Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տուրքը` 5000 դրամ

Փետրվար 27,2015 10:26

«Դինգո թիմ»-ի կողմից բարձրացված թափառող կենդանիներին առնչվող հարցերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետի համաձայն՝Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետևյալ տեսակները` համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:

Ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու՝ 23.12.2014 թվականի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015 թվականի տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է 5000 դրամ:

Իսկ Երևան քաղաքի ավագանու՝ 24.10.2011 թվականի թիվ 312-Ն որոշմամբ հաստատվել են Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները, որոնց 31-րդ կետի համաձայն՝ արգելվում է կենդանուն գրգռել մարդկանց և կենդանիների վրա, կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, ցավեցվել, վնասվել կամ սպանվել:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Նույն օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի (…) 113-րդ (…) հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ըստ այդմ,  համապատասխան տեղական տուրքի գումարը գանձվում է Երևան համայնքի բյուջե և ուղղվում է բյուջեով սահմանված ծախսերի վրա:

Կապված ընտանի կենդանիների զբոսանքի տանելու տեղերի հետ՝ պետք է նշել, որ Երևան քաղաքի ավագանու՝ 24.10.2011 թվականի թիվ 312-Ն որոշմամբ հաստատված կանոնների 31-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվել է, որ արգելվում է շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում: Ըստ այդմ, մնացած տարածքներում թույլատրվում է շներին զբոսանքի տանելը:

Վերնիսաժի՝ որպես կենդանիների շուկա համարվելու հետ կապված, պետք է նշել, որ ներկայում Երևան քաղաքում չկան կենդանիների շուկաներ, որոնք, սակայն, առաջիկա տարիներին նախատեսվում են կազմակերպել:

Կապված շների կռիվների մասին քաղաքապետարան կամ այլ մարմինների դիմելու հետ՝ ինչպես արդեն, նշվել է, նման արարքի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն, և այդպիսի գործերի քննության իրավասությունը պատկանում է Երևանի քաղաքապետին:

Կապված կենդանիների թաղման նպատակով Երևան քաղաքում առանձնացված վայրերի հետ՝ հատկանշական է, որ վնասազերծված թափառող կենդանիների թաղումը կատարվում է Երևանի քաղաքապետի՝ 08.09.2008 թվականի թիվ 4014-Ա որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի տարածքում առանձնացված 5.000 քմ մակերեսով հողամասում (կենդանիների գերեզմանոց):

Ինչ վերաբերում է կենդանու տիրոջ կողմից կենդանուն փողոց բաց թողնելու մասին Երևանի քաղաքապետարանի իրազեկմանը, ապա այն, որպես կանոն, իրականացվում է քաղաքացիների և/կամ հասարակական կազմակերպությունների կողմից:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728