գաղափարական ընդդիմություն էր գործող իշխանությանը` թող այսօր եւս շարունակեն իրենց, մեղմ ասած` բավական սուր քննադատությունը իշխանության հասցեին:

Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ ու հստակ է եղել մեր իրականությունում. քանի դեռ Գագիկ Ծառուկյանի գործոնը կար, նա աջակցում էր իր կարողություններով «համաժողովրդական շարժմանը»` մեկ կենտրոնից, նույն լեքսիկոնով, նույն շեշտադրումներով քննադատության սլաքներն ուղղվում էին հերթով բոլոր` «գծի» դեմ հանդես եկողների ուղղությամբ «համակիր» կայքերի միջոցով: Իմիջիայլոց, այսօր նույնը գործելաոճը ՀԱԿ-ի համակիրները շարունակում են ՀԱԿ-ին քննադատողների նկատմամբ:

Թվում էր, թե միակ «անսխալական», միակ «ճշգրիտ» եւ միակ «անքննելի» դիրքորոշման գովազդման ժամանակներն անցել են, քանի որ ժամանակ առ ժամանակ ապացուցվում է դրանց սխալ լինելը, բայց առայժմ այդ ամենից, կարծես, դաս քաղողներ չեն գտնվում:
«Ոչ իշխանություն», «քաղաքական այլընտրանք»` սրանք միֆեր են այսօր մեր քաղաքական իրականությունում, եւ նման միֆերով հասարակությանը կերակրողներն, իսկապես, քաղաքական դաշտում անելիք չունեն: Վաղ թե ուշ նրանք իրենց տեղը կզիջեն աշխարհընկալմամբ իշխանություններից տարբերվողներին` իրական ընդդիմադիրներին: Ժամանակի հարց է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Կարծում եմ սխալներից մեկը այն է որ «աովետական Հայաստանից » հնարավոր չեր լինի անցնել «բուրժուա դեմոկրատական» Հայաստանի , ինչես հայագետ պարոն Հարությունյանը ճշմատացիորեն նշել էր, Ծառուկյանը հարուստ չէ այլ փող ունի…բուրժու գողությամբ չեն դառնում այլ տնտեասական նորամուծույուն են կատարում…կամ «սմարթֆոն» են ստեղծում…ինչքան Հայաստանի իշխանավորներն են Կառավարողներ ենքան էլ Հայաստանի փողատերներն են «բուրժուա»…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728