Փետրվարի 27-ից մամուլի կրպակներում կարելի է գտնել գրական նոր ամսաթերթ, որ կոչվում է «Այլ քաղաք»: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարբերականի խմբագիր Վահե Ղուկասյանը, այն, ի տարբերություն գոյություն ունեցող մյուս գրական ամսաթերթերի, ունի ժանրային հստակ ուղղվածություն՝ ներկայումս միակ ֆանտաստիկայի ժանրի պարբերականն է: «Այլ քաղաքը» դեռեւս չունի առնցանց տարբերակ, բայց նրա մասին տեղեկություններ եւ թերթի որոշ նյութեր ամսվա ընթացքում կարելի է գտնել ֆեյսբուքյան էջում:
Վահե Ղուկասյանը պատմում է, որ ընկերոջ՝ Ֆրունզ Հարությունյանի հետ միասին են հղացել ֆանտաստիկայի ժանրում ամսաթերթ ունենալու գաղափարը: Ֆրունզը մասնագիտությամբ գինեգործ է, Վահեն՝ արեւելագետ , բայց երկուսն էլ ֆանտաստիկայի հանդեպ մեծ հակում ունեն, ինչն էլ իրենց միավորել է: «Ֆրունզը ֆանտաստիկայի ժանրի գիտակներից է, իսկ ես համեստորեն ասեմ, որ հեղինակ եմ այդ ժանրի բլոգի: Մենք մինչ այժմ կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ, ընդհուպ ֆանտաստիկայի մրցույթ, հետո հասկացանք, որ հաջորդ քայլը ֆանտաստիկայի շուրջ նոր մարդկանց ներգրավվելու համար՝ համապատասխան թերթ ունենալն է, ինչը առիթ կհանդիսանա, որ միջոցառումների ժամանակ ֆանտաստիկայով հետաքրքրվողները միմյանց հետ շփվեն»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Նրա ձեւակերպմամբ, «Այլ քաղաքի» առաքելությունն է՝ լինել յուրատեսակ հարթակ տեղական ֆանտաստ գրողների եւ ֆանտաստիկայի ժանրի սիրահարների համար, որտեղ կարող են սկսնակ կամ երիտասարդ ֆանտաստները հրատարակվել, իսկ ֆանտաստիկայի սիրահարները՝ հայերեն կարդալ հայտնի հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները:
Հետաքրքրվեցինք՝ մինչ թերթ հրապարակելը՝ պարզե՞լ են, կա՞ համապատասխան լսարան: «Գրքասերների շրջանում անցկացրած մեր դիտարկումները ցույց տվեցին, որ բավականին շատ են ֆանտաստիկայի սիրահարները, այլ խնդիր է, թե ինչ է իրենց առաջարկվում հայերեն, իսկ հայերեն գրականության պահանջարկն օր օրի գնալով աճում է: Կարճ ասած՝ ուզում ենք ֆանտաստիկայի ոլորտում հայտ ներկայացնել: «Այլ քաղաք» ամսաթերթը դրա արտահայտությունն է»,-նշեց Վահե Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Այլ քաղաքի» ֆեյսբուքյան էջից