Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում խնդիրը քննարկում են ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Արամ Աբրահամյան.– Մենք այսօր որոշել ենք կտրվել հայտնի քաղաքական թեմաներից եւ չքննարկել, թե ով է ավելի լավը՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, եւ խոսել ավելի ռազմավարական խնդիրների մասին: Ի դեպ, ռազմավարության մասին: Ես կարդում եմ մի գիրք, որի հեղինակն է Արման Նավասարդյանը, նա նախկին փոխարտգործնախարար է, գիրքը կոչվում է «Դիվանագիտություն»: Հատուկ մի գլուխ ունի լեզվի մասին. նա բողոքում է, որ արտգործնախարարությունում կային աշխատակիցներ, որոնք չէին տիրապետում ոչ թե անգլերենին կամ ռուսերենին, այլ մեր պետական լեզվին: Նա նաեւ նշում է, որ որոշ տերմինների թարգմանությունները անհարկի են, եւ բերում է հետեւյալ օրինակները՝ ստրատեգիան ռազմավարություն չի, տակտիկան մարտավարություն չի, պրոցեսը գործընթաց չի, օբյեկտիվը առարկայական չի, սուբյեկտիվը ենթակայական չի եւ այլն: Համաձա՞յն եք, թե՞ ոչ:
Սերժ Սրապիոնյան.– Ես, իհարկե, Արման Նավասարդյանի մասին բարձր կարծիքի եմ՝ իբրեւ եւ դիվանագետի, եւ ուղղակի հայ մարդու: Նրա գիտելիքների վրա կասկածելու ոչ մի իրավունք չունեմ՝ ոչ բարոյական, ոչ մասնագիտական, բայց լեզուներում սովորաբար եզրերը միշտ չէ, որ կոնկրետ պետք է փոխարինեն միմյանց. եթե մեր լեզվում առարկայականը ընկալվում է այսօր որպես օբյեկտիվ, եթե հիշողությունս չի դավաճանում, դա դեռեւս խորհրդային տարիներին գործող լեզվի պետական կոմիտեն էր ընդունել եւ տարածել իբրեւ տերմին, կարծում եմ՝ մեր ընկալումներում եթե օբյեկտիվը նույնացել է առարկայականի հետ, սուբյեկտիվը՝ ոչ ենթակայականի հետ, ռազմավարությունը՝ ստրատեգիայի հետ, մենք այդպես էլ ընկալում ենք: Այսինքն՝ եթե ես ընկալում եմ ռազմավարությունը իբրեւ ստրատեգիա, այստեղ վիճելու խնդիր չկա:
Ա. Ա.- Դուք ասելով ի՞նչ նկատի ունեք, քանի՞ հոգի՝ 100 հոգի, 1000 հոգի, թե՞ 2 միլիոն:
Կարդացեք նաև
Ս. Ս.- Ես կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այսօր հաղորդակցվում են հայոց լեզվով, միանշանակ այդպես էլ ընկալում են, որովհետեւ դա դպրոցներում էլ է արդեն մտել, ու մենք դպրոցներից ենք այդպես սովորեցնում մեր աշակերտներին, մեր ուսանողներին եւ այլն: Դիվանագիտորեն կարող է եւ դա կոնկրետ նույն իմաստը չէ, բայց առօրյա խոսակցական, ինչու չէ՝ նաեւ մեր գրավոր խոսքում դա ընկալվում է ճիշտ այնպես, ինչպես ներկայացված է, եւ ես կարծում եմ, որ ունենք շատ ավելի հրատապ խնդիրներ, քան այն տերմինները, որոնք այսօր մտել են շրջանառության մեջ եւ ընկալվում են:
Ա. Ա.– «Իմ սուբյեկտիվ կարծիքով»-ի փոխարեն ես պետք է ասեմ՝ «իմ ենթակայակա՞ն կարծիքով»:
Վիկտոր Կատվալյան.- Ես, իհարկե, մասամբ եմ համաձայն, ես էլ ուզում եմ գնահատել պարոն Նավասարդյանի աշխատանքը, եւ հաճելի է, որ իր աշխատանքում նա անդրադարձել է նաեւ լեզվական խնդրին: Ինչ վերաբերում է տերմինների ստեղծմանը, ինչ խոսք, ճիշտ է պարոն Սրապիոնյանը, երբ նշում է, որ տերմինը պարտադիր չէ, որ իր բաղադրիչների իմաստով ճշգրիտ համապատասխանության մեջ լինի տվյալ իրողություն հետ: Բայց դեպքեր էլ կան, երբ տերմինի կազմության մեջ մտած բառերը այնքան որոշակի իմաստ ունեն, որ մի տեսակ թվում է՝ ճիշտ չեն ներկայացնում իրողությունը: Օրինակ՝ ռազմավարություն բառը ինձ երբեք դուր չի եկել, ես ստրատեգիայի մեջ երբեք ռազմի տարրեր չեմ նկատել, եւ այդպես ստեղծվում են բազմաթիվ անհաջող տերմիններ, որոնք, ճիշտ է, մտնում են շրջանառության մեջ, ընդունվում են, գործածվում են, բայց, միեւնույն է, այդ տերմինները ամեն անգամ ականջ են սղոցում:
Իհարկե, լեզվում կարելի է շատ բան չթարգմանել, օրինակ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բառերը, ես կարծում եմ, բոլորովին էլ թարգմանության կարիք չեն զգում: Կան միջազգային տերմիններ, որոնք մտնում են լեզվի մեջ եւ շատ լավ արտահայտում են իրենց իմաստները, մանավանդ, եթե չեն հակասում հայերենի հնչյունական օրենքներին եւ բառիմաստներին: Օրինակ՝ հումանիտար բառը՝ մարդասիրական, շատ անհաջող է՝ իմ կարծիքով այդ թարգմանությունը. երբ լսում ես՝ մարդասիրական աղետ, չես հասկանում՝ ինչ է նշանակում, այսինքն՝ աղետ է մարդկանց սիրելու բնագավառում:
Քննարկումն` ամբողջությամբ
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2015